Վերապահումով

01/03/2011

Սումգայիթի ջարդերի 23-րդ տարելիցի առթիվ եւ Ղարաբաղի հետ համերաշխության արտահայտման համար Ֆրանսիայի հայ համայնքի ղեկավար մարմինը երկուշաբթի օրը երեկոյան միջոցառում է կազմակերպել Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանի մեծ դահլիճում: Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հրապարակել է հատուկ հաղորդագրություն, որում հիշեցրել է Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը, անդրադարձել Ադրբեջանի ներկայիս ռազմատենչ քաղաքականությանը, եւ հայ համայնքին կոչ է արել բազմամարդ ներկայություն ապահովել փետրվարի 28-ի հավաքին: Մինչդեռ, ըստ «Armenews» կայքէջում կիրակի օրը տեղ գտած մի տեղեկության, Ֆրանսիայի արտգործնախարարությունը վերապահություն է ցուցաբերել միջոցառման թեմայի վերաբերյալ: Այդ մասին Հայ դատի գրասենյակին տեղեկացրել է 9-րդ թաղամասի քաղաքապետարանը` բացատրելով, թե Արտգործնախարարության առարկությունը կարող է գալ Լեռնային Ղարաբաղի` ճանաչված պետություն չլինելու հանգամանքից: Այդուհանդերձ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն ընդգծել է, որ խոսք չի կարող լինել միջոցառման թեման փոփոխության ենթարկելու մասին: «Մենք նեցուկ ենք Լեռնային Ղարաբաղի անկախությանը, եւ մեր այդ դիրքորոշումն է՛լ ավելի կընդգծվի գալիք շաբաթների ընթացքում»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հայտարարել է Փափազյանը: