Երեկ հրավիրված ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ազատ շրջանառության համար մաքսային ռեժիմով մարդատար տրասպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց բյուջետային արտոնյալ վարկերի տրամադրման կարգը:
Ըստ կարգի, վարկի տրամադրումն իրականացվում է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան տարածքում տեղակայված բանկի մասնաճյուղում: Վարկերը տրամադրվում են անտոկոս` վեցամսյա վերադարձման ժամկետով: Ծրագրի շրջանակում վարկեր կարող են ստանալ 2005 թվականից վաղ թողարկման տարեթվով, 5 մլն ՀՀ դրամից ցածր մաքսային արժեքով մինչեւ 10 տեղանոց մարդատար տրանսպորտային միջոց(ներ) ՀՀ տարածք «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով իր անունից հայտարարագրման համար ներմուծող ՀՀ տարածքում մշտապես բնակվող կամ մշտապես հաշվառված ցանկացած այն ներմուծողները (ներառյալ անհատ ձեռնարկատերը), ովքեր մինչեւ 2011 թվականի մարտի 18-ը ներառյալ մաքսային սահմանի հատմամբ եւ փոխադրման ամփոփագրի լրացմամբ ՀՀ տարածք ներմուծել են 2011թ հունվարի 26-ից հետո ՀՀ տարածքից վերաարտահանված` նախկինում «ժամանակա՞վոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված տվյալ տրանսպորտային միջոցը: Վարկային պայմանագիր կնքելու նպատակով մարզի բնակիչը մինչեւ 2011 թվականի մարտի 25-ը ներառյալ պետք է դիմում ներկայացնի մարզպետարան, Երեւան քաղաքում մշտապես բնակվողը` ՀՀ ֆինանսների նախարարություն` ներկայացնելով անձնագրի, սոցիալական քարտի (սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի) պատճենը, ինչպես նաեւ՝
– 2011 թվականի հունվարի 26-ից հետո տրանսպորտային միջոցի վերաարտահանման մաքսային հայտարարագրի եւ իր անվամբ ՀՀ տարածք ներմուծելու փոխադրման ամփոփագրի պատճենները,
– տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկանք` տրված մարզի բնակչին` մարզպետարանի, իսկ Երեւան քաղաքի բնակչին` Մաքսատան կողմից:
Մաքսային արժեքի շեմին ներմուծվելիք կամ ներմուծված տրանսպորտային միջոցի բավարարումը պարզելու նպատակով մարզի բնակիչը տրանսպորտային միջոցի բնութագրող եւ նույնականացման տվալները ներկայացնում է իր բնակության վայրի մարզպետարան, Երեւան քաղաքի բնակիչը` մաքսատուն:
Մարզպետարանն անձից ստացած տվյալները ներկայացնում է վերադաս մաքսային մարմին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարանին է ներկայացնում տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի հիման վրա մարզպետարանը ներմուծողին գրավոր հայտնում է նախնական մաքսային արժեքը:
Երեւան քաղաքի բնակիչ ներմուծողին Մաքսատունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տեղեկանք ներկայացված տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի մասին: