Փող տամ, փող տուր

26/02/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երկու օր առաջ կառավարությունը մի որոշում ընդունեց եւ վրացական համարանիշերով մեքենաների մաքսազերծման թեման համարեց փակված։ Պարտադիր մաքսազերծման դեմ բողոքող մեքենաների սեփականատերերը հնարավորություն ստացան մի փոքր հետաձգել վճարումները, սակայն դա այն չէր, ինչին սպասում էին բողոքողները։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, բողոքի ակցիաները դեռ կշարունակվեն։

Վրացական համարանիշ չունեցող մեքենատերերի, եւ առավելեւս՝ մեքենա չունեցողների համար այս թեման մի փոքր անհասկանալի մնաց։ Շատերը հստակ չեն պատկերացնում՝ ո՞րն է խնդիրը, ինչի՞ դեմ են բողոքում, եւ ի՞նչ է անում պետությունը՝ դրան ի պատասխան։

Եթե կարճ ձեւակերպենք, ապա բողոքում են վրացական համարանիշ ունեցող մեքենաների վարորդները։ Ինչո՞ւ են մարդիկ նախընտրում մեքենան չմաքսազերծել եւ վարել վրացական համարանիշերով։ Վրացական համարանիշերը ոչ միայն հնարավորություն են տալիս սեփական անվան հապավումը կցել մեքենային, այլեւ… գումար խնայել։ Շատ գումար: Այդպես ավելի էժան է։ Կոնկրետ օրինակ բերենք։ 2005թ. արտադրության E դասի Mercedes ավտոմեքենայի մաքսազերծումը Վրաստանում արժե 1200-1400 դոլար։ Հայաստանում՝ նվազագույնը 5000-6000 դոլար։ Թե ինչո՞ւ է մաքսազերծումը մեզ մոտ այդքան թանկ, այլ թեմա է։ Բնական է, որ հայաստանցին չի ցանկանում հազարավոր դոլարներ ավելի վճարել մեքենայի մաքսազերծման համար։ Նա պարզապես ձեւակերպում էր ժամանակավոր ներմուծում, եւ մեքենան վարում առանց մաքսազերծման, քանի որ օրենքը թույլ էր տալիս տարվա մեջ մեկ անգամ հատել սահմանը, եւ պրոցեսը կրկնել նորից։ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանի խոսքերով, Հայաստանում 10-15 հազար մեքենա վրացական համարներով էին շրջում։ Դա կարող էր անվերջ տեւել։ Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ…

Ինչո՞ւ է Հայաստանում մաքսազերծումը թանկ

Նախ, սկսենք նրանից, որ ոլորտի պատասխանատուները համաձայն չեն, որ մաքսազերծումը թանկ է։ Այդուհանդերձ, ընդհանրացված ձեւով, մաքսազերծումը կատարվում է հետեւյալ սխեմայով՝ 20% ավելացված արժեքի հարկ, 10% մաքսատուրք (բացի ռուսական արտադրության մեքենաներից) եւ բնապահպանական վճարներ, որոնք բավական բարձր են՝ հատկապես հին ավտոմեքենաների համար։ Մի խոսքով, մաքսազերծման համար քաղաքացին միջինը վճարում է ավտոմեքենայի արժեքի 32-40%-ը։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե ձեռքբերման գնին, այլ մաքսային արժեքին, որը որոշում է մաքսային մարմինը։ Եվ շատ հաճախ ստացվում է, որ Գերմանիայում 1000 եվրոյով գնված օգտագործված մեքենայի մաքսազերծման համար վճարվում է 1500 եվրո։ ՊԵԿ-ը հիմնավորում է դա այսպես. կան, այսպես ասած, «հավատ չներշնչող» երկրներ, որտեղի ինվոյսը (ձեռքբերման փաստաթուղթը) կարող է չարտացոլել իրական գինը։ Օրինակ, արաբական երկրներում վաճառողի հետ ավելի հեշտ է «լեզու գտնել» եւ 15.000 դոլարով մեքենա գնելով՝ վերցնել 5000 դոլար գնի մասին հավաստող փաստաթուղթ եւ փորձել էժան մաքսազերծել մեքենան։ Այդ դեպքում ՊԵԿ-ի զգուշավորությունը հասկանալի է։ Սակայն Գերմանիայից, Ֆրանսիայից բերված մեքենաների դեպքում այդ երկրների թղթերին չհավատալն արդեն «թիթիզություն» է։ Նշենք նաեւ, որ Մաքսայինը մի ժամանակ հրապարակում էր մեքենաների հսկիչ գները, որպեսզի ներմուծողը նախապես իմանա՝ որքան է վճարելու։ Հիմա այդ գները չեն հրապարակվում։ ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանն այդ առնչությամբ news.am-ին ասել է. «Իմ անձնական կարծիքով՝ հսկիչ գնի հրապարակումը շատ սխալ էր: Ավտոմեքենաները միմյանցից տարբերվում են բազմաթիվ հատկանիշներով: Ժամկետի խնդիր կա, վնասվածության խնդիր կա, ավտոմեքենայի ներսում հագեցվածության խնդիր կա, եւ այլն: Ինչ-որ կասկածամտության պես մի բան կա մաքսային մարմինների նկատմամբ»: Նշենք, որ այդ կասկածամտությունը փոխադարձ է. քաղաքացիները չեն վստահում մաքսային մարմիններին, մաքսային մարմիններն էլ՝ քաղաքացիներին։

Ինչեւէ, մաքսային արժեքը մի կողմ՝ ինչո՞ւ են բարձր դրույքաչափերը, օրինակ, նույն Վրաստանի համեմատ։ Ավտոմեքենա մենք չենք արտադրում, հետեւաբար՝ ռուսների պես չենք կարող կրկնել, թե դա անում ենք տեղական արտադրողին օգնելու համար։ Սակայն հնչում է մեկ այլ պարզաբանում՝ եթե մաքսազերծումը էժան լինի, Հայաստանը կվերածվի հին ավտոմեքենաների գերեզմանոցի։ Սակայն նույն Վրաստանի օրինակը ցույց է տալիս, որ դա հիմնավորված չէ։ Դրույքաչափերի տարբերությունը հանգեցրել է նրան, որ հին մեքենաները Վրաստանից գալիս էին Հայաստան, քանի որ նույն գերմանական արտադրության մեքենան ավելի էժան է Վրաստանից ներմուծել, քան Գերմանիայից։ Ստացվում է՝ երկիրը ավտոմեքենաների գերեզմանոցի վերածում են ոչ թե ցածր, այլ բարձր դրույքաչափերը։

Կարեւորը բյուջեն է

Ինչպես տնտեսությանն առնչվող բոլոր հարցերում, այստեղ եւս առաջին դերն, իհարկե, պատկանում է փողին, բյուջեի համալրմանը։ Բանն այն է, որ մեր ներմուծման կառուցվածքում ծավալներով ավտոմեքենաների ներմուծումը զբաղեցնում է ցուցակի երրորդ պատվավոր հորիզոնականը (առաջին տեղում գազն է, երկրորդում՝ նավթն ու նավթամթերքները)։ ՊԵԿ տվյալներով, 2010թ. ընթացքում Հայաստան է ներկրվել 17.000 ավտոմեքենա (մարդատար, բեռնա-ուղեւորատար), որոնց մաքսային արժեքը կազմել է 155.6 միլիոն դոլար։ Այսինքն, միայն ավտոմեքենաների ներմուծումից բյուջե է մուտքագրվել շուրջ 30 միլիոն դոլար։ Սա լուրջ թիվ է։ Եթե այսօր 10-15 հազար ավտոմեքենա շրջում են վրացական համարներով եւ չեն մաքսազերծվում, ապա բյուջե չի մտնում 20-25 միլիոն դոլար։ Նման շռայլություն մեր պետությունն իրեն, իհարկե, թույլ տալ չէր կարող, եւ անցավ կոնկրետ գործողությունների։

Միայն հայկական համարներ

Փետրվարի 5-ից ուժի մեջ մտավ «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմի փոփոխությունը, ինչը նշանակում էր, որ բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծում իրականացնել միայն մեկ անգամ` 15 օրով: Սահմանված ժամկետը լրանալուց հետո տվյալ ավտոմեքենան արդեն պետք է ձեւակերպվի, եւ կատարվեն համապատասխան վճարումները: «Եթե օրենքի պահանջը չի կատարվում, ապա լրացուցիչ բարդությունների առաջ են հայտնվելու, ինչն անխուսափելի է. այդ դեպքում Մաքսային օրենսգրքով տուգանք է սահմանված` մաքսային արժեքի 10 տոկոսի չափով: Եթե դրանից հետո դարձյալ վճարումները չեն կատարվում, ապա ուշացրած օրերի համար եւս կնշանակվեն տույժեր»,- զգուշացրեց կոմիտեն։ Բնականաբար, այս որոշումը դժգոհության ալիք բարձրացրեց վրացական համարանիշեր ունեցող մեքենաների տերերի շրջանում, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե 100-200, այլ հազարավոր դոլարների։ Եղան բողոքի ակցիաներ, ինչին կառավարությունը պատասխանեց «երկար սպասված որոշումով» (վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեւակերպմամբ)։

Կոմպրոմի՞ս, թե՞ կոմպրոմիսի տնազ

Եվ այսպես, փետրվարի 24-ին կառավարության նիստում որոշում ընդունվեց արտոնություն տրամադրել ավտոմեքենա ներմուծող սոցիալապես խոցելի խավերին։ Հարցը արտահերթ կարգով օրակարգ է մտցրել ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Կառավարությունն այդ որոշմամբ հնարավորություն է տալիս մաքսազերծման հարկերը վճարել 6 ամսվա ընթացքում: Սակայն ոչ թե հետաձգում է վճարումը, այլ անտոկոս վարկ է տրամադրում քաղաքացուն՝ մաքսազերծման համար վճարելու նպատակով։ Դիմում են գրում մարզպետարաններին եւ դիմում բանկի ֆունկցիա ստանձնած կառավարությանը։ Եվ, որ ամենակարեւորն է՝ վարկառուն պետությանը գրավ է դնում մաքսազերծվող մեքենան։ Ընդ որում, այս մեծահոգությունից կարող են օգտվել ոչ բոլորը. կարգը տարածվում է մինչեւ 2005 թ. արտադրված եւ 5 մլն դրամից ցածր մաքսային արժեք ունեցող մեքենաների վրա: Կառավարությունն էլ հավաստիացնում է, որ որեւէ բյուրոկրատական քաշքշուկ չի ստեղծվի՝ դիմումից հետո բոլոր ընթացակարգերը կիրականացնեն պետական մարմինները։ Բողոքող վարորդները սա համարում են «ձեռառնոցի», քանի որ խնդիրն ըստ էության չի լուծվել, այլ ընդամենը «ՏՑրՐՏփՍՈ» է տրվել՝ գրավ վերցնելով մեքենաները։ Այս մարդիկ գտնում են, որ պետությունը պարզապես թալանում է իրենց, քանի որ ոչ մի հիմնավոր պատճառ չեն գտնում՝ ինչո՞ւ վրացական կառավարությունն իրենց համար ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում, քան սեփական երկրի կառավարությունը։ Կառավարությունն էլ, իհարկե, իր հիմնավորումներն է ներկայացնում։ «Պետք է նշել, որ մինչ այս փոփոխությունը, երբ ժամանակավոր ներմուծման ժամկետը մեկ տարի էր, խնդիրը բազմաթիվ շահարկումների տեղիք էր տալիս, քանի որ դա անհավասար դաշտ էր ստեղծում մյուս ներմուծողների համար»: Ահա այսպես՝ ամեն ինչ հավասարության համար։ Իսկ մենք մտածում էինք՝ կարեւորը միայն փողն է…