«Բյուրոկրատ» գրախանութը շատ արվեստասերների համար վաղուց արդեն վերածվել է յուրօրինակ մտահղացումների եւ հետաքրքիր ցուցահանդեսների վայրի: Հերթական միջոցառումը «Բյուրոկրատ» էր բերել ֆոտոարվեստի սիրահարներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր ուզում էին իրենց աչքով տեսնել, թե հնարավո՞ր է արդյոք գրախանութում կազմակերպել միաժամանակ 500 լուսանկարից բաղկացած ցուցահանդես: Գրախանութի պատերին փակցված էին «PanArmenian Photo» գործակալության լուսանկարիչների կողմից երկու տարում կատարված 163.000 լուսանկարներից ընտրված 500 աշխատանք: Լուսանկարները դիտելուց բացի, այցելուներին հնարավորություն էր տրված առավել հաջողված կադրերի շուրջ նաեւ հայտնել իրենց կարծիքը: Կազմակերպվել էր քվեարկություն. յուրաքանչյուր այցելու թղթի վրա նշում էր իրեն դուր եկած լուսանկարի համարն ու գցում արկղի մեջ: Հատուկ «քվեարկության» համար նախատեսված թղթիկները բաժանում էին մասնակից լուսանկարիչները, իսկ գրախանութի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը բարձրացել էր աթոռի պատվանդանին եւ «քվեաթերթիկներ» ու մատիտներ էր բաժանում «ընտրազանգվածին»: «Կարեւորում եմ մեր գրախանութում կազմակերպված յուրաքանչյուր ցուցահանդեսի յուրօրինակությունը: Միայն այդ դեպքում եմ համաձայնում «Բյուրոկրատում» ցուցահանդեսի կազմակերպման առաջարկին: Ընկերություն, ախպերություն ասվածն, այս դեպքում, չի գործում: Կարեւոր է միայն մտահղացման նոր եւ հետաքրքիր լինելը: Մենք ունենք հատուկ համադրող` Արմինե Շահբազյանը, ում հետ եւ քննարկում ենք կայանալիք ցուցահանդեսների հետ առնչվող բոլոր հարցերը»,- նշում է «Բյուրոկրատ» գրախանութի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը:
Մասնակիցները «PanArmenian Photo» գործակալության լուսանկարիչներն էին` Վահան Ստեփանյան, Սեդրակ Մկրտչյան, Դավիթ Հակոբյան եւ Տիգրան Մեհրաբյան: Բացի գլխավոր քառյակից, կային նաեւ այն լուսանկարիչների աշխատանքները, ովքեր նույնպես համագործակցել են գործակալության հետ: «Մենք պարզապես ցանկացել ենք լսել նաեւ այլ կարծիքներ, այդ իսկ պատճառով կազմակերպել ենք այս փորձարարական ցուցահանդեսը: Երկու ամիս հետո մենք կազմակերպելու ենք մեծ ցուցահանդես` նվիրված «PanArmenianPhoto» գործակալության 2-ամյակին, որի շրջանակներում կներկայացնենք նաեւ մեծ ֆոտոալբոմ, որտեղ ներգրավված կլինեն այդ երկու տարիների լավագույն լուսանկարները: Այս երկու տարիների ընթացքում մեր ֆոտոգործակալության լուսանկարիչները նկարել են մեր երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն: Երեւի չենք նկարել միայն Բանգլադեշում տեղի ունեցած դպրոցականների հանդեսը»,- կատակով նշում է լուսանկարիչ Վահան Ստեփանյանը: