«Ավիատոր» ֆիլմի գլխավոր դերում՝ Դի Կապրիոն: Ֆիլմի դերասանուհին կանացի դերի համար Օսկար է ստացել։ Ֆիլմի գովազդը էնքան շատ է եղել համ դրսում, համ ներսում, որ անպայման պիտի նայես։ Հ1-ով գովազդը գնում էր սեպտեմբերի սկզբից։ Լավ է, տարվա սկզբում Կինոմոսկվայում էր գնում, ուրեմն ճիշտ էր, որ չարժեր գնալ, գինը մի երեք դոլար, իսկ հիմա ձրի նստի նայի։ Անցած հինգշաբթի երեկոյան։ Հայկական հեռուստատեսությունը մի սյուրպրիզ էլ է պատրաստել, մենք նայում ենք ոչ միայն ֆիլմը, այլեւ կրկնօրինակումը հայերեն ու ոչ թե սովորական կրկնօրինակում, այլ գեղարվեստական, խաղարկային։ Հայլուրը մի ամբողջ ռեպորտաժ է պատրաստել, թե ովքեր են կրկնօրինակել ու ինչպես է դա եղել։ Կրկնօրինակման ռեժիսորը հպարտությամբ խոսում է աշխատանքի դժվարություններից։ Հոլիվուդյան աստղերին կրկնօրինակում են ոչ թե ինչ-որ հաղորդավարներ, այլ հայ բեմի աստղեր՝ մանավանդ Սունդուկյանի դերասան Տիգրան Ներսիսյանը։
Ընդհանրապես շատերից եմ լսել՝ հայկական կրկնօրինակմամբ ֆիլմ չեմ կարում նայեմ։ Ինչո՞ւ։ «Ավիատորը» այդ հարցի պատասխանը տալիս է։ Երբ ժամանակակից հոլիվուդյան ֆիլմ ես նայում եւ լսում ես «Ոսկե հորթի» հերոսուհի Զոսյա Սինիցկայայի ձայնը, նայելդ չի գալիս։ Ժամանակները փոխվել են, դերասանների սերնդափոխություն է եղել, բայց չի փոխվել կրկնօրինակման ինտոնացիան ու ձայնը։ Եվ եթե հայկական թատրոն չես գնում, պարզ է դառնում, որ չես էլ ուզում հոլիվուդյան ֆիլմը դիտել հայկական թատրոնի ձայնային մեկնաբանությամբ։
Ընդհանրապես կրկնօրինակումը Սովետի ժամանակ դարձել էր արվեստի մի ճյուղ։ Արվեստագետները կաֆեներում սիրում են ասել՝ Խորեն Աբրահամյանը մեծ դերասան է, ու թվարկում են նրա լավագույն կատարումները՝ Սարոյան եղբայրներ, Համլետի կրկնօրինակում եւ Բենդերի կրկնօրինակումը։ Երեք հանճարեղ կատարում, որոնցից երկուսը դուբլյաժ։
Այն տարիներին հայ դերասաններին թույլատրված էր միայն ռուսական կինո կրկնօրինակել։ Արտասահմանյանները ռուսների մենաշնորհն էր։ Մենք արտասահմանյան ֆիլմերը նայում էինք ռուսերեն, իսկ ռուսականները` հայերեն։ Սովետը քանդվեց, ժանրը մեռավ։ Մենք սովորեցինք դիտել ֆիլմերը չեզոք կրկնօրինակմամբ, առանց կրկնօրինակող դերասանի մեկնաբանության։ Հիմա Հանրայինը, որ վերածնում է սովետական հեռուստատեսության ավանդույթները (օրինակ` «Երաժշտական փոստարկղ»), նաեւ վերածնում է կրկնօրինակումը որպես ժանր։ Հայ դերասանները երջանկության մեջ են, նրանց շանս է տրված համաշխարհային աստղերի կրկնօրինակելով մի խաբկանք ստեղծել, թե մասնակից են համաշխարհային արվեստի միջավայրին։ Տիգրան Ներսիսյանը, որ մուտք չէր գործելու մեծ կինո, հնարավորություն է ունենում մի ձեւով նույնանալ Դի Կապրիոյին` կրկնօրինակելով նրա դերը, ու մի քիչ իր վրա աստղային փոշի զգալ։ Բայց ափսոս, դերասանների ձգտումների պատճառով տուժում է հեռուստադիտողը, ստիպված հերոսի՝ Հովարդ Հյուզի դերը երկու կատարմամբ պիտի նայի՝ սունդուկյանական, որ երբեք չէր ուզելու նայել, եւ հոլիվուդյան։ Շահողը սունդուկյանական դերասաններն են, որոնք դժվար թե շանս ունեին այդքան հանդիսատես ունենալու։ Ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանը բլոկ կազմեց Դեմիրճյանի հետ, որ նրա անվան շնորհիվ ձայներ հավաքի, այդպես էլ Տիգրան Ներսիսյանը կրկնօրինակում է Դի Կապրիոյին, որ իր դերը լսեն։
Ու եթե Հ1-ի համար կարեւոր է շատ հեռուստադիտողներ ունենալը, ուրեմն պիտի ֆիլմի կրկնօրինակությունը չվերածվի դերի երկու մեկնաբանման՝ մեկ դերասանի, մեկ կրկնօրինակողի, մի խոսքով, կրկնօրինակումը չդարձնի ժանր, այլ պարզ մի միջոց ֆիլմը հասկանալի դարձնելու համար, որ կարող է անել հաղորդավար Լեւոն Պարոնյանի չեզոք ձայնը։ Թե չէ հայ աստղերը հիանալի տաղանդ ունեն ամենասուր դեդեկտիվները կրնօրինակելով դարձնել ձանձրալի։ Բայց «Ավիատորը» դժվար է ասել ինչքանով ձանձրալի դարձրին հայ դերասանները։ Արդեն հոլիվուդյան կրկնվող սյուժեն, երբ սկսվում է ֆիլմը մանուկ հերոսի ու մոր երկխոսությամբ ու ավարտվում տարեց հերոսի այդ մանկության հիշողությամբ, ձանձրալի է, մանավանդ, երբ հերոսը աղքատ ու կույր Ռեյ Չարլզը չէ, որ հաջողության հասնելով պիտի հիշեր մորը («Ռեյ»), այլ մի սովորական ամերիկացի հարուստ։ Դի Կապրիոն էլ ստիպված պիտի իր հերոս սովորական հարուստին, որ ամերիկյան ստանդարտով հետեւողականորեն հասնում է իր նպատակներին, մի կերպ անսովոր դարձնի, որ դիտելը հետաքրքիր լինի։ Ու ինչ, պարզվում է, որ նրա հերոսը զզվող է, բայց այնքան արհեստական է նրա զզվելը, որ Դի Կապրիոն չի կարողանում համոզիչ զզվել։ Մի խոսքով, հերոսի տարօրինակությունը ֆիլմը չի փրկում, ու չի արդարացված այս մարդու մասին ֆիլմ նկարելը։ Փոխում ես ալիքը, ազատվում սունդուկյանահոլիվուդյան թողարկումից ու նայում ռուս կանանց շատ իրական արցունքները OPT-ով, վավերագրական հաղորդում, ուր 20-ամյա գեղեցկուհի Անաստասիան ինտերնետով ծանոթանում է իրենից 20 տարի մեծ յանկիի հետ, ամուսնանում, հետո անհետանում։ Արանքում ամեն դեպքում մի հատ էլ ես փորձում տեսնել, թե ինչով կվերջանա ավիատորի պատմությունը։ Չէ, հույս չկա, հայ դերասանները չեն կարողանում ամերիկացիներից ավելի համոզիչ դարձնեն դերը, Դի Կապրիոյի ու Ներսիսյանի համատեղ զզվելն ու համատեղ հարստանալը հեչ համոզիչ չի։ Փոխում ես ալիքը, ու պարզվում է, որ յանկին իր մանյակ ընկերոջ հետ սպանել է ռուս գեղեցկուհուն։ Հոլիվուդյան ֆիլմը չփրկեց Հ1-ը։