Հանրակրթական դպրոցը Հայաստանում զարմանալի վիճակում է գտնվում. այն միաժամանակ եւ շատ տխուր, եւ զավեշտալի եզրակացություններ է ստիպում անել: Զարմանքն, իհարկե, լավ բան է, մանավանդ, երբ դրդում է լարել երեւակայությունն ու փորձել ընկալել դասագրքեր գրողների մտադրությունները: Սակայն երբեմն դասագրքային տեքստը կարող է այնպիսի հեռուներ տանել, որ մեր երեխաներն այդ հեռուներից դժվար թե կարողանան ետ վերադառնալ` սթափ գիտակցությամբ:
Օրինակ, առաջին դասարանի համար նախատեսված հայերեն լեզվի դասագրքում կարելի է կարդալ հետեւյալ ստեղծագործական տեքստ-«գոհարը», որը վերնագրված է այսպես` «Պստլիկ բալերը»: Ահա այն.
«Մայիսը եկավ ու սպիտակ շորեր նվեր բերեց բալերին: Բալենին հարսի նմանվեց: Սակայն շորերը օր օրի նեղ էին լինում բալերի հաստլիկ մարմիններին: Մի օր էլ բալերը հանեցին իրենց շորերը ու տվեցին հովիկին: Հիմա պստլիկ բալերը կլորիկ ու կարմիր այտերով բալեր են»:
Այս տեքստն, իհարկե, կարելի էր տպագրել առանց մեկնաբանության` ընդամենը հիշատակելով, որ այն հասցեագրված է 5-ամյա հայ մանուկներին ու նպատակ ունի ամրապնդել «բ» տառի նրանց իմացությունը: Սակայն, եթե ոչ մեծահասակները, ապա հենց երեխաներն են այդ տեքստը շատ լավ մեկնաբանում: «Հաստլիկ մարմինների» մերկ լինելու պատկերն ու շորերի հանձնումը հովիկին հոմերոսյան ծիծաղ է առաջացնում երեխաների մոտ: Նրանք կարծես առնչվում են «արգելված պտղի» մի նոր ձեւաչափի հետ, որտեղ մերկ հարսնացուն ու շատերի համար անըմբռնելի «հովիկը» (երեխաները հարցնում էին` իսկ ինչո՞ւ է այդ անունը փոքրատառով գրված) ամուսնանում են: Նշենք, որ երեխաների էրոտիկ երեւակայությունը խթանելուց բացի, այս տեքստը որեւէ այլ դեր չի կատարում: Այն նույնիսկ կենսաբանական տեսակետից է սխալ: Եթե տեքստի գործողությունը կատարվում է մայիս ամսին, ապա հեղինակները մոռացել են նշել, որ բալերի ծաղկունքի ու վերջնական հասունացման (կլորիկ, հաստլիկ մարմինների ձեւավորման) պրոցեսները որոշակի ժամանակային դիստանցիա են պահանջում: Ասենք` պետք է մի քանի ամիս անցնի, որպեսզի ծաղիկը պտուղ դառնա: Իսկ եթե փորձենք ավելի ստույգ լինել, ապա պտղի հասունացումը հարկ է նկարագրել սերմանալու պահից սկսած: Եվ հետո էլ` սահուն անցում կատարել մարդկային պտղի ձեւավորմանը: Այլապես գործողությունը չափազանց սրընթաց է դառնում` շորերը նեղացան, մարմինը հաստացավ, այտերն էլ կարմրեցին: Թերեւս` ամոթից: