Անհրաժեշտ է կարգավորել հացի գինը

29/10/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Նախորդ տարվա համեմատ ցորենի գինն իջել է մոտ 40 տոկոսով, բայց մինչեւ հիմա հացի գինը մնացել է անփոփոխ: Բնականաբար, փաստը մեծ դժգոհությունների պատճառ է դարձել հասարակության շրջանում:

Հացի խնդրի շուրջ վերջերս քննարկումներ են ծավալվել ԼՂՀ Ժուռնալիստների միության կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ, որին ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի Ֆինանսաբյուջետային տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Վլադիմիր Զաքիյանը, Հարկային պետական տեսչության, Հակահամաճարակաբանական կենտրոնի եւ Ստեփանակերտի հացի գործարանի ներկայացուցիչներ, անկախ տնտեսագետներ, լրագրողներ:

Կլոր սեղանի ընթացքում այն կարծիքը հնչեց, որ Ղարաբաղում հացարտադրողներն այսօր աշխատում են գերշահույթով, քանի որ ցորենի գնի ցածրացումը չի բերել հացի գնի նվազման: Հացի գնի թռիչքային բարձրացումը տեղի է ունեցել 2003-ի նոյեմբերին: Ստեփանակերտի հացի գործարանի ներկայացուցիչ Կարեն Ներսիսյանը, չբացառելով հացարտադրողների գերշահույթով աշխատելը, նշել է, որ իրենց գործարանը վերջին 9 ամիսների ընթացքում մեծ շահույթներ չի ունեցել: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ հունվար ամսին գործարանն իր արտադրած հացի 1 կգ-ն վաճառում էր 255 դրամով, իսկ ներկայումս` 167 դրամով: Հիշեցման կարգով նշենք, որ Ստեփանակերտի հացի գործարանից բացի, Ղարաբաղում հացի արտադրությամբ զբաղվում են 25 ընկերություններ:

Պարզվում է, որ հացի գնի նվազման եւ բարձրացման վրա պետությունը ներկայումս ազդեցության որեւէ լծակ չունի: Խնդրի կարգավորման առնչությամբ ներկայացվեցին տարբեր առաջարկներ: Կարեն Ներսիսյանի կարծիքով, պետությունը կարող է հացի գնի վրա ազդեցություն ունենալու համար օգտագործել հարկային լծակները: Տարբերակը ոչ արդյունավետ է գնահատել Հարկային տեսչության ներկայացուցիչ Արմինե Բաղդասարյանը, քանի որ Ղարաբաղում գյուղատնտեսությամբ զբաղվողներն ազատված են բոլոր տեսակի հարկերից (բացառությամբ՝ հողի հարկի):

Քննարկումների ընթացքում նաեւ միտք հնչեց, որ պետությունը, գնային ճիշտ քաղաքականություն վարելով, պետք է պաշտպանի եւ սպառողների, եւ արտադրողների շահերը: Անկախ տնտեսագետ Ռուզաննա Մանգասարյանը նկատեց, որ կառավարությունը պետք է սահմանի ցորենի եւ հացի գների նվազագույն եւ առավելագույն սահմանը: Սակայն այս մտքին չհամաձայնեց ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ կառավարությունն ի վիճակի չէ ապահովել այդ սահմանի իրականացումը, ու այդ դեպքում պետությունը պարզապես չի կարող ապահովել արտադրանքի իրացումը: Նա միաժամանակ առաջարկեց ավելի նպատակահարմար տարբերակ, ըստ որի կառավարությունը լիցենզավորման կարգում պետք է ավելացնի նաեւ հացարտադրողների գերշահութաբերությանը վերաբերող կետ: Հարկային տեսչության ներկայացուցիչ Արմինե Բաղդասարյանը տեղեկացրեց, որ պետությունը չունի այնպիսի օրենք, որտեղ ամրագրված լինի գերշահութաբերությունը եւ նման դեպքերում գանձվող հարկերի չափերը: Ներկաներից շատերի կարծիքով, այդ օրենքն անհրաժեշտ է: Պատգամավոր Արայիկ Հարությունյանի հավաստմամբ, մոտ ապագայում ԱԺ-ն նախատեսում է նման նախաձեռնությամբ հանդես գալ: Միաժամանակ նա խնդրի կարգավորման համար առաջնային է համարում աշխատել հացահատիկի բերքատվության բարձրացման ուղղությամբ: Հայտնի է, որ ԼՂՀ կառավարությունն այս տարի հացահատիկի արտադրության համար վարկ չի տրամադրել: Իսկ բերքատվության ցուցանիշը բարձրացնելու համար, գյուղատնտեսության փոխնախարարի կարծիքով` անհրաժեշտ են բավականին մեծ ներդրումներ: Նա ցավով նշեց նաեւ, որ մինչ այժմ կատարվել է շուրջ 19 հազար հա հերկ` նախորդ տարվա 65 հազարի փոխարեն: «Կարծում եմ ներկայումս անհրաժեշտ է աջակցել գյուղացիներին, իսկ քանի որ տվյալ դեպքում գերշահույթով աշխատում են հացարտադրողները, ապա ազդեցության լծակները պետք է կիրառել հենց նրանց նկատմամբ»,- ընդգծեց Վ. Զաքիյանը: