Անմեղսունակ քաղաքական դաշտ. մեղավոր դարձած ժողովուրդ

29/10/2005 Մարինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեր թերթի թիվ 42-ում Վահան Իշխանյանն իր հոդվածում բանավիճել էր «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրեր մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի եւ բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանի հետ: «168 Ժամ»-ի հոդվածը վերնագրված էր՝ «Մուլտիպլիկատորի բարոյական կրեդոն»: Մարինե Պետրոսյանը, չհամաձայնելով Վահան Իշխանյանի հարցադրումներին, պատասխանում է հոդվածին:
«168 Ժամ»

Սիրելի Վահան, երբ որ սկսեցի կարդալ հոդվածդ՝ «168 Ժամի» հոկտեմբեր 20-21-ի համարում, նախ ուրախացա, որ նայել ես «Ուրվագծի» թողարկումը՝ Ռոբերտ Սահակյանցի եւ իմ մասնակցությամբ, ու որոշել ես, ոնց որ ինքդ ես գրում, բանավեճի մեջ մտնել հաղորդման հյուրերի հետ։ Ուրախացա, քանի որ բանավեճեր սիրում եմ։ Ցավոք, ուրախությունս շատ կարճ տեւեց, որովհետեւ գրածդ իրականում բոլորովին էլ բանավեճի բնույթ չունի, դու պարզապես եթերում բանավոր ասվածը գրավոր ազատ մեկնաբանում ես, վերջում էլ քո կողմից խրատա-մեղադրական եզրակացություններ անում։ Օրինակ, էս կարգի՝ «Այ հիմա է պարզ դառնում, թե ինչով են տարբերվում հայ մտավորականները ուրիշներից. նրանց թվում է, թե մտավորականի կոչումը օգնում է գաղափարի տակ անձնական շահ քողարկելուն»։ Ինչո՞ւ «նրանց», Վահան, մի՞թե քեզ համար պարզ չի, որ հայ մտավորական ես նաեւ դու՝ քո մտքերը պարբերաբար շարադրում-ներկայացնում ես հասարակությանը, այսինքն թե՝ հասարակության վրա ազդելու քո լծակը մտքերդ են, ինչը հենց նշանակում ա՝ լինել մտավորական։ Ի դեպ, ճիշտ նույն կեցվածքը հաղորդման ընթացքում որդեգրել էր Ռ. Սահակյանցը՝ անսկզբունքայնության ու հարմարվողականության համար մեղադրում էր «նրանց»՝ հայ մտավորականներին, համարելով որ ինքը «նրանց» մեջ չի մտնում, ինքը «ուրիշ» ա, երեւի թե՝ շվեդ։

Բայց թողնեմ հայ մտավորականի էս ծեծված ու անիծյալ թեման, որին անդրադարձա ստիպված՝ որովհետեւ դրան էր նվիրված քո հոդվածի առյուծի բաժինը։ Ես ուզում եմ իսկապես բանավիճել ըստ էության, դրա համար անցնեմ բուն նյութին՝ Նոր Հաճընի ընտրություններին։ Ինձ մեղադրում ես, թե մտքովս չի անցել, որ ընտրությունները կեղծված են։ Ո՞նց չի անցել, երբ որ հրապարակվեցին արդյունքները, մտածեցի՝ երանի կեղծված լինեն։ Բայց մամուլի բոլոր հրապարակումներն անխտիր խոսում էին էն մասին, որ չէ, մարդասպանին տրված ձայները իրական մարդկանց իրական ձայներ են։ Հիշողությանս մեջ մեխվել ու չի ջնջվում Արման Գալոյանի գրածը ուղղակի դեպքի վայրից, ուր էդ ձայները կոնկրետացել ու խոսում են. «Էդ մարդը հարգարժան մարդ է եղել, ընտրվել է: Սա արդեն երրորդ սռոկն է ընտրվում: Եթե վատ տղա լիներ, չէր ընտրվի, ուրեմն ժողովուրդը գտել է, որ քաղաքի համար պիտանի մարդ է»,- ասում է իրենց շենքի բակում միրգ վաճառող Վլադիմիր Նալբանդյանը»: Ու միրգ վաճառողը մենակ չի, «Էդ դեպքի վրա մենք ուշադրություն չենք դարձրել, էդ արդեն իրենց անձնական գործն է, մեր գործը չի… մենք իրեն հարգել ու հարգելով ընտրել ենք» ասողներ շատ կան, բոլորն էլ՝ կոնկրետ անուն-ազգանունով, ուրախ ու հպարտ (տես՝ «Քսերոքս անելու տղան», «168 Ժամ», հոկտեմբերի 15)։ Դու «լավ տղայի» ու «պիտանի մարդու» շատ կոնկրետ պատկերացմամբ շատ կոնկրետ էս մրգավաճառին թողել, զգայացունց բաներ ես գրում չարքաշ կանանց մասին, հետո էլ խրատա-բացատրական դատողություն անում առ այն, թե. «Բնական է, որ ոչ մի քաղաքացի, որ մարդասպան ու հանցագործ չի, չի ցանկանա ընտրել մեկին, որն ամեն վայրկյան անպատիժ կարող է մարդ սպանել»։ Լավ, իսկ եթե հանկարծ ցանկացա՞վ։ Ասեց՝ իմ գործը չի, որ մարդ ա սպանել, ինքը լավ տղա ա։ Էդ չի նշանակի՞, որ էդ մարդու մեջ ինչ-որ բան բնական չի, կարգին չի։ Իմ կարծիքով՝ կնշանակի, եւ նման մարդուն ես համարում եմ ոչ կարգին մարդ, թեկուզեւ դրա համար դու ինձ վրա մատ թափ տաս, թե ես մարդկանց տեսակավորում եմ։ Սահակյանցը պնդում էր, որ էդ մրգավաճառի պես մտածողները հենց հայ ժողովուրդն են, դրա համար էլ ավելի լավ ա ընտրությունները կեղծել, քան թողնել, որ էդ տեսակ ժողովուրդը ընտրի։ Ես առարկում էի, եւ միշտ առարկելու եմ, որ ժողովուրդը չի լինում էս կամ էն տեսակ, ցանկացած ժողովրդի մեջ միշտ կան բոլոր տեսակները, եւ հասարակության վիճակից ա կախված, թե որ տեսակը կմղվի առաջ, կդառնա երեւացող ու որոշիչ։ Էսօր Հայաստանում ամենավատթար տեսակին գիտակցաբար մղել են առաջ ու տվել են ասպարեզ, իսկ կարգին մարդիկ մնացել են ստվերում։ Կոնկրետ էս դեպքում, երբ որ ընտրաթերթիկում մարդասպանի անուն էր գրված, ամենաճիշտը էդ տեսակ ընտրաթերթիկին ընդհանրապես մոտ չգալն էր, ինչը որ արել են Նոր Հաճընի ընտրողների ուղիղ կեսը, եւ իմ կարծիքով հենց նրանք են կարգին մարդիկ, թեեւ նրանց մասին, ինչպես միշտ, ոչ ոք չի խոսում։

Ոնց որ տեսնում ես, ես պնդում եմ իմ համոզմունքը, որ մարդիկ, այո, լինում են կարգին ու ոչ էնքան կարգին։ Դա չի նշանակում, ինչպես դու ես կարծում, մարդկանց ածական կպցնել։ Քեզ համար նման բաժանում չկա՞։ Վերցրու նորից կարդա գրածդ հոդվածը. Սահակյանցին ուղղված ամբողջ քննադատությունդ կառուցել ես բարոյական հանրահայտ սկզբունքների վրա, իսկ ինձ նույն էդ սկզբունքներից խոսելու համար համարում ես մարդկանց տեսակավորող, քիչ մնա կասես ֆաշիստ։

Ի դեպ, քո տպավորությունը, թե Սահակյանցի ու իմ բանավեճը չէր ստացվում, երեւի էնքան էլ սխալ չի. լեզուն, կեցվածքն ու ինտոնացիան, նաեւ անձնական մի քանի հանգամանք, իմ զրուցակցին դարձնում էին հեշտ խոցելի, եթե ես գայթակղվեի ու կենտրոնանայի ուղղակի բանավեճի կոնկրետ մանրամասների վրա՝ լրիվ հեռանալու էի բուն խոսակցությունից եւ իմ բուն ասելիքից։ Ամեն դեպքում չի բացառվում, որ ես բուն ասելիքս բավականաչափ հստակ չկարողացա արտահայտել եթերում, դրա համար էլ ուզում եմ անել դա հիմա։

Նոր Հաճընի դեպքը եթե ինքնին չարագուշակ էր, իմ կարծիքով կրկնակի չարագուշակ էր հայոց քաղաքական դաշտի վերաբերմունքն էդ դեպքին։ Պաշտպանության նախարարն ասեց՝ տարօրինակ բան չկա, վարչապետն ասեց՝ ժողովրդի տե՞ղն էլ ես պատասխանեմ, մնացյալը՝ հիմնականում լռություն. ընդդիմադիրները զբաղված են հանրաքվեի շիլաշփոթով։ Ու չգտնվեց գոնե մեկը, որ ասեր՝ եթե երկրում էս աստիճան աննորմալ բաներ են կատարվում, ուրեմն ես էլ եմ մեղավոր, որովհետեւ քաղաքական գործիչ լինել՝ նշանակում ա պատասխանատվություն վերցնել։ Թե՞ քաղաքական գործիչ լինել՝ նշանակում ա անմեղսունակության ալիբի ունենալ կամ էլ ժողովրդին ալիբի սարքելով՝ նրա թիկունքում թաքնվել։ Ու որ հետ ես նայում անցած 17 տարիներին՝ տեսնում ես ոնց են մարդկանց անընդհատ խոստումներ տալիս խանդավառում, հետո գլխներին սառը ջուր լցնում։ Եթե իշխանության են գալիս՝ իշխանության շեմին են խոստումները մոռանում, եթե չեն կարողանում իշխանության գալ՝ հերթական ձախողումից հետո են մոռանում, մարդկանց թողնելով հուսալքված ու անպաշտպան։ Ու էս 17 տարվա մեջ, էսքան ցավ ու փորձանքից, էսքան հուսախաբությունից հետո մեկը մի կես բերան չասեց՝ ներողություն, որ խոստացա, բայց չկարողացա խոստացածս կատարել։

Հայաստանի քրեականացումը քաղաքական դաշտի բացարձակ ֆիասկոյի հետեւանքն ա։ Հայաստանում չկա կարգին մարդկանց քաղաքական պահանջարկ։ Հակառակը՝ կա մեղավոր ժողովրդի պահանջարկ՝ որպես քաղաքական անկարողության ունիվերսալ ալիբի։