Բուժիչ նամակներ

26/02/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

«Տերեւաբանջարների թագավորը»
SPINACEA OLERACEA-սպանախ, ծմել, շոմին։

Սպանախը միամյա խոտաբույս է, մինչեւ 40 սմ բարձրությամբ, վայրի տեսքով, հանդիպում է միայն Այսրկովկասում եւ Միջին Ասիայում։ Մեր հայրենիքում մշակվել է հնագույն ժամանակներից։ 8-րդ դարի արաբական նվաճումների ժամանակ բույսը տարածում է ստացել Հյուսիսային Աֆրիկայում եւ Իսպանիայում։ Իր համային եւ բուժիչ հատկությունների շնորհիվ մշակվում է բազմաթիվ երկրներում։ Մեծ տարածքներ են հատկացված ԱՄՆ-ում։ Իտալացի հմուտ խոհարարները սպանախից պատրաստում են մոտ 100 տեսակի ուտեստներ։ Սպանախը սիրված բույս է նաեւ Բալկանյան երկրներում եւ Ֆրանսիայում։ Ֆրանսիացիները գնահատում են այս բույսը որպես նիհարեցնող, դիետիկ մթերք։ Բույսը մեծ տարածում ունի Արեւմտյան Եվրոպայում եւ Ճապոնիայում։ Սպանախը հեշտությամբ է հարմարվում ամեն տեսակի բերրի, բայց ոչ թթու հողերում։ Լուսասեր է, ժամանակին չջրելու դեպքում առաջացնում է ծաղկասլաք եւ կոպտանում է։ Թարմ հավաքված սպանախը պահպանվում է 3-5 օր՝ 1-2 աստիճան C-ի տակ, իսկ թարմ սառեցված վիճակում նույն ջերմաստիճանի դեպքում պահպանվում է երեք ամիս։ Սպանախից պատրաստված ուտեստները պետք է ուտել թարմ վիճակում կամ առնվազն հաջորդ օրը։ Հայաստանում մշակում են Ռոստովյան, Հոլանդական եւ Վիկտորիա տեսակները։ Արաբ բժշկապետերը սպանախն անվանել են «Բանջարների թագավոր»։ Ավիցենան (9-11-րդ դարեր) խորհուրդ է տվել օգտագործել սպանախը մի շարք հիվանդությունների բուժման համար։ 15-րդ դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր «Անգիտաց անպետ» դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում սպանախի վերաբերյալ գրում է. «Սպանախը մշակովի բույս է, ցանում են բանջարանոցում, բայց աճում է նաեւ վայրի վիճակում։ Լավագույնը անձրեւոտ եղանակին աճած սպանախն է։ Օժտված է փափկեցնող եւ խոնավացնող հատկությամբ։ Օգնում է հազի եւ դողէրոցքի դեպքում։ Դրա սերմերը լուծ են առաջացնում։ Սպանախը վնասակար է մարմնի սառը բնույթ ունեցողների համար»։

Ռուսաստանում բույսը սկսել է մշակվել 18-րդ դարի կեսերից, սակայն լայն տարածում չի ստացել։ Խորհրդային ժամանակներից սպանախի տերեւների եփուկը (1։20 հարաբերությամբ) օգտագործվել է ավանդական բժշկության մեջ որպես մարսողությունը լավացնող եւ մետեորիզմը բուժող միջոց։

Սպանախը սննդային առավելությամբ շատ արժեքավոր մշակաբույս է։ Այն վիտամինների աղբյուր է։ Սպանախը պարունակում է բետտա-կարոտին (4-4,5 մգ 100 գրամի մեջ), վիտամիններ՝ C (55), B1 (0,1), B2 (0,25), պանտոտենային թթու (0,3), B6 (0,1), PP (0,6), E(2,5), ֆոլիաթթու (80մկգ), H(0,1 մկգ), D2, P, K։

Սպանախի մեջ պարունակվող C վիտամինը եւ կարոտինը շատ կայուն են, չեն քայքայվում եփելու ընթացքում։

Վիտամին E-ն C վիտամինի եւ բետա-կարոտինի հետ համատեղ՝ կարեւոր դեր են կատարում օրգանիզմի հակաօքսիդանտային պաշտպանության համար։ Վիտամին C-ն եւ ռուտինը խթանում են օրգանիզմի պաշտպանիչ ուժերը։ Սպանախը ենթավիտամին A-ի պարունակությամբ շատ քիչ է զիջում գազարին, 25 գրամ սպանախը բավարարում է մարդու 1 օրվա պահանջը։ Ֆոլիաթթվի պարունակությունը սպանախի մեջ տատանվում է 80-200 մկգ-ի սահմաններում, որը կազմում է ֆիզիկական աշխատանք կատարող մարդու պահանջի կեսը։ Սպանախը պարունակում է երկաթ, որը, ֆոլիաթթվի հետ զուգակցված, կարգավորում է հեմոգլոբինի մակարդակը արյան մեջ, բացի այդ, սպանախի մեջ պարունակվող քլորոֆիլն իր քիմիական բաղադրությամբ մոտ է մարդու արյան հեմոգլոբինին։ Այդ է պատճառը, որ սպանախը կիրառվում է որպես դիետիկ միջոց արյան մի շարք հիվանդությունների եւ թոքախտի դեպքում։ Սպանախի սննդային առավելությունը նաեւ արժեքավոր է, որովհետեւ այն հարուստ է D2 հակառախիտային վիտամինով, որը հատկապես կարեւոր է աճող մանկական օրգանիզմին։ Այդ դրական ազդեցությունը համատեղվելով ֆոլիաթթվի, կալիումի, մագնիումի, ֆոսֆորի, կալցիումի եւ յոդի հետ, ապահովում է երեխայի բոլոր օրգանների համաչափ զարգացումն ու աճը։ Կալիումի պարունակությամբ սպանախը մտնում է այդ արժեքավոր տարրը պարունակող մթերքների առաջին հնգյակի մեջ (զիջելով թեյին, կակաոյի փոշուն, սուրճի հատիկին եւ չամիչին)։ Կալիումը՝ մագնիումի, կալցիումի, վիտամիններ A, C, E, B1, B6, P, PP եւ ֆոլիաթթվի հետ համատեղ, կարգավորում է ճնշումը հիպերտոնիայի դեպքում։ Սպանախը պարունակում է նաեւ մեծ քանակությամբ սպիտակուց, խաղողաշաքար, պտղաշաքար եւ բուսաշաքար։ Կարեւոր է, որ բույսի սպիտակուցը պարունակում է բոլոր անփոխարինելի ամինաթթուները։ Այս հանգամանքը կարեւորում է սպանախի օգտագործումը հիպերտերիոզի ժամանակ, երբ առկա է սպիտակուցի տարրալուծումը եւ քաշի անկումը։ Սպանախն օգտակար է նաեւ շաքարային դիաբետի, նյարդային համակարգի հիվանդությունների, ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբի, պարադոնտոզի, ծանր մտավոր եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում։ Սպանախի տերեւները պարունակում են զգալի քանակությամբ թրթնջկաթթու, որի պատճառով այն հակացուցված է պոդագրայի, կոլիտի, միզաքարային, լեղաքարային հիվանդությունների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում։ Սպանախի եւ գազարի (2։3) հյութերի խառնուրդը խորհուրդ է տրվում ծանր հիվանդություններից հետո ապաքինվողներին, օգտակար է նաեւ անեմիայի դեպքում։

Վիրուսային հիվանդություններից հետո, որպես կազդուրող միջոց, օգտակար է սպանախի, գազարի խատուտիկի հյութերի (1։3։1 հարաբերությամբ) խառնուրդը։

Ճառագայթահարումից հետո. 1 ճ/գ սպանախի տերեւները 30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Քամեք եւ խմեք քառորդ գավաթ, օրը 3-4 անգամ։

Մազերի ամրությունն ու փայլը պահպանելու համար կարեւոր է սպիտակուցով հարուստ սնունդը։

– Խառնեք 100 գրամ կաթնաշոռը 1ճ/գ չզտված արեւածաղկի յուղի հետ, ավելացրեք մեկ ատամիկ ճզմած սխտոր, վրան ցանեք աղացած կարմիր պղպեղ։ Մանր կտրատած սպանախի (100 գր.) կեսը լցրեք խոր աղցանամանի մեջ, վրայից՝ ստացված կաթնաշոռային խառնուրդը եւ մնացած սպանախը։

Օգտակար խորհուրդներ.

– Մատղաշ տերեւներում թրթնջկաթթվի պարունակությունը քիչ է։

– Թրթնջկաթթվի վնասակար ազդեցությունը չեզոքացնելու համար սպանախը եփելիս ջրի մեջ ավելացնել կաթ։