Չի լուծարվում

24/02/2011

Երեկ «Արմավիա» ավիաընկերության աշխատակիցներն ընկերության ղեկավարությունից ծանուցագրեր են ստացել, որոնց համաձայն՝ ընկերությունն աշխատելու է մինչ այս տարվա ապրիլի 1-ը: Աշխատակիցների փոխանցմամբ, ընկերությունը լուծարվում է, իսկ իրենց աշխատանքից ազատում են: Այս տեղեկությունների հավաստիության վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան նախ ասաց, որ ինքն այդպիսի ծանուցագիր չի ստացել: Ապա ավելացրեց, որ «Արմավիան» ոչ թե լուծարվում է, այլ եվրոպական չափորոշիչների համաձայն՝ ընթանում են վերակազմակերպական աշխատանքներ: «Ընկերությունը չի լուծարվելու: Քանի որ «Արմավիան» նորից անցնելու է «AIOSA»-ն (ավիացիոն բնագավառում աուդիտ իրականացնող միջազգային կազմակերպություն է.-խմբ.), միջազգային նոր ձեւերով պետք է առաջնորդվի»,- նշեց Ավանեսովան` հավաստիացնելով, որ ծանուցագրեր ստացած աշխատակիցները կշարունակեն աշխատել արդեն վերակազմավորված ընկերությունում: