Այս օրերին երեւանյան սննդամթերքի վաճառքի կետերի աշխատակիցները, ինչպես իրենք են ասում՝ «ամաչելով» են նայում գնորդների աչքերին: Նրանք դժվարանում են հիշել, թե վերջին մեկ շաբաթվա ընթացքում որ մթերքի գինն է նույնը մնացել: Ըստ վաճառողների՝ սուրճից սկսած՝ ամեն ինչ թանկացել է: Եթե օրեր առաջ սուրճի 1 կգ-ն վաճառվում էր 2000 դրամով, ապա այսօր նույն սուրճի 1կգ-ն վաճառվում է 2300 դրամով: 40-50 դրամով թանկացել է նաեւ տուփերով վաճառվող սուրճի գինը: Թանկացել են նաեւ ձավարեղենն ու մակարոնեղենը: Մակարոնեղենը թանկացել է 50-100 դրամով: Վաճառողների կարծիքով՝ մակարոնեղենի թանկացումը պայմանավորված է ալյուրի գնի բարձրացմամբ: Երեւանյան շուկաներում ալյուրի «սուպեր» տեսակի 1 կգ-ն վաճառվում է 300-320 դրամով, եւ ըստ վաճառողների, օրեր հետո ավելի կթանկանա: Այս մտավախությունն ունեն նաեւ հացաբուլկեղենի վաճառքի կետերում աշխատողները: Նրանց փոխանցմամբ՝ առաջիկայում հացի գինը 10-20 դրամով կրկին թանկանալու է, լավագույն դեպքում էլ հացի կշռի պակասեցման հաշվին գինը կմնա կայուն: Ընդ որում՝ հացի գնի բարձրացումը կրկին պայմանավորում են ցորեն ներկրող ընկերությունների «տրամադրությամբ», իսկ վերջիններս էլ, ինչպես միշտ, դա կապում են միջազգային բորսաներում գների աճի հետ: «Ցորենի գինը կապված է միջազգային բորսաների հետ, որը օրական մի գին կարող է ձեւավորել, բայց բավականին պաշարներ կան, որոնց վրա բորսայական նոր ձեւավորված գները չեն կարող ազդել: Դրա համար անհանգստանալու լուրջ կարիք չկա»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց «Մանանա գրեյն» ընկերության նախագահ Գուրգեն Նիկողոսյանը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր բիզնեսմենի պահեստում էլ պաշարներ գոյություն ունեն, եւ միեւնույն ժամանակ իրենք շարունակում են նաեւ ցորեն ներկրել: Ներկայումս վրացական Փոթի նավահանգստից ցորենի 1 տոննան կարելի է ձեռք բերել 410-430 դոլարով՝ նախորդ տարվա հունիսի 200 դոլարի փոխարեն: Հայաստանը շարունակում է ցորեն ներկրել հիմնականում Ղազախստանից, քանի որ Ռուսաստանն արգելել է ցորենի արտահանումը, իսկ Ուկրաինան ցորենի, այսպես ասած՝ քվոտավորված վաճառք է կազմակերպում: Այսօրվա տվյալներով` Հայաստանը փոքր ծավալներով ցորեն է ներկրում նաեւ Իրանից, որտեղից բերված ցորենի որակը, սակայն, ըստ ներկրողների, այդքան էլ գոհացուցիչ չէ: «Իրանի գյուղատնտեսությունը կարգին վիճակում չի, ցորենը տեսակավորված չեն վաճառում, կամ վաճառում են իրենց վատորակ ցորենը»,- նկատեց Գ. Նիկողոսյանը: Ինչեւէ, եթե հացի գնի բարձրացման համար «օգնության» են հասնում միջազգային բորսաների անկայուն ու «խառը» վիճակը, ապա իրավիճակը փոքր-ինչ անհասկանալի է կաթնամթերքի թանկացման պարագայում: Այս օրերին կաթնամթերքի գինը բարձրացել է 10-20%-ի չափով: Օրինակ, «Մարիաննա» ընկերության միջին չափի թթվասերը վաճառվում է 220 դրամով՝ նախկին 180 դրամի փոխարեն: Երեկ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ կաթնամթերքի գների բարձրացման մասին: «Արզնի» եւ «Աշտարակ կաթ» ընկերությունների ղեկավարները մեզ հետ հեռախոսազրույցում նշեցին, որ իրենք կաթնամթերքի գները դեռ չեն բարձրացրել: «Այս ժամանակահատվածում մենք գնային փոփոխություններ չենք արել, եւ այսօրվա դրությամբ ոչ մի որոշում չկա, որ գին կբարձրացվի»,- ասաց «Աշտարակ կաթ» ընկերության գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը: «Արզնի» ընկերության փոխնախագահ Արմեն Ջամվելյանն էլ վստահեցրեց, որ իրենք եւս կաթնամթերքի գինը չեն բարձրացրել, եւ այս օրերին ընկերությունը վնասներով է աշխատում: Ըստ նրա՝ 2008-2011 թթ. կաթնամթերքի գները փոփոխություն չեն կրել: «2008թ. Հայաստանում ֆուրաժային կերերի 1 տոննան արժեր 300 դոլար, իսկ 1 դոլարի կուրսն արժեր 300 դրամ, իսկ հիմա ֆուրաժային կերերի տոննան արժե 450-460 դոլար՝ 365-366 դոլարի կուրսի պայմաններում: 1 կովը միջինը ուտում է 7-9 կգ, այսպես ասած՝ խտացրած կեր: Դեռ չհաշված էներգիայի եւ գազի ծախսերը, դիզելային վառելիքը, որ անասնապահության հիմնական ինքնարժեքն է կազմում»,- ասաց «Արզնի» ընկերության փոխնախագահը: Ավելի ուշ մենք փորձեցինք նաեւ տեղեկատվություն ստանալ «Մարիաննա» ընկերությունից, սակայն, այստեղ աշխատակիցներից մեկը, որ ներկայացավ Տաթեւիկ Հակոբյան անուն-ազգանվամբ, բավական գռեհիկ կերպով մեզ փոխանցեց, որ ընդհանրապես թերթերին իրենք ասելիք չունեն, եւ անջատեց հեռախոսը: Ինչեւէ, բացի կաթնամթերքից, թանկացել է նաեւ շաքարավազը, որի 1 կգ-ն վաճառվում է 370-380 դրամով: Թանկացել է անգամ բրազիլական հավի բուդը, որի 1 կգ-ն վաճառվում է 800 դրամով: Գների բարձրացում է նկատվում նաեւ բանջարեղենի վաճառքի կետերում, որտեղ, մասնավորապես, առանձնացնում են կարտոֆիլն ու սոխը: 1 կգ կարտոֆիլն արժե 350-400, իսկ 1 կգ սոխը՝ 500 դրամ: «Շան պես ապրում ենք, կլիենտների հետ կռիվ տալով: Ի՞նչ անենք»,- գրեթե բոլոր վաճառակետերում սառած հայացքներով այսպես էին պատասխանում վաճառողները՝ սկսելով կռիվ տալ սոցիալական բունտի ուրվականի հետ: Վաճառողների ասելով՝ իրենք նախանձում են օլիգարխներին, ովքեր ցանկացած գնի բարձրացման համար պատրաստի բացատրություն ունեն: «Ոչ էլ հարցնում ենք, քուր ջան, թե ինչի են գները թանկացրել: Քիչ-քիչ խեղդում են էս ժողովրդին»,- ասաց կանանցից մեկը: