Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը կարգադրել է ստեղծել հատուկ կոմիտե` ընդդիմադիր շարժման առաջնորդների հետ երկխոսություն սկսելու համար: Եմենի «Սաբա» պաշտոնական լրատվական գործակալության տվյալներով` կոմիտեն բաղկացած կլինի 5 անդամներից, եւ այն կգլխավորի վարչապետ Ալի Մուհամմեդ Մաջուրը: Նախագահը կոմիտեի առջեւ խնդիր է դրել «բաց եւ կառուցողական երկխոսություն վարել ցուցարարների հետ` նրանց պայմանները, կարծիքները եւ հայացքները բացահայտելու համար»: Նախագահի այս նախաձեռնությունը նրա կողմից լուրջ զիջում է, որը կարելի է դիտել նաեւ որպես կրքերը հանդարտեցնելու փորձ: Ընդդիմության արձագանքը երկխոսություն սկսելու նախագահի այս նախաձեռնությանը հայտնի չէ: Հիշեցնենք, որ աշխարհի ամենաաղքատ պետությունների թվում դասվող Եմենում նախագահի հրաժարականի պահանջով ցույցերը շարունակվում են արդեն մի քանի շաբաթ, եւ պարբերաբար վերածվում են ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների: