2008թ. սկսած Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթներ:
Դա մրցույթ է երիտասարդ ինժեներներից բաղկացած մի քանի թիմերի միջեւ, որոնք մրցում են իրենց կողմից նախագծված եւ պատրաստված ռոբոտներով: 2010թ. ստեղծված «ԱրմՌոբոտիքս» ակումբի նպատակն է համախմբել տեխնոլոգիական ոլորտով եւ ռոբոտաշինությամբ հետաքրքրված երիտասարդներին: Ակումբում հավաքներն անցկացվում են 2 շաբաթը մեկ անգամ, որին մասնակցում են շուրջ 40 ուսանողներ: Դպրոցներում խմբակներ բացելու վերաբերյալ «ԱրմՌոբոտիքսն» արդեն իսկ 5 կրթահամալիրների հետ (Քվանտ, Օհանյան, Ճարտարագիտական Համալսարանի հենակետային վարժարանները, Մխիթար Սեբաստացի, Անանիա Շիրակացի) համագործակցություն է ձեռք բերել: Այս տարի նախատեսվում է ցուցադրություններ կազմակերպել կրթահամալիրներում եւ Երեւանի զբոսայգիներում: Աշնանը տեղի կունենա «Ական փնտրող ռոբոտ» մրցույթը, իսկ տարեվերջին կհայտարարվի «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթը:
Այս տարի «ԱրմՌոբոտիքսի» գլխավոր հովանավորությունը ստանձնել է «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերությունը: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այդ կապակցությամբ ասաց. «Վիվա Սելի» հետ մեր մոտեցումը հետեւյալն է` ռոբոտաշինության գործողություններ իրականացնել պրակտիկ դաշտում: Օրինակ, «Ական փնտրող ռոբոտ»-ի մրցույթը, որը տեղի կունենա իրական պայմաններում: Իրական հողի շերտի տակ 3սմ խորության մեջ կտեղադրվեն ականներ, եւ ռոբոտը պետք է գտնի այդ ականները, կազմի դրանց քարտեզը, ուղարկի սերվերի վրա եւ ընթացքում աշխատի չպայթել: Մարտի 4-ին եւ 5-ին Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակներում տեղի կունենան «Գծին հետեւող ռոբոտ» եւ «Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտ» մրցույթները, որոնց մասնակցում է 8 թիմ»:
«Հավատալով այս երիտասարդներին՝ մենք ցանկացանք ապացուցել թերահավատներին եւ ամբողջ աշխարհին, որ մենք ունենք ունակ, խելացի եւ մրցունակ երիտասարդներ: Մեր նպատակն է հնարավորություն տալ այդ երիտասարդներին ցուցադրելու իրենց կարողությունները: Հարցը կայանում է ոչ թե նրանում, թե ինչ կարող է ռոբոտն անել, այլ, թե ինչ կարող է անել հայ երիտասարդը: Կարեւորը հայ երիտասարդի մտածողությունն է, այլ ոչ ռոբոտի կարողությունները»,- ասաց «Վիվա Սելի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Իսկ հնարավո՞ր է, որ ռոբոտը ներգրավվի նաեւ մեր կենցաղի մեջ: Եվ որքանո՞վ է դա իրական մեր երկրի պայմաններում: «Աշխարհում ռոբոտաշինության ամբողջ զարգացումը գնում է այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա ասեմ, որ մեզ մոտ այդ բնագավառում որեւէ հետընթաց չեմ տեսնում: Մեր տղաների գիտելիքները բարձր մակարդակի վրա են: Չինաստանում, օրինակ, այդ ամբողջ շղթան` ռոբոտների նախագծողներ, արտադրողներ եւ վաճառողներ, կազմակերպված է գործում: Ժամանակին Հայաստանը եղել է ռոբոտաշինության առաջատարներից մեկը: Ցավոք, մենք կորցրել ենք այդ սերնդի ներկայացուցիչներից շատերին. արտագաղթ, ճգնաժամ… Քանի որ մեծ դադար եղավ այս բնագավառում, մենք, բնականաբար, ետ ենք մնացել: Այսօր, սակայն, փորձում ենք վերականգնել մեր դիրքերը այդ ոլորտում: Ասեմ նաեւ, որ այսօրվա մրցույթի մասնակիցները մեծամասամբ ռոբոտաշինությամբ զբաղվող նախկին սերնդի ներկայացուցիչների երեխաներն են,- նշեց Կ. Վարդանյանը: -Այժմ այդ ռոբոտները իրապես գործում են, որպես խաղալիքներ, քանի որ իրենց դաշտից` միջավայրից, դուրս են, այդ իսկ պատճառով տղաները ղեկավարում են ռոբոտներին հեռակառավարման վահանակներով: Մրցույթի ժամանակ ռոբոտները բացարձակ ավտոնոմ են: Դաշտն իրենից ներկայացնում է տարածք, որտեղ մարդը ռոբոտին կառավարելու իրավունք չունի: Իր բոլոր գործողությունները ռոբոտը կատարում է ինքնուրույն: Մեր ռոբոտները խաղալիքներ չեն»:
Նորայր Ասլանյանն արդեն երկրորդ անգամ էր մասնակցում «Իրերը տարբերակող ռոբոտների» մրցույթին: Յուրաքանչյուր տղա երեխա դեռ փոքրուց սիրում է խաղալիքը քանդել-հավաքել: Արդյոք սա պարզապես հոբբի չէ՞ մասնակիցների համար: «Մենք ռոբոտներով զբաղվում ենք մեծագույն հաճույքով, քանի որ այլ կերպ ոչ ոքի չես ստիպի գիշերները չքնել, ընկերների հետ չշփվել եւ զբաղվել միայն ռոբոտով: Սակայն չեմ կարծում, թե այս ամենը միայն հոբբի է մեզ համար, քանի որ շատ լուրջ ենք տրամադրված: Հատկապես, երբ կա մրցույթի գործոնը, էլ ավելի ես լրջանում եւ կենտրոնանում: Ռոբոտը 3 հիմնական մասից է բաղկացած` մեխանիկա` նախագծման փուլ, էլեկտրոնիկա` դետալների ամրացում, եւ ծրագրավորում: Մենք անգամ անուններ ենք դրել մեր ռոբոտներին: Օրինակ, ռոբոտներից մեկի անունը Վոլլի է` դեղին, սեւ գծերով: Ասեմ նաեւ, որ մեր Վոլլին «Բիլայնի» հետ առնչություն չունի»,- ասաց Նորայրը: