Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը` Տիգրան Փոստանջյանին: Վերջինս առավոտյան հրավիրվել է ԱԱԾ` հարցաքննության: Քննչական մարմինը, Փոստանջյանին ԱԱԾ-ում 3 ժամ պահելուց հետո, ձերբակալելու որոշում է կայացրել: Հիշեցնենք, որ Փոստանջյանը կասկածվում է 100 հազար դրամ ապօրինի վարձատրություն ստանալու մեջ: Տ. Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը երեկ ասել է, որ նախաքննություն իրականացնող մարմինն իր պաշտպանյալին ձերբակալելու որոշում է կայացրել` համարելով, որ Տ. Փոստանջյանն ազատության մեջ մնալու դեպքում կարող է թաքնվել քննությունից կամ անօրինական ազդեցություն գործադրել ենթադրյալ տուժողների նկատմամբ: «Դեռ ուրբաթ օրվանից իմ պաշտպանյալը գիտեր, որ իր նկատմամբ հարուցված է քրեական գործ, եւ ինչպես տեսնում եք, ոչ միայն փորձ չի արել թաքնվելու, այլ բարեխղճորեն երեկ ներկայացել է քննությանը: Այսինքն, նման մտավախությունները բացարձակ անհիմն են»,- նշել է փաստաբանը: Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանը հայտարարել էր, որ կատարվածը քաղաքական հետապնդում է իր նկատմամբ: «Սա ուղղված է եւ՛ իմ դեմ, եւ՛ «Ժառանգության» դեմ, եւ՛ ամբողջ ըմբոստ հասարակության դեմ»,- ասել էր նա: