Կոռուպցիայի դեմ պայքարի գործում մեծ է ԶԼՄ-ների դերը

26/02/2011

Ասում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան Կարեն Զադոյանը

– Շահերի Պաշտպանության եւ Աջակցության Կենտրոնները (ՇՊԱԿ) մեր թերթի հետ համագործակցում են, իսկ այլ ԶԼՄ-ների հե՞տ:

– Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող ՇՊԱԿ-ները համագործակցում են ինչպես հանրապետական, այնպես էլ տեղական ԶԼՄ-ների հետ: Մի շարք մարզերում տեղական հեռուստաընկերություններով լուսաբանվել են ՇՊԱԿ-ների կողմից կազմակերպված միջոցառումներ, եթեր են հեռարձակվել հեռուստահաղորդումներ` ՇՊԱԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: ՇՊԱԿ-ներն, արդեն երկար ժամանակ է, ինչ սերտորեն համագործակցում են Հանրային հեռուստաընկերության, «Ականատես» հաղորդաշարի, «168 Ժամ» եւ «TV ալիք» թերթերի եւ մի շարք այլ ԶԼՄ-ների հետ:

«Ականատեսում» մեր մասնագետները հանդես են գալիս որպես փորձագետներ: Ելնելով ՇՊԱԿ-ների դիմած խնդիրների առանձնահատկություններից, ձեր թերթին եւ «TV ալիք»-ին տրամադրվում են այդ խնդիրների օրենքով սահմանված կարգով լուծման հնարավոր եղանակները, ԶԼՄ-ները պարբերաբար հետաքրքրվում են ՇՊԱԿ-ների վիճակագրական տվյալներով, իսկ տեղական հեռուստաընկերություններն անդրադառնում են ՇՊԱԿ-ների գործունեությանը` լուսաբանելով դրանց կողմից հաջողությամբ հանգուցալուծված գործերը, ինչպես նաեւ՝ այն գործերը, որոնք դեռեւս գտնվում են ընթացքի մեջ: Բայց մեր կողմից առանձնահատուկ կերպով կարեւորվում է «168 Ժամի» հետ համագործակցությունը, քանի որ այն իմ գնահատմամբ՝ բավական արդյունավետ է եւ երկկողմ շահավետ: Մասնավորապես Մարատ Ատովմյանի կողմից ղեկավարած Երեւանի ՇՊԱԿ դիմած քաղաքացիների մի մասը մեզ են դիմում հենց «168 Ժամի» խորհրդով: Ունեցել ենք նաեւ դեպքեր, երբ ձեր թերթի կողմից լուսաբանվել են հասարակական հնչեղություն ունեցող գործերը, որոնք ՇՊԱԿ-ները հանձն են առել լուծելու: Այդպիսի գործերից է, օրինակ, Սյունիքի մարզի Ուրանի հանքավայրի երկրաբանա-հետախուզական եւ որոնողական աշխատանքների դադարեցմանն ուղղված Սյունիքի ՇՊԱԿ-ի եւ իր գործընկերների կողմից կազմակերպված միջոցառման լուսաբանումը:

– Ո՞րն է, Ձեր կարծիքով, քաղաքացիական հասարակության եւ հատկապես ԶԼՄ-ների դերը կոռուպցիայի դեմ պայքարի գործում։

– Կարծում եմ` քաղաքացիական հասարակության եւ հատկապես ԶԼՄ-ների դերը շատ կարեւոր է իրավական պետության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Դա հանրությանը հնարավորություն է ընձեռում հասարակական վերահսկողություն իրականացնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ: Իհարկե, այս գործընթացում անմասն չի կարող մնալ ԶԼՄ-ների կողմից հասարակության լայն շերտերին տեղեկատվության անաչառ եւ պրոֆեսիոնալ մատուցումը:

– Վերջերս շատ է խոսվում, գրվում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի եւ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի մասին: Միգուցե դա նրանից է, որ շատերը ծանո՞թ չեն այդ ասոցիացիաների գործունեությանը: Ավելին, ԶԼՄ-ներից մեկում ասոցիացիան եւ Ձեր անձը հիշատակվեց սփյուռքահայ Սերոբ Տեր-Պողոսյանի հետ կապված հրապարակման մեջ, ով մեղադրվում է մանկապղծության մեջ:

– Ծանոթ եմ այդ հրապարակումներին: Երկու ասոցիացիաներն էլ գործում են բացառապես օրենքի եւ իրենց առաքելությունների շրջանակներում՝ հանուն մեր անկախ եւ ինքնիշխան պետության զարգացման եւ հզորացման, դրանք բաց են, թափանցիկ, ու դրանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն կարելի է ձեռք բերել www.ayla.am եւ www.usaaa.am վեբ կայքերից: Ձեր նշած հրապարակումներից խորհրդային ժամանակաշրջանի անանուն նամակների հոտ է բուրում, քանի որ դրանցում արտացոլված ամբողջ, այդ թվում` մատնանշված անձի եւ երեւույթների հետ «կապված» տեղեկատվությունը որեւէ առնչություն չունի իրականության հետ, անանուն հոդվածագրի հիվանդագին երեւակայության արդյունքն է, պարունակում է ակնհայտ սուտ եւ վարկաբեկիչ տեղեկություններ՝ նպատակ ունենալով վարկաբեկել առաջին հերթին` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, նորաստեղծ Հայաստանի Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիայի, ինչպես նաեւ` իմ անձն ու բարի համբավը: Խստորեն դատապարտելով այդ անձին մեղսագրվող արարքը, ասոցիացիաների եւ իմ անձի (եւ առհասարակ որեւէ մեկի) մասին հոդվածագրին խորհուրդ կտայի մինչ նմանատիպ ստահոդ հրապարակումներ պատրաստելը դիմել այդ հարցերով իրավասու անձանց, կազմակերպություններին եւ ՀՀ պատկան մարմիններին` անհրաժեշտ տեղեկատվություն եւ փաստեր ձեռք բերելու համար: Հակառակ պարագայում մշտապես գործ կունենանք փաստերից զուրկ եւ ստահոդ հրապարակումների հետ, որը որեւէ առնչություն չունի ազատ, անկախ եւ օբյեկտիվ մամուլի հետ:

Մ. ՄԿՐՏՉՅԱՆ