Պուտինից պրծում չկա

01/03/2011

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել են, որ այս տարի ավելի ուշ կհայտնեն, թե իրենցից ով է առաջադրվելու 2012 թվական նախագահական ընտրություններում: Նրանք ակնարկել են, որ 6-ամյա նախագահական ժամկետի համար չեն առաջադրվի երկուսով: «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը վերլուծություն է ներկայացրել Ռուսաստանում 2012 թ. նախագահական ընտրությունների ընթացքում սպասվող հավանական սցենարների վերաբերյալ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, գործակալության կանխատեսմամբ` անկախ նրանից, թե ով նախագահի թեկնածու կառաջադրվի, հավանականությունը մեծ է, որ Պուտինը կշարունակի ղեկավարել Ռուսաստանը: «Առաջին հավանական սցենարը Պուտինի վերադարձն է Կրեմլ: 2000-2008 թթ. տնտեսության նավթային բումի ընթացքում Ռուսաստանի նախագահ, այժմ վարչապետ Պուտինը Ռուսաստանի ամենահանրահայտ քաղաքական գործիչն է եւ կարող է հեշտությամբ հաղթել, եթե մասնակցի ընտրություններին: Վարչապետի պաշտոնում նա կարող է նշանակել Մեդվեդեւին` այսպիսով երկարաձգելով գործող տանդեմի իշխանությունը, սակայն փոխելով դերերը: Սա կնշանակի, որ աստիճանական բարեփոխումներ կատարելու ջանքերը` էներգակիրներից Ռուսաստանի կախվածությունը թուլացնելու ուղղությամբ, կշարունակվեն, ջանքեր, որ մինչ օրս ձախողվել են»,- նշում է վերլուծաբանը, ըստ որի, Պուտինի վերադարձը Կրեմլ կնշանակի երկրի ներքին քաղաքական դաշտի վերահսկողության պահպանում` կայունության անվան տակ, ինչը կարող է աճող ընդդիմության պատճառ դառնալ, եթե Ռուսաստանի զարգացող միջին խավն ավելի մեծ ժողովրդավարություն պահանջի: Բացի այդ, Պուտինի վերադարձը, ով ընկալվում է որպես «սառը պատերազմի» գաղափարախոսությունների կրող, ԱՄՆ-ը ու Եվրամիությունը զգուշորեն կողջունեն: Վերլուծաբանները կարծում են, որ ընտրվելու դեպքում Պուտինը կկոշտացնի հարաբերություններն Արեւմուտքի հետ: Տնտեսական ոլորտում Պուտինը թեեւ չի հրաժարվի Մեդվեդեւի սկսած արդիականացումից, սակայն կարող է հետքայլ կատարել դեպի տնտեսության ավելի ավանդական ճյուղեր եւ էներգետիկ հատված: Ըստ «Ռոյթերզի», երկրորդ տարբերակը Մեդվեդեւի առաջադրումն է: «Եթե Մեդվեդեւը Պուտինի աջակցությամբ առաջադրվի նախագահության թեկնածու, ապա հաղթելու ճանապարհին շատ քիչ խնդիրների կհանդիպի: Նա կշարունակի հետամուտ լինել տնտեսության դիվերսիֆիկացման եւ արդիականացման նպատակներին, որոնց հասնելու համար մինչ օրս քիչ բան է արվել: Եթե Պուտինը մնա վարչապետի պաշտոնում, Ռուսաստանի իշխանական համակարգում փոփոխություններն աննշան կլինեն, եւ նախագահ Մեդվեդեւին դժվար կլինի քաղաքական անկախ օրակարգ ձեւավորել: Եթե Մեդվեդեւը որոշի այլ վարչապետ նշանակել, ապա Պուտինի հաստատման կարիքը կունենա, սակայն այդ քայլը սպասելի չէ եւ Պուտինի ապագա դերակատարության մասին հարցեր կառաջացնի: Շատ պաշտոնյաներ ասում են, որ Պուտինը կշարունակի ղեկավարել որպես նախագահ կամ վարչապետ, նա կարող է ազդեցություն ունենալ քաղաքականության վրա նույնիսկ այլ պաշտոններում` այդ թվում եւ՝ որպես իշխող կուսակցության նախագահ: Եթե Պուտինը հրաժարվի գլխավորի դերից, Մեդվեդեւը պետք է ապացուցի, որ կարող է վերահսկողության տակ պահել երկիրը` հզոր ուժային համակարգով, ազդեցիկ մեծահարուստներով, աճող ազգայնական շարժումներով եւ ընդդիմությամբ հանդերձ: Եթե քաղաքական կամ տնտեսական կայունությունը վտանգի տակ հայտնվեն, Պուտինը կարող է վերադառնալ` կարգուկանոն հաստատելու համար»,- գրում է վերլուծաբանը:

«Ռոյթերզը» քիչ հավանական է համարում երրորդ տարբերակը, ըստ որի՝ Մեդվեդեւն ու Պուտինը կարող են միմյանց դեմ պայքարել եւ առանձին-առանձին առաջադրվել նախագահի պաշտոնի համար: Ընդ որում, նման սցենարը գրեթե բացառվում է եւ այն դեպքում, եթե դա լինի փոխադարձ համաձայնությամբ, եւ այն պարագայում, որ դա կարող է լինել իրական հակասությունների արդյունք: «Եթե Մեդվեդեւը որոշի առաջադրվել առանց Պուտինի հաստատման, ապա դա մեծ խնդիրներ կառաջացնի նրա համար, քանի որ նրան աջակցողները փոքրաթիվ են: Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարն է, որը գերակայում է խորհրդարանում եւ վարչական լծակներ ունի երկրի ամբողջ տարածքում»,- կարծում են «Ռոյթերզի» վերլուծաբանները: Նրանք քննարկում են եւս մեկ տարբերակ, ըստ որի` Պուտինը կարող է որոշել նախագահի թեկնածու առաջադրել ոչ թե իրեն կամ Մեդվեդեւին, այլ մի երրորդ անձի, ով կարող է կյանքի կոչել ժողովրդի համար անհաճո այնպիսի փոփոխություններ, ինչպիսին է, օրինակ, կենսաթոշակային տարիքի բարձրացումը: Այս սցենարը, սակայն, դեռ քիչ հավանական է, քանի որ քաղաքական հարթակ հանելու համար որեւէ մեկին պատրաստելու նշաններ առայժմ չեն երեւում: