Շատ մարդ, շատ քանակ

01/03/2011

«Անարյուն հեղափոխության միակ ճանապարհը` շատ մարդ, շատ քանակ: Երբ հզոր է շարժումը, երբ համաժողովրդական է, ոչ մեկի համարձակությունը, կարծում եմ, չի հերիքի դուրս գալ այդ հոսանքի դեմ»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ նրա, այդ դեպքում գործում է «Ձայն բազմաց, ձայն Աստծո» կանոնը: «Այդ հզոր հոսքին, այդ ժողովրդին ընդդիմադիր լինելը շատ դժվար է: Առնվազն պետք է լինել Կադաֆի կամ խելառ, բայց այդ խելառության շանսը նրանք (իշխանությունները.- խմբ.) մի անգամ անցել են, չեմ կարծում` երկրորդ անգամ այդ շանսն ունենան»,- ասել է նա: Ընդդիմության գործողությունների փոխհամաձայնեցման անհրաժեշտության մասին «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանի գաղափարին ի պատասխան՝ Ա. Մանուկյանն ասել է. «Թող ժողովուրդը որոշի, թող ժողովուրդը թելադրի քաղաքական կուսակցությունների, քաղաքական լիդերների գործողությունների հետագան: Եթե ժողովուրդը զանգվածաբար գալիս-կանգնում է Մատենադարանում կամ այլուր եւ իր ըմբոստությունն է արտահայտում համաժողովրդական ձեւով, յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտավոր է դրանից եզրակացություն անել եւ գնալ-կանգնել ժողովրդի կողքին: Հարթակը, տվյալ դեպքում՝ Մատենադարանը ու միկրոֆոնը, սեփականաշնորհված չեն: Ես չեմ ասում` գան Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքը կանգնեն, թող գան ժողովրդի կողքը կանգնեն, որ ժողովուրդը տեսնի, որ «Ժառանգությունը», Արմեն Մարտիրոսյանը կանգնած են, ինչպես կանգնած էին մարտի 1-ին: Կոչս բոլոր քաղաքական ուժերին սա է` կանգնեք ժողովրդի կողքը, եթե չեք ցանկանում կանգնել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքը»: