Վիճակը չի փոխվել

01/03/2011

Հելսինկյան ասոցիացիայի` մարդու իրավունքների իրավիճակի մասին 2010թ. զեկույցի համաձայն` Հայաստանում շարունակվում են կոպտորեն խախտվել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները: Այդ մասին երեկ զեկույցի ներկայացման ժամանակ ասել է Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, ըստ որի, 2010թ. իշխանությունները շարունակել են անտեսել 2008-2009 թթ. ընթացքում Հայաստանի վերաբերյալ ԵԽ ԽՎ-ի կողմից ընդունված բանաձեւերում առաջ քաշված պահանջների կատարումը: Զեկույցում նշվում է, որ թեեւ իշխանությունները միջազգային հանրության ճնշումների ներքո ազատ են արձակել մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ ձերբակալված եւ դատապարտված բազմաթիվ ակտիվիստների, սակայն դեռեւս անազատության մեջ է 9 անձ, որոնց Հելսինկյան ասոցիացիան միջազգային չափանիշների համաձայն՝ քաղբանտարկյալներ է համարում: Զեկույցի հեղինակները փաստում են, որ նախորդ տարի Ոստիկանության կողմից ընդդիմադիր ուժերի կազմակերպած հանրահավաքների ժամանակ կիրառվող բռնությունները շարունակվել են` մարդիկ են բերման ենթարկվել, սահմանափակվել է նրանց ազատ տեղաշարժը: Նախորդ տարի շարունակվել են բռնությունները լրագրողների նկատմամբ, արձանագրվել են տեղեկատվության ազատ տարածման սահմանափակման դեպքեր: Որպես օրինակ՝ նշվել է նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անազատության մեջ գտնվող «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառված բռնությունները: Զեկույցում նաեւ նշվում է, որ Հայաստանում շարունակվում են բռնությունները կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Այս տարվա փետրվարի տվյալներով` «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 72 անդամ ազատազրկման մեջ է: Փաստաթղթում նաեւ մտահոգություն է հայտնվում ոստիկանական բաժանմունքներում շարունակվող խոշտանգումների առնչությամբ: Որպես օրինակ՝ նշվում է նախորդ տարվա ապրիլին Չարենցավանի ոստիկանությունում ծեծի հետեւանքով մահացած Վահան Խալաֆյանի դեպքը: Զեկույցի հեղինակները նաեւ լուրջ թերություններ են արձանագրել դատարանների գործունեության մեջ: Ըստ ասոցիացիայի փորձագետ Նինա Կարաբեկյանցի` դատարաններն իրենց վճիռները կայացնելիս գրեթե չեն կարողանում մեղադրական եզրակացությունների շրջանակից դուրս գալ: Մեղադրող դատախազների մեղադրական եզրակացությունները միշտ արտատպվում են դատարանի որոշումներով: Իրավապաշտպանները բարձրաձայնում են նաեւ բանակում արձանագրվող խոշտանգումների դեպքերի մասին: Զեկույցում նման երեք դեպք է տեղ գտել: Զեկույցի հեղինակների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկներում կաշառակերության դեպքերի աճ է արձանագրվել: «Հատկապես շատ ծանր է քրեակատարողական հիմնարկներում գտնվող հիվանդների վիճակը: Մարդիկ բողոքում են, որ իրենց վրա ուշադրություն չեն դարձնում, իրենց վիճակը վատ է, իսկ դատապարտյալների հիվանդանոցը, չգիտես ինչու, գտնվում է կիսադատարկ վիճակում»,- ասել է Ասոցիացիայի փորձագետ Արսեն Բաբայանը: Զեկույցի հեղինակները նաեւ մտահոգություն են հայտնում, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկները, բացի «Արթիկից», գտնվում են անմխիթար վիճակում եւ վերանորոգման կարիք ունեն: Հատկապես վատ վիճակ է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ խցերը գերծանրաբեռնված են, դատապարտյալները քնում են հերթով, սանիտարական վիճակը անմխիթար է: Նախորդ տարի քրեակատարողական հիմնարկներում մահացել է 38 մարդ, որից 32-ը` հիվանդությունների պատճառով: