ԶԱԳՍ-ը փակ է եղել

01/03/2011

Երեկ հերթական զավեշտալի դեպքն է արձանագրվել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի աշխատանքում: Առավոտյան ժամը 9։00-9։30-ի սահմաններում նա այցելել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) տարածքային բաժին, ինչի արդյունքում պարզվել է, որ մուտքի դուռը փակ է, աշխատակիցներից որեւէ մեկը չի ներկայացել աշխատանքի, չնայած բաժնի մուտքի մոտ փակցված է եղել, որ աշխատանքները սկսվում են ժամը 9։00-ին: Այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը` ավելացնելով, որ ՀՀ քաղաքացիական կացության մասին օրենքի 78-րդ հոդվածի համաձայն, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման (ՔԿԱԳ) մարմինների գործունեությունը կազմակերպում է այն համայնքի ղեկավարը, որտեղ գտնվում են համապատասխան կառույցները: «Իսկ ՔԿԱԳ մարմինների գործունեության մեթոդական ղեկավարումն ու վերահսկողությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Հենց նույն օրենքի պահանջով կարեւոր է տեղական ինքնակառավարման եւ իրավասու այլ մարմիններին առաջարկություններ ներկայացնել ՔԿԱԳ մարմնի ղեկավարներին կամ աշխատողներին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ: Ուստի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր արդեն գրավոր դիմել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին` քննարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային բաժնի աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը եւ արդյունքների մասին տեղեկացնել»: