Շաբաթ օրը ուշ երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում կառույցի անդամ երկրները բանաձեւ են ընդունել Լիբիայի վերաբերյալ, որն արգելում է Կադաֆիի, նրա մերձավորների մուտքը այլ երկրներ, սառեցնում է բանկային հաշիվները, ինչպես նաեւ էմբարգո է սահմանում այդ երկրի հետ զենք-զինամթերքի առեւտրի վրա: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի կողմից մշակված փաստաթուղթը նաեւ հանձնարարում է Հաագայի Միջազգային քրեական դատարանին՝ քննել Լիբիայի վարչակազմի կողմից ցուցարարների նկատմամբ իրականացված գործողությունները եւ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հանցանք են գործել մարդկության դեմ: Փաստաթղթին կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները, անգամ` վետոյի իրավունք ունեցող, եւ, որպես կանոն, խիստ պատժամիջոցներից խուսափող Չինաստանն ու Ռուսաստանը: «Թեեւ այս փաստաթուղթն ինքնին չի կարող կանգնեցնել արյունահեղությունը Լիբիայում, այդուամենայնիվ, այն խիստ կարեւոր որոշում է, որն արտահայտում է միջազգային համայնքի համախմբված դիրքորոշումը,- քվեարկությունից հետո հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը` շեշտելով,- Այն ուղերձ է առ այն, որ հիմնարար իրավունքների ոտնահարումները չեն հանդուրժվելու, եւ բոլոր նրանք, ովքեր ծանր հանցագործություններ են կատարել, պատասխանատվության են ենթարկվելու»: Բանաձեւի ընդունումը բարձր է գնահատել նաեւ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսը` հայտարարելով. «Անվտանգության խորհուրդը պատմության մեջ առաջին անգամ միաձայն դիմեց Հաագայի Միջազգային դատարանին` մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի առնչությամբ»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ էր արել Կադաֆիին անհապաղ հրաժարական տալ: «Եթե առաջնորդը իշխանությունը կարողանում է պահել միայն սեփական ժողովրդի նկատմամբ զանգվածային բռնություններ գործադրելու օգնությամբ, ապա դա նշանակում է, որ նա կորցրել է իր լեգիտիմությունը եւ պետք է հրաժարական տա»,- ասել էր Օբաման` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցում: Կադաֆիին քննադատող հայտարարություններ են տարածել նաեւ Եվրամիությունն ու Ռուսաստանը: «Ինչպես եւ միջազգային ողջ համայնքը, Ռուսաստանը եւս վճռականորեն դատապարտում է Լիբիայի իշխանություններին` խաղաղ բնակչության դեմ զենք կիրառելու համար, եւ պահանջում է հարգել մարդու իրավունքները, միջազգային նորմերն ու ապահովել բնակչության անվտանգությունը»,- ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը: