Փետրվարի 24-ի Գյումրիում ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի» գարեջրի գործարանի մուտքի մոտ դանակահարություն է տեղի ունեցել, որի հետեւանքով 29-ամյա մի երիտասարդ մահացել է: Դեպքը տեղի է ունեցել ժամը 15։00-ին: Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից Ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդներ, որտեղ նրանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում, «Գյումրի» գարեջրի գործարանի մուտքի դիմաց միմյանց հետ վիճաբանել են 8 անձինք` 30-ամյա Արսեն Սահակյանը, 28-ամյա Ալբերտ Սահակյանը, 26-ամյա Արմեն Սահակյանը, 39-ամյա Արմեն Սահակյանը, 29-ամյա Արթուր Առաքելյանը, 30-ամյա Վարդան Ասատրյանը, 33-ամյա Արման Սիրեկանյանը եւ ոմն Էդգար: ՀՀ ոստիկանության Լրատվական վարչությունից հայտնել են, որ վիճաբանության ընթացքում Արթուր Առաքելյանը եւ Վարդան Ասատրյանը սուր կտրող-ծակող գործիքից ստացել են վնասվածքներ, որի հետեւանքով Ա. Առաքելյանը հիվանդանոցում մահացել է: Ա. Սահակյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է, իսկ Ա. Սիրեկանյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Քննությունը վարում է Շիրակի մարզի քննչական բաժինը: Ի դեպ, ըստ Henaran.am-ի` Գյումրիում խոսում են, որ մահվան ելքով դանակահարության մասնակիցները Ս. Բալասանյանի որդու` Միսակ Բալասանյանի թիկնապահներն են: Ըստ կայքէջի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանում մինչ այդ գողություն էր տեղի ունեցել, որի արդյունքում մի քանի աշխատակիցներ հեռացվել էին աշխատանքից: Դանակահարության միջադեպն էլ տեղի է ունեցել հենց այդ թեմայի շուրջ ծագած վիճաբանության արդյունքում: Երեկ երեկոյան, սակայն, Ս. Բալասանյանի որդին հերքել է լուրերը. «Բալասանյան ընտանիքի որեւէ անդամ թիկնապահներ չի ունեցել, վեճը տեղի է ունեցել ոչ թե գործարանի տարածքում, այլ` գործարանի տարածքից դուրս»: