Ողջունել է

26/02/2011

«Մենք առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումից»,- երեկ հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին Բաքվում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով մարտի 5-ին Սոչիում կայանալիք Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: Սեմնեբին, ով ավարտում է իր առաքելությունն այս պաշտոնում, ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Հարավային Կովկասի տարածաշրջանին` թույլ չտալու համար նոր հակամարտությունների բռնկում կամ արդեն գոյություն ունեցողների վերսկսում: Ողջունելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին աջակցելու Ռուսաստանի ջանքերը` նա ասել է. «Մենք շահագրգռված ենք, որպեսզի հակամարտությունները լուծվեն, եւ Ադրբեջանն ու ամբողջ տարածաշրջանն ապրեն խաղաղության մթնոլորտում»: ՀՀ-ում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից բացի, Սեմնեբին հանդիպել էր նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ըստ ՀԱԿ հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել է միջազգային քաղաքականության մեջ ստեղծված նոր իրավիճակը` կապված մի շարք բռնապետությունների փլուզման հետ: «Հանգամանալից անդրադարձ է եղել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին եւ վատթարացող սոցիալ-տնտեսական դրությանը: Քննարկվել են նաեւ Հայաստանում սրված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները, մասնավորապես՝ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ: