Դիտեք մեզ, խղճացեք ձեզ

26/02/2011

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռուստատեսային հարցազրույց է տվել Հայաստանի միանգամայն ազատ եւ անսահման պատասխանատու հեռուստաընկերություններին: Վերջիններս ճիշտ որոշում էին կայացրել (կամ ճիշտ հրահանգ էին ստացել) եւ հարցազրույցի տեսագրությունը ցուցադրում էին այն ժամին, երբ սովորաբար եթերում են լինում ժամանցային, զվարճալի հաղորդումները, սերիալները: Կադրի մեջտեղում Տիգրան Սարգսյանն էր` դեմքի իմաստուն արտահայտությամբ եւ նույնքան լայնարձակ ժպիտով, նրա կողքին շարված էին հեռուստաընկերությունների` հիմնականում լրատվական թողարկումների հաղորդավարները, ովքեր վարժ կարդում էին վարչապետին ուղղված իրենց հարցերը (անտարակույս` ինքնաբուխ): Տիգրան Սարգսյանը դրանց պատասխանում էր այնպիսի խանդավառությամբ ու պաթոսով, ինչպես կառավարության նիստերի ընթացքում հնչող իր դասախոսություններն են: Հեռուստատեսային հարցազրույցի եւ կառավարության նիստերի միջեւ առանձնապես տարբերություն չկա: Երկու դեպքում էլ նրան ոչ լսում, ոչ էլ, առավել եւս, հավատում են: Իրականում երեկվա հարցազրույցն ընդամենը հերթական անգամ ապացուցում էր Տ. Սարգսյանի իրական դերակատարությունը: Նա Հայաստանի տնտեսությանը նույնպես վերաբերվում է եթերային (ոչ հեռուստատեսային) դատողություններով, եւ այդպես էլ շփվում է հասարակության հետ: Երեկ վարչապետի աշխատասենյակում նստած էին հիմնականում բոլոր այն հեռուստաընկերությունների «դիկտորները», ովքեր, այսպես թե այնպես, իրենց ամենօրյա աշխատանքում ներկայացնում են Տ. Սարգսյանի նույն դասախոսությունները, «Հայկական» ու մյուս աշխարհների վերաբերյալ նրա երեւակայական թռիչքները: Եվ, բնականաբար, նրանք վարչապետին պետք է հարցեր ուղղեին այդ ոլորտներում արձանագրված «հաջողությունների», նրա ներաշխարհում, մտածողության մեջ ու ապագային ուղղված հայացքներում տեղի ունեցող պերմանենտ փոփոխությունների, Հայաստանի հետ կապ չունեցող բաների մասին, մի խոսքով: