Նուբարաշենի աղբը տարածվում է

29/10/2005

50 տարվա պատմություն ունեցող 20 հա տարածությամբ Նուբարաշենի աղբանոցը ընդարձակվել, դարձել է 52 հա: Տարածքը, բնականաբար, պատկանում է Երեւանի քաղաքապետարանին: Երեկ, կեսօրին, սակայն, սանմաքրման մեքենաները բավականին մեծ քանակությամբ աղբը թափել են ոչ թե սահմանված 52 հա տարածքում, այլ աղբավայրից մոտ 700-800 մետր հեռավորության վրա՝ Նուբարաշենի գերեզմանատանը կից տարածքում: Սանմաքրման աշխատակիցներն այս արարքը պատճառաբանել են քաղաքապետի նոր հրահանգով, իբր քաղաքապետի հրամանով այսուհետ աղբն այդ վայրում պիտի թափվի: Ի դեպ, աղբատար մեքենաների մեծ մասի վրա գրված էր` «Կենտրոն» համայնք:

Նուբարաշենի բնակիչները զանգահարելով քաղաքապետարան իրենց վրդովմունքն են հայտնել այս կապակցությամբ, սակայն նրանց պատասխանել են, թե՝ «Էսօր դրա օրը չի»: Բնակիչների կարծիքով՝ քաղաքապետարանը աղբանոցի տարածքը մեծացնելու է, մինչդեռ թե՛ Նուբարաշենի, թե՛ Էրեբունու զանգվածի բնակիչներն այլեւս չեն դիմանում աղբի այրման պատճառով առաջացած աղտոտված օդին: Իսկ եթե աղբանոցի տարածքը մեծացնեն՝ բնակիչներն իսպառ կզրկվեն մաքուր օդից: Քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության բաժնի պետ Հենրիկ Բաբայանին խիստ զարմացրեց մեր այս տեղեկությունը: Հ. Բաբայանը հավաստիացրեց, որ նման հրահանգ չի եղել իրենց կողմից, առավել եւս` քաղաքապետի կողմից: Նա հաստատեց, որ 52 հա տարածքը պատկանում է քաղաքապետարանին, բայց թե ինչո՞ւ է աղբը թափվել այդ տարածքից դուրս՝ ինքը տեղյակ չէ:

Լ.Ս.