Երեկ գործադուլ են հայտարարել Թբիլիսիի միկրոավտոբուսների վարորդները։ Նրանք հավաքվել են Վրաստանի մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում եւ իրենց բողոքն են արտահայտել Թբիլիսիի քաղաքապետարանի անցկացրած մրցույթի դեմ, որի արդյունքում հաղթել էր մեկ շաբաթ առաջ գրանցված մի ընկերություն: Ըստ վարորդների, իրենք ընդհանրապես չեն հասկացել մրցույթի անցկացման ընթացակարգը: Բացի այդ, բողոքողները պահանջում են ավտոբուսների վարորդների հետ կնքած պայմանագրերին համանման պայմանագրերի ձեւակերպում, ինչպես նաեւ` վառելիքի անվճար հատկացում: «Հակառակ դեպքում կբարձրանա միկրոավտոբուսներով երթեւեկելու վարձավճարը, ինչը մենք չենք ցանկանում: Նախեւառաջ` դրանից ավելի շատ կտուժեն մարդիկ, եւ երկրորդ` մենք կկորցնենք մեր հաճախորդներին, քանի որ վերջինները կնախընտրեն օգտվել ավելի մատչելի տրանսպորտային միջոցներից»,- ասել են վարորդները: