Հերթական հանգրվանայինը

26/02/2011

Հայ Ազգային կոնգրեսի կողմից հրավիրված մարտի 1-ի հանրահավաքը հանգրվանային է լինելու: Երեկ նման հայտարարություն է արել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` պարզաբանելով, որ այդ օրը Կոնգրեսն ու ժողովուրդը պետք է իշխանություններին ապացուցի, որ 2008-ին տեղի ունեցած մարտի 1-ն այլեւս տեղի չի ունենալու: Ըստ Զուրաբյանի, մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ իշխանություններին ուղղվելու է «շատ պարզ մեսիջ` ցանկացած բռնություն տասնապատիկ հակահարված է ստանալու ժողովրդի կողմից»: Մարտի 1-ի հանրահավաքի կարեւորությունը, Զուրաբյանի խոսքերով, այն է, որ այն տեղի է ունենալու արաբական աշխարհում ընթացող հեղափոխությունների ֆոնին: «Այսօր մենք տեսնում ենք, որ այս իրադարձությունները ստեղծել են նոր միջազգային ֆոն, որում վերջին շրջանում առաջին անգամ միջազգային հանրությունն սկսում է արթնանալ ու հասկանալ, որ մարդասպաններն ու բռնապետները տեղ չունեն այսօրվա աշխարհում»,- ասել է Զուրաբյանը` ավելացնելով, որ այդ նույն միջազգային հանրությունը «քնած էր» ՀՀ-ում մարտիմեկյան դեպքերի ժամանակ: Նա ասել է, որ մարտի 1-ին հաջորդելու է հանրահավաքային նոր սեզոն, իսկ ապրիլից մայիս ընկած ժամկետը իշխանության համար լավագույն ժամանակահատվածն է` բավարարելու ՀԱԿ-ի պահանջները եւ նշանակելու արտահերթ ընտրություններ: Երեկ Լ. Զուրաբյանը որոշակի մանրամասներ է ներկայացրել նաեւ նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի միջեւ կայացած հանդիպման մասին: Ըստ Զոհրաբյանի, Փ Սեմնեբիին Տեր-Պետրոսյանն ասել է. «Ցանկացած բռնապետություն ինքնին կոնֆլիկտ է»: «Ես համաձայն եմ այդ մտքի հետ, բռնապետությունը նույնպես կոնֆլիկտ է` ռեժիմի եւ ժողովրդի միջեւ: Եվ ինչպես ցանկացած կոնֆլիկտ` այն հղի է պայթյունով եւ անկանխատեսելի հետեւանքներով: Ինչպես ցանկացած կոնֆլիկտում, կան դրա լուծման խաղաղ ճանապարհներ` բանակցությունների միջոցով, բայց նաեւ հայտնի է բոլորին, որ եթե կոնֆլիկտը երկար ժամանակ չի լուծվում խաղաղ բանակցություններով, ապա այն լուծվում է պատերազմով»,- հայտարարել է Զուրաբյանը` նկատելով, որ միջազգային հանրությունը եւս հասկանում է, որ բռնապետությունը ոչ միայն խնդիր է տվյալ երկրի ժողովրդի, այլ նաեւ միջազգային անվտանգության համար: Զուրաբյանն ասել է, թե մարտի 1-ի հանրահավաքում փորձ կարվի լուծում տալ իշխանություն-ժողովուրդ կոնֆլիկտին: ՀԱԿ-ը ձգտում է, որ այդ լուծումը լինի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է նաեւ իշխանական դաշտում կատարվող զարգացումներին: «Հայաստանում հաստատված ռեժիմը կամաց-կամաց սպառվում եւ քայքայվում է»,- ասել է նա` ավելացնելով, որ իշխանությունը դիմում է ամենանվաստացուցիչ միջոցների, որպեսզի պահպանի իր գոյությունը: «Արդեն այն հանգամանքը, որ նրանք ստիպված կիրառելով քաղաքական ռեկետ ԲՀԿ-ի նկատմամբ, կոնսոլիդացնում են իրենց թիմը, դա նշանակում է, որ նրանց գործերը շատ վատ են, եւ վերջին ճիգերով փորձում են իրենց շարքերն ամրապնդել»,- ասել է Զուրաբյանը: