«Թագավորը» հաղթեց «Ցանցին»

01/03/2011

«Օսկարի» 83-րդ մրցանակաբաշխությունն ավարտվեց առանց հոգեցունց նորույթների: Ամեն բան եղավ այնպես, ինչպես պետք է լիներ: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցակիցներն էին Թոմ Հուպերի «Թագավորի ճառը» (անգլիացի թագավորի` կակազելու արատից ազատվելու աներեւակայելի ջանքերի ներկայացմամբ) ու Դեյվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանցը» («Ֆեյսբուքի» հիմնադրի կյանքի մասին պատմող կոշտ ու սառնասիրտ դրաման): Հաղթեց «Թագավորի ճառը», որը նաեւ արձանիկ ստացավ` լավագույն տղամարդու դերակատարման (Քոլին Ֆերթ), սցենարի ու ռեժիսուրայի համար: «Սոցիալական ցանցը» «Օսկարներ» ստացավ սցենարի ադապտացման, սաունդթրեքի եւ մոնտաժի համար: Իր ժողովրդի համակրանքին արժանանալու թագավորական ցանկությունը ավելի մնայուն աշխատանք համարվեց, քան համացանցում կատարված «ֆեյսբուքյան» հեղափոխությունը: Ամերիկյան կինոակադեմիկոսները լավագույն դերասանուհի ճանաչեցին Նատալի Փորթմանին, ով «Սեւ կարապ» ֆիլմում պարզապես սխրանք է գործել` ոչ միայն տիրապետելով բալետային հմտություններին, այլեւ` ընտելանալով հետկուլիսյան դաժան պայքարի գոյությանը` իր հերոսուհուն խելագարության հասցնելով: Դա իրապես փայլուն կատարում է մի ֆիլմում, որը ռեժիսոր Դարեն Արանոֆսկին կառուցել է մեծ վարպետությամբ: Երկրորդ պլանի դերակատարման համար մրցանակ են ստացել Մելիսա Լեոն եւ Քրիստիան Բեյլը` «Մարտիկը» ֆիլմում կատարած աշխատանքների համար: «Օսկարն» այս տարի դեմոկրատական ձեւավորում ուներ: Բեմից հնչեցին եւ կշտամբանքները (94-ամյա Քըրք Դուգլասը սաստեց երիտասարդ դերասանուհի Էնն Հեթուեյին, ասելով` դու որտե՞ղ էիր, երբ ես ֆիլմերում էին նկարահանվում), իսկ Մելիսա Լեոն հայհոյեց բեմից, սակայն նրա ոչ պարկեշտ խոսքերը եթերում ծածկագրվեցին: Դեմոկրատիան պետք է լինի, բայց չափավոր: Լավագույն մուլտֆիլմ դարձավ «Խաղալիքների պատմությունը-3» ֆիլմը, որտեղ զուտ մանկական պատմության գծից` ցուցադրվում է հանրային (այս դեպքում` խաղալիքային) հիերարխիան, որտեղ գործում են միանձնյա կառավարելու սովոր նենգ արջուկ-տիրակալներն ու թեթեւամիտ Բարբի-Քեն տիկնիկները: Խաղալիքները դավաճանում են իրար, պայքարում իրար դեմ, ճիշտ այնպես, ինչպես մարդիկ: