Հայկական բիզնեսի՝ Վրաստան «արտագաղթելու» թեմային արդեն հասցրել են անդրադառնալ հայաստանյան գրեթե բոլոր ԶԼՄ-ները։
Դրա մասին խոսել է նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը` իր անձնական բլոգում։
«Նույնքան հաճախ էլ հարցնում են հայկական տարբեր բիզնեսների մասին, որոնք, իբր, «փախչում են» Վրաստան: Առաջացող այդ հարցի վերաբերյալ հիմնական խնդիրն այն է, որ դրա հեղինակները հաճախ տարբերություն չեն դնում դեպի Վրաստան բիզնեսի ընդլայնման ու տեղափոխման միջեւ»,- գրել էր վարչապետն՝ «իբր» բառով, ըստ էության, հերքելով հայկական բիզնեսի Վրաստան տեղափոխման մասին լուրերը: Գրառման մեջ Տ. Սարգսյանը ներկայացրել է իր հիմնական թեզը. «Մեր երկու երկրների զարգացման մոդելները տարբեր են: Մենք ընտրել ենք բարեփոխումների էվոլյուցիոն, իսկ Վրաստանը` հեղափոխական ճանապարհը: Այդ ճանապարհներից յուրաքանչյուրն ունի իր դրական ու բացասական կողմերը: Մեր բարեփոխումները ենթադրում են իրականացման այլ տրամաբանություն: Այն, ինչ մի դեպքում կիրառելի է, մյուս դեպքում կիրառելի չէ, եւ պարզ համեմատություններն ու համադրումները, իմ կարծիքով, տեղին չեն»:
Մամուլն, իհարկե, անդրադարձավ այս հայտարարություններին։ Նույն բլոգում նույնպես բավականին արձագանքներ եղան։ Սկսվեց ակտիվ մի քննարկում՝ ասես վարչապետն ինչ-որ նոր բան էր ասել։ Իրականում ամեն ինչ սկսվել է դեռ անցյալ տարի, 2010թ. դեկտեմբերին։
Դեկտեմբերի 22-ին Տ. Սարգսյանը հարցազրույց էր տվել ռուսաստանյան «ՀըԽ» հեղինակավոր պարբերականին։ «Ռուսաստանում շատ ուշադիր հետեւում են Վրաստանի փորձին: Իսկ Հայաստանի մասին նման բան չեն խոսում…»,- ասել էր լրագրողը։ Տ. Սարգսյանը պատասխանել էր. «Ի տարբերություն Վրաստանի` մենք բարեփոխումները շուտ ենք սկսել: Այն, ինչը մենք անցել ենք երկար տարիների ընթացքում, նրանք ներդրել են «հեղափոխական» ճանապարհով: Շատ ոլորտներում մենք առջեւում ենք, որոշ բարեփոխումների համար անհրաժեշտ է ոչ մեկ տարի: Ինչ-որ տեղ էլ նրանք են մեզնից առաջ»: Հետաքրքիրն այն է, որ կառավարության պաշտոնական կայքի այն բաժնում, որտեղ զետեղված են վարչապետի հարցազրույցները՝ տարբեր ԶԼՄ-ներին, «ՀըԽ»-ի այս հրապարակումը չկա։ Փոխարենը կայքում կարելի է գտնել դեկտեմբերի 23-ին՝ «Lragir.am» ինտերնետային կայքին տված հարցազրույցը, որտեղ Տ. Սարգսյանը նույնպես խոսում է էվոլյուցիոն եւ ռեւոլյուցիոն ճանապարհների մասին. «Մեր բարեփոխումների տրամաբանությունն էվոլյուցիոն ճանապարհով առաջ գնալն է, ոչ թե հեղափոխական: Որովհետեւ մեզ միշտ օրինակ են բերում հարեւան Վրաստանը, որը գնաց հեղափոխական ճանապարհով` փոփոխությունների: Մենք գնում ենք էվոլյուցիոն ճանապարհով: Դա նշանակում է, որ մենք չենք կարող այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք իրենց մեջ պարունակում են ռիսկայնություն, ռիսկայնության չափազանց մեծ աստիճան, որոնք խարխլելու են կայուն զարգացման միտումները: Հեղափոխական ճանապարհն ունի այն ռիսկը, որ հեղափոխությունը կարող է չկայանալ եւ, ինքը կարող է բերի տապալման, իսկ Հայաստանի պայմաններում մենք այդպիսի շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ»։
Մի խոսքով, շատ հարցերում Վրաստանից ետ մնալը «էվոլյուցիա-ռեւոլյուցիա» երկընտրանքով հիմնավորելը նոր բան չէ։ Այդուհանդերձ, փետրվարի 17-ին վարչապետի արած գրառումը իզուր չի անցել, քանի որ հնչել են բավականին հետաքրքիր ու հիմնավորված արձագանքներ, եւ վատ չէր լինի լսել դրանց պատասխանը։ Ահավասիկ դրանցից մի քանիսը։
Տիգրան Հակոբյանը գրել է. «Կարծում եմ, սխալ է հակադրել հեղափոխական եւ էվոլյուցիոն ճանապարհները: Երկուսն էլ զարգացման փոխկապակցված, փոխպայմանավորված, փոխլրացնող էլեմենտներ են եւ առանձին վերցրած կորցնում են իմաստն ու արդյունավետությունը: Համոզված եմ, որ մեր երկիրը չունի այն երկարատեւ տասնյակ գործոններից բաղկացած ռեսուրսը, որը թույլ կտա էվոլյուցիոն ճանապարհով լուծել մեր առջեւ ծառացած լրջագույն խնդիրները: Անհրաժեշտ է իրականացնել լայն իմաստով սոցիալական հեղափոխություն (նկատի ունեմ պետական ինստիտուտների, հասարակության որակական, համակարգային, համակողմանի ձեւափոխումը), որից հետո միայն հնարավոր կլինի հարթել հանդարտ բարեփոխումների եւ երկրի արդիականացման ուղին (ինչը շարունակական գործընթաց է)…: Բերեմ նույն Վրաստանի պարզագույն օրինակը` կատարվեցին մի շարք հեղափոխական (եւ ուրեմն շատերին շատ ցավացնող) քայլեր, ասենք, ներքին գործերի կամ մաքսային մարմիններում (աշխատանքից ազատվեցին հազարավոր մարդիկ, հարյուրավոր մարդիկ ենթարկվեցին քրեական հետապնդումների, կատարվեց այդ գործընթացների հզոր պրոպագանդիստական ապահովում եւ այլն), իսկ հետո միայն սկսվեց երկար էվոլյուցիոն գործընթացը: Մեզ մոտ, պարոն վարչապետ, կարծես, իշխանական համակարգից ոչ ոքի այդպես «ցավացնելու» ցանկություն չկա: Սակայն այդ պարագայում, տարիներով չլուծվող (ըստ Ձեզ՝ էվոլյուցիոն ճանապարհով կամաց-կամաց լուծվող սոցիալական կոնֆլիկտները) ուշ թե շուտ կբերեն արդեն ոչ սոցիալական (որի իրականացումը, կրկնում եմ, կառավարության ձեռքում է), այլ քաղաքական հեղափոխական պայթյունի՝ իր բոլոր ցանկալի եւ անցանկալի հետեւանքներով: Կամ մեկն է, կամ մյուսը…»։
Սոս Մովսիսյան. «Հարգելի պարոն Սարգսյան, Դուք ընտրել եք բարեփոխման էվոլյուցիոն մոդելը, իսկ Վրաստանը` ռեւոլյուցիոն մոդելը: Մեր մոդելը ավելի ճիշտ կլիներ անվանել ճահճացման, հետընթացման մոդել, կամ մեկ քայլ առաջ, երեք քայլ հետ: Ո՞Ւմ է պետք ձեր այդ մոդելը, երբ ժողովրդի կենսամակարդակը սահում է դեպի անդունդը, օրեցօր ավելանում է աղքատների թիվը, թռիչքաձեւ բարձրանում են առաջին անհրաժեշտության մթերքների գները: Ձեր մոդելը միայն ծառայում է օլիգարխների էլ ավելի հարստացմանը, բայց ոչ ժողովրդի սոցիալական վիճակի գոնե աննշան բարելավմանը…»։
Անանուն. «Վրաստանի իրականացրած օրինակ ո՞ր բարեփոխումն է, որը համատեղելի է զարգացման նրանց ընտրած ռեւոլյուցիոն ճանապարհի հետ եւ համատեղելի չէ զարգացման մեր ընտրած էվոլյուցիոն ճանապարհի հետ»:
Անանուն. «Հարգելի պարոն Վարչապետ. Իսկ կարո՞ղ եք մի երկրի անուն տալ, որը ընտրելով բարեփոխումների էվոլյուցիոն ճանապարհ՝ հետամնաց երկրից դարձել է առաջատար զարգացած երկիր: Կարծում եմ, որ նման երկիր դժվար գտնվի, բոլոր երկրները, որոնք տնտեսապես կտրուկ աճ են գրանցել, ընտրել են հենց ռեւոլյուցիոն ճանապարհը՝ Ճապոնիայից, Սինգապուրից սկսած՝ Չինաստանով կամ Չեխիայով վերջացրած: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարելու համար գոյություն ունի միայն մեկ ճանապարհ, ինչպես ասել է Սինգապուրի առաջնորդը, դա իշխանությունների կամքն է, որը Հայաստանում ցավոք բացակայում է եւ գոյություն ունի միայն խոսքերում, բայց ոչ գործերում»։
Wonderaround. «Էվոլյուցիան ոչ միշտ է բերում առաջընթացի… oրինակ, ճահիճի պայմաններում զարգանում են խեցգետիններ, գորտեր եւ ճիճուներ, որոնց համար ճահիճը դրախտն է: Կաշառակերությունը քաղցկեղ է, որի դեմ պետք է վիրահատություն։ Դա թերապիայով բուժել անհնարին է»։
Խաչիկ Գեւորգյան. «Պրոգրե՞ս, էվոլյուցիա՞: Դուք հիմա մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահն եք, ի՞նչ պրոգրես եք ապահովել այնտեղ, որ ես ուրախանամ ու արձանագրեմ դրանք: Ուսման որա՞կն է բարձրացել, թե՞ ուսանողները կարողանում են օգտվել JSTOR ու EBSCO համակարգերից, թե՞ արդեն մանկավարժական համալսարան են ուզում ընդունվել եվրոպական երկրների ներկայացուցիչները: Դուք կամ մյուսները տեսնո՞ւմ են որեւէ փոփոխություն այդ համալսարանում 1990 թվականից սկսած: Ես մի փոքր առաջարկության փաթեթ եմ ներկայացրել այդ համալսարանի ռեկտորի պաշտոնակատարին: Կարծում եմ, պետք է քննարկեր ձեզ հետ: Մեկ ամիս է՝ նորություն չկա: Ճահիճ է մի խոսքով, ու այդ ճահիճը հնարավոր է չորացնել միայն սկսելով կրթությունից: Ես ատում եմ կաշառակերներին ու զզվում եմ նրանցից: Դո՞ւք»:
Նշենք, որ գրառումները հիմնականում այս բովանդակությունն ունեն։ Այսինքն՝ հայկական բլոգոսֆերայի (որին վարչապետը մեծ ուշադրություն է դարձնում) անդամները նույնպես չեն հավատում «էվոլյուցիա-ռեւոլյուցիա» հիմնավորման անկեղծությանը։
Հ.Գ. Փետրվարի 21-ին Տ. Սարգսյանը Պաշտպանության նախարարությունում բարձրագույն սպայական կազմի համար դասախոսություն է կարդացել՝ նվիրված սոցիալ- տնտեսական խնդիրներին եւ տնտեսական զարգացման հեռանկարներին։ Առաջին հայացքից անհասկանալի է՝ ինչո՞ւ հենց գեներալիտետին։ Մեր բարձրագույն սպայական կազմը ինչո՞ւ պետք է իր հիմնական գործը թողած` լսի երկրի տնտեսական զարգացման մասին հնչող մտքերը, որքան էլ դրանք խելացի լինեն։ Բայց մի պահ մտածեք՝ դահլիճում ներկա գտնվող գեներալներից մեկը կա՞, որ մեր երկրում գոնե մեկ լուրջ տնտեսական օբյեկտ (խանութ, բենզալցակայան, ռեստորան կամ հյուրանոց) չունենա։ Այսինքն, եթե մի պահ անտեսենք զինվորական համազգեստը, ապա կստացվի, որ վարչապետը ելույթ էր ունենում բավականին լուրջ բիզնես շրջանակի առաջ։ Այնպես որ՝ հենց այնպես ոչինչ չի լինում։