– Դուք ՄԻ պաշտպան եք առաջադրվում կոալիցիոն խմբակցությունների կողմից, այդ առումով մարդու իրավունքների պաշտպանությունը բարդ չի՞ լինի Ձեզ համար:
– Չեմ կարող ասել, թե դրանով պայմանավորված կարող է բարդ լինել: Հատկապես, որ այսօր կոալիցիան ունի այնքան ձայն, որ որեւէ թեկնածու, որեւէ մարդ չի կարող աշխատել ՄԻ պաշտպան՝ առանց կոալիցիայի առաջարկության: Ինչ վերաբերում է կոալիցիայի կողմից առաջադրված լինելու հանգամանքին, ես չունեմ որեւէ նախապայման, որեւէ կաշկանդող երեւույթ, որը ինձ կխանգարի լինել բոլորի համար ՄԻ պաշտպան, եթե իսկապես ընտրվեմ:
– Այսինքն՝ կոալիցիայի թեկնածու լինելու հանգամանքը Ձեզ չի՞ կաշկանդի մարդու իրավունքների պաշտպանության հարցում օբյեկտիվ լինել:
– Ես պատկերացնում եմ, որ ՄԻ պաշտպանը պետք է պաշտպանի թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչներին, եւ թե ցանկացած մարդու: Բնականաբար, ես էլ պետք է փորձեմ դա առավելագույնս անել:
– Կփորձե՞ք Մարտի 1-ի գործերով անազատության մեջ գտնվող մարդկանց ազատ արձակման հարցը բարձրացնել:
– Ես կփորձեմ առաջին հերթին ծանոթանալ այդ գործերին: Որպես քաղաքացի՝ լրատվամիջոցներից կամ խոսակցություններից ստացած նյութերի տեսքով է իմ տեղեկատվությունը: Ես պետք է փորձեմ խորը ուսումնասիրել հասարակությանը հուզող ցանկացած հարց, եւ եթե ունենամ իրավական, գրագետ, քաղաքացիական ճիշտ դիրքորոշում, ես այն կներկայացնեմ:
– Այդ դիրքորոշումը դեռ չի՞ ձեւավորվել Ձեզ մոտ: Չէ՞ որ իրավաբան եք, նաեւ լրագրությամբ եք զբաղվել: Իսկ այդ գործերը հայտնի են հասարակության լայն շրջանակներին:
– Որպես իրավաբան՝ ես գիտեմ մի կարեւոր բան, որ հնարավոր չէ որեւէ գործ համարել ծանոթացած այն դեպքում, որ դրա մասին ընդամենը լրատվամիջոցներից ես լսել: Որպես քաղաքացի, ես ծանոթ եմ եւ ունեմ իմ դիրքորոշումը, բայց ոչ մեկին չպիտի հետաքրքրի մասնավոր Կարեն Անդրեասյանի դիրքորոշումը: Իսկ ՄԻ պաշտպանի դիրքորոշման համար խորապես ուսումնասիրել է պետք:
– Ինձ հետաքրքրում է որպես մարդու` Ձեր դիրքորոշումը:
– Իմ՝ որպես մարդու, դիրքորոշումը, կարծում եմ, որեւէ մեկին չպիտի հետաքրքրի, որովհետեւ ես այնպիսի պաշտոնի եմ հավակնում, որ հիմա իմ ամեն խոսքը կարող է չարաշահվել, քաղաքականացվել, սխալ օգտագործվել: Ես պետք է զերծ մնամ որպես մարդ այլեւս կարծիք հայտնելուց, մինչեւ պարզվի, ընտրվե՞լ եմ, թե՞ ոչ: Ընտրվելուց հետո ես կարտահայտեմ իմ` ՄԻ դիրքորոշումը, չընտրվելու դեպքում կշարունակեմ չարտահայտել իմ դիրքորոշումը, որովհետեւ կարծում եմ, որ մասնավոր անձանց, հատկապես՝ ոչ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն իրականացնող անձանց դիրքորոշումը կարեւոր չէ:
– Ընդդիմությունը դժգոհ է, որ սահմանափակվում է հավաքներ անելու իր իրավունքը, մասնավորապես՝ Ազատության հրապարակում չի թույլատրվում անցկացնել հանրահավաքներ: Դուք այս հարցում ո՞ր կողմի հետ եք համաձայն:
– Ես կարող եմ այս պահին միայն հիշատակել ՄԻ նախկին պաշտպանի խոսքերը, որ ըստ իր ուսումնասիրությունների` դա չի ազդել ընդդիմության իրավունքների իրացման վրա: Դիրքորոշում այս պահին ես դարձյալ չունեմ, մինչեւ դա կուսումնասիրեմ որպես ՄԻ պաշտպան:
– Հայտնի է, որ Դուք եք հեղինակել վիրավորանքը եւ զրպարտությունը ապաքրեականացնող օրինագիծը, որի արդյունքում այսօր լրատվամիջոցները նյութական խոշոր պատասխանատվության են ենթարկվում: Այն ժամանակ չէի՞ք մտահոգվում, որ դա իշխանությունների ձեռքին լրատվամիջոցներին նյութապես ճնշելու գործիք կդառնա:
– Խնդիրը հետեւյալն էր` ապաքրեականացնել, բանտ չնստեցնել նման դրսեւորումների համար, բերել քաղաքացիաիրավական դաշտ, ինչպիսին է ամբողջ Եվրոպայում: Իմ առաջարկած գաղափարն էր՝ հնարավորություն չտալ խոսքի ազատության չարաշահման ճանապարհով վիրավորել, զրպարտել, նսեմացնել եւ ահաբեկել որեւէ մարդու: Նախաձեռնությունը, որպես այդպիսին, հիմա դարձել է օրենք: Որեւէ կերպ ես չեմ կարող ասել, որ դա իմ հեղինակածն է, որովհետեւ իմ գաղափարը որեւէ մեկի կողմից չընդունվեց: Ես առաջարկություն արեցի լրագրողներին` համատեղ աշխատել, որ այդ լավ միտքը հանկարծ չփոխվի, չչարաշահվի: Ոչ մեկը ինձ չմիացավ: Հիմա ես չեմ կարող ասել` դա չարաշահվել է, թե ոչ, չէի ուզենա գնահատական տալ: Բայց իմ` որպես ՄԻ պաշտպանի առաջին գործը պիտի լինի այն, որ երբ խոսքի չարաշահման համար սահմանված է մինչեւ 2 մլն դրամ տուգանք, դատարանը դա համաչափ կիրառի:
– Կարծիք կա, որ ՄԻ պաշտպանի պաշտոնում Ձեր թեկնածության առաջադրման հարցում վճռորոշ դեր են խաղացել Ձեր համակուրսեցի` զինդատախազ Գեւորգ Կոստանյանի եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները:
– Խոսակցություններ կան, ու խոսակցությունների մակարդակով նման հարցադրումները, հասկանում եմ, որ պետք է լինեն: Ցավալի է, որ խոսակցությունների մակարդակն այդքան կարեւորվում է մեր քաղաքական մշակույթում: Գ.Կոստանյանն, այո, իմ համակուրսեցին է եղել: Ես ունեմ բազմաթիվ այլ համակուրսեցիներ տարբեր` եւ իշխանության, եւ ընդդիմության դաշտում: Ինչ վերաբերում է պարոն Մինասյանի հետ իմ մտերմությանը, նման մտերմությունը ցանկացած նորմալ մարդու համար կլիներ պատիվ, բայց այս պահին ես չեմ կարող գլուխ գովել մեր մտերմությամբ:
– Մտահոգություն չունե՞ք մարդու իրավունքները պաշտպանելիս ընդդիմանալ Ձեզ առաջադրած իշխանություններին եւ Ձեր նախորդի նման արժանանալ, ասենք, «ամենաանհաջող կադր» որակմանը:
– Նախ՝ ես չունեմ այդ ծանրաբեռնող երեւույթը, որովհետեւ ըստ օրենքի՝ ՀՀ նախագահը չէ ինձ առաջադրում: Առաջադրում է ԱԺ 26 պատգամավոր եւ քվեարկում է 78-ը: Եթե 78 պատգամավորները որոշեն, որ ես իրենց ամենաանհաջող կադրն եմ, ես այդ գնահատականը կընդունեմ խոնարհաբար: Բայց ես պատրաստվում եմ աշխատել ոչ թե այս կամ այն կողմի գնահատականի համար, այլ մի սովորական մարդու օգնելու համար, ինչը եղել է իմ երկար տարիների ցանկությունը: Ես դա արել եմ որպես իրավաբան եւ ՀԿ ներկայացուցիչ: Եթե ինձ վստահվի, ես կանեմ նաեւ՝ որպես պաշտպան:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:
– Գնահատական ես չեմ տա որպես մարդ, ես ընդամենը կօգտվեմ ՄԻ պաշտպանի զեկույցից եւ կասեմ, որ իսկապես կան բողոքներ, եւ դրանք շատ են: Բոլորս ենք հասկանում, որ ՄԻ պաշտպանի գործը բարդ է, որովհետեւ դեռ շատ են այդ խախտումները: