«Հայաստանում կրթված մարդիկ վախ են առաջացնում»

26/02/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն այն մարդկանցից է, որն առաջին հերթին կարեւորում է լավ կրթությունը, վստահ լինելով, որ մարդու տեսակն ու ճաշակը հղկվում է մանուկ հասակից: Եվ եթե ուզում ենք, որ մեր երեխաները հպարտ ու ինքնաբավ մարդիկ լինեն, ապա անհրաժեշտ է կաթիլ առ կաթիլ դուրս հանել գավառական մտածողությունը, որը վերջերս ակնհայտորեն ներմուծվում ու քարոզվում է հեռուստաէկրանից ու դպրոցական ծրագրերում: Բ. Թումանյանը նշում է, որ ցանկացած մշակութային իրադարձություն միշտ իր արտացոլումն է ստանում հանրային կյանքում:

– Մեր մշակութային դաշտում խախտվել է բալանսը ու սկսել է իշխել կակաֆոնիան: Եվ որպես դրա հետեւանք` նախապատվությունը սկսել ենք տալ անորակ մարդկային տեսակին: Մեզ մոտ արվեստ սիրող մարդիկ, որպես կանոն, շատ հարուստ չեն (ի տարբերություն Եվրոպայի): Եվ արվեստը բոլորի համար հասանելի դարձնելը մշակութային քաղաքականության մասը պիտի լինի: Հիշում եմ, երբ 24 տարեկանում առաջին անգամ գնացի Իտալիա, մեծ ըմբոստության ականատեսը դարձա: Երիտասարդները, ուսանողները դժգոհում էին, որ իրենց թույլ չեն տալիս թատրոն գնալ առանց սեւ կոստյումի ու փողկապի: Եվ նրանք հասան իրենց ուզածին, այժմ «դրեսս-կոդը» գործում է միայն պրեմիերաների ժամանակ, իսկ հետագա բոլոր ներկայացումներին նույնիսկ ջինսերով կարող ես գնալ օպերա լսելու: Ասածս այն է, որ հասարակությունն ինքը կարողացավ հստակեցնել իր դասակարգումները:

– Իսկ կարո՞ղ եք ասել, թե մեր իրականության մեջ ինչ դասակարգեր կան: Ունե՞նք բանվորներ, բուրժուաներ, միջին խավ:

– Մեզ մոտ ամեն ինչը խառնված է: Միակ դասակարգումը հարուստների ու աղքատների բաժանումն է: Եվ որպես դրա հետեւանք՝ հարուստների ու աղքատների արվեստի տեսակներ են ստեղծվել: Նաեւ` կենսակերպեր:

– Այդպես լինո՞ւմ է:

– Տարօրինակ է, բայց լինում է: Մեզ մոտ աղքատը հարուստի արվեստի կրողն է, իսկ հարուստը` աղքատի արվեստի: Եվ դա սարսափելի դիսբալանս է ստեղծում: Ընդ որում` այդ խառնաշփոթն ամենուր է: Մեզ մոտ ընդդիմությունը շփոթվում է հայրենասիրության հետ: Եվ երբ որոշ մարդիկ ինձ մեղադրում են «ընդդիմադիր» դիրքորոշում ունենալու մեջ, ես ուղղակի զարմանում են եւ միշտ ասում, որ ես առաջին հերթին հայրենասեր եմ: Մեզ այնպիսի կառավարություն է պետք, որը կկարողանա միջին խավ ստեղծել, այդ դեպքում երկիրը երկիր կդառնա: Իհարկե, այդ խավը հիմա էլ կա, բայց խեղճացած ու անտեսված է: Օլիգարխիկ սիստեմով կառուցված երկիրը հեշտությամբ է ջարդվում: Օլիգարխին սնանկացնելը շատ հեշտ է. մեկը կգնա, եւ ավելի հզորը կգա ու նրա փոխարեն՝ ձուկ կուտի: Եվ վերջ, երկիրը կքանդվի: Դրա ապացույցը Բյուզանդիան է:

– Ստացվել է այնպես, որ Հայաստանում հաջողակները (բիզնեսում, քաղաքական վերնախավում, արվեստի կառավարման ոլորտում) բնավ էլ ամենագրագետ ու ճաշակով անձերը չեն: Եվ երեխաները ակամայից նմանակում են նրանց շարժուձեւը, խոսելաոճը, հագուստը: Նաեւ` նրանց նախընտրած արվեստի տեսակները:

– Կարծում եմ՝ մեզ ներքին ազգային կարգավորում է հարկավոր, որը պետք է սկսել կրթությունից: Եվրոպայում բոլորն ինձ որպես հայ են ընդունում, եւ դրանով ես շատ եմ հպարտանում: Բայց ուզում եմ, որ իմ թիկունքում կանգնած երկիրը հարուստ, ուժեղ, ինտելեկտուալ լինի: Թեկուզ փոքր, բայց գեղեցիկ լինի: Քանակությունը երկրորդական է, առաջնայինը որակն է: Չէ՞ որ բոլորովին էլ պարտադիր չէ քեզ ներկայացնելու համար ոտքից գլուխ զարդարվել: Կարող ես փոքր մի մատանի կրել ու ցույց տալ բոլորին քո որակն ու ճաշակը: Այդ դեպքում ինքդ էլ հոգեպես քեզ լիարժեք մարդ կզգաս: Բայց երբ տեսնում ես, որ անկիրթ մարդը որեւէ ընդունելության ժամանակ սկսում է մատով քիթը քչփորել կամ էլ ընդհատում է զրուցակցին, ասելով` հոպ, ախպեր, հիմա ես ադաթավոր կենաց ունեմ ասելու, դու միանգամից ամոթից գետինն ես մտնում:

– Իսկ չե՞ք նկատում արդյոք, որ մենք անկասելիորեն դառնում ենք Ռուսաստանի գավառներից մեկը:

– Իսկ եթե դառնանք Թուրքիայի՞ գավառը: Կամ էլ Պարսկաստանի՞:

– Գավառը վատ բան է:

– Մենք, միեւնույն է, գավառական երկիր ենք: Մեր մտածելակերպն է գավառական: Ընդհանրապես կարծում եմ, որ ողջ աշխարհն էլ Եվրոպայի գավառն է, քանի որ եվրոպական արժեքներով է ուղղորդվում: Բացառություն չէ նաեւ Ամերիկան: Ամենուրեք եվրոպական կուլտուրան է դոմինանտ համարվում: Մոլորակի համար միեւնույն է` 1.5 մլն հայերը կա՞ն, թե՞ չկան, մանավանդ, որ մեծամասնությունը Հայաստանում թշվառ վիճակում է ապրում ու հազիվ է գոյությունը պահպանում: Մարդկության գանձարանի համար նրանք պիտանի չեն, քանի որ ոչ միայն չեն օգտվում այդ գանձարանի նմուշներից, այլեւ` ոչ մի նոր բան ավելացնելու ունակ չեն:

Բայց վստահ եմ, որ նույնիսկ գավառ լինելով` կարելի է ընդդիմանալ ողջ աշխարհին ու սեփական քաղաքականությունն առաջ տանել: Ցանկացած իրավիճակում կարող ես շարժվել այն ուղիով, որն ինքդ ես նախընտրում: Կարող ես կրել քո երկրում եվրոպական կուլտուրան, ու դրանով քոնը զարգացնես:

– Իսկ չկա՞ այնպիսի տպավորություն, որ սեփական ուղիով զարգանալու միտքը դեռ դպրոցից է երեխայի միջից հանվում:

– Դա տպավորություն չէ, դա փաստ է: Այսօր երեխայի զարգացումը չի կարելի կապել պետական դպրոցի հետ: Չէ՞ որ երեխաներին սովորեցնում են, որ արտադասարանային ժամերին նրանք կարող են կարդալ ու ուսումնասիրել՝ ինչ ուզում են, իսկ դասերի ժամանակ պարտավոր են ենթարկվել ծրագրին ու իրենց մեջ ամրապնդել ծառայող դառնալու գաղափարը: Մեր երկրին ծառայողներ են պետք, ոչ ավելին: Այնպես որ, մեր դպրոցն էլ չի կարող կառավարող երկրի մտածելակերպով իր ծրագրերը կառուցել:

– Այսինքն` գավառը ներարկվո՞ւմ է:

– Իհարկե: Դու պետք է ծառայող դառնաս: Վերջ, այլ բան այս երկրին պետք չէ: «Երրորդ կարգի երկրներ» արտահայտությունը հո իզո՞ւր չի ծնվել: «Երրորդ կարգի երկրներին» ուտելիք, հագուստ, գաղափարներ են ուղարկում: Դե, ոչխարներ են, էլի, պետք է կերակրել: Եվ երեխաներին էլ սովորեցնում են երրորդ կարգի երկրի բնակիչ մնալու կարգավիճակի հետ համակերպվել: Հայաստանի քաղաքական էլիտայի հետ առնչվելու ժամանակ բոլորս էլ անընդհատ գոռում, բղավում ենք, որ միայն կրթության միջոցով կարող ենք առաջադեմ պետությունների հետ հավասարվել: Եթե երկիրդ կիրթ սարքեցիր, լուրջ երկրների շարքը մտնելու հնարավորություն կստանաս ու քո անվտանգությունը կրկնակի ապահովված կլինի: Կկրկնապատկվի քո կրթական ֆոնդը: Իրականում, Հայաստանում կրթված մարդիկ վախ եմ առաջացնում: Կրթությունը աշխարհի ամենահզոր ու վտանգավոր զենքն է: Փողը երբեք չի կարող գիտելիքի ուժն ունենալ, քանի որ փողը խլելը շատ հեշտ է: Հիշում եմ մայրիկիս սիրելի արտահայտությունը: Նա ասում էր` այն, ինչը փողով չես վերցնի, գիտելիքով կխլես: Ու միշտ ավելացնում էր` տղա ջան, սովորիր: Միակ զենքը դա է: