Արդեն մի քանի օր է՝ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը, ում գործունեությանը բազմիցս անդրադարձել ենք մեր թերթի վերջին օրերի համարներում, ի պաշտպանություն իր «բարի» համբավի, ստորագրահավաք է կազմակերպել:
Հիշեցնենք, որ այս տնօրինուհին նվաստացուցիչ պայմաններ է ստեղծել ոչ միայն դպրոցում սովորող աշակերտների, այլեւ նրանց ծնողների եւ ուսուցիչների համար: Ընդ որում՝ տնօրինուհու «սխրագործությունների» շղթան բացեց դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Հարությունյանը, ով մեր թերթի խմբագրությունում (հետո նաեւ` այլ ԶԼՄ-ներով) վիրավորված պատմում էր տնօրինուհու հայհոյախառն բառապաշարի ու անհարիր վարքագծի մասին: Հրապարակումից հետո պարզվեց, որ շատ-շատերն են առիթ ունեցել այս տնօրինուհու բառապաշարին ծանոթանալու, եւ կամ նրա «զոհը» դառնալու:
Այս դրամատիկ պատմությունը սկսվել է դեռեւս 2010թ. հոկտեմբերին, երբ դպրոցի բակում աշակերտ Ա. Հարությունյանն ու իր 2 ընկերներն ականատես էին եղել, թե ինչպես էր դպրոցի տնօրինուհին վիրավորել մի աշակերտուհու: «Մի աղջիկ էրեխու ասաց՝ հեռախոսդ կվերցնեմ ու կմտցնեմ մամայիդ համապատասխան վայրը: Ես էլ ասացի՝ էս ո՞ւր ենք ընկել: Էդ աղջիկն ընդամենը հեռախոսով էր խոսում»,- պատմում էր Ալբերտը: Տղայի կարծիքով՝ դպրոցում որեւէ մեկն իրավունք չունի տնօրենի գործողություններին արձագանքելու, իսկ տղայի համարձակ խոսքը հունից հանել էր ոչ միայն տնօրենին, այլեւ նրա որդուն ու ընկերախմբին: «Եկավ-մտավ դասարան ու հարձակվեց վրաս: Սկսեց խփել: Մի երկու հատ խփեց, եղունգներով ճանկռեց, հես ա՝ էս իրա ճանկռածի հետքերն են (մատնացույց է անում երեսը.- Մ.Մ.), հետո ձեռը պահեցի: Տղան էլ իրա կողքն էր, ու ինքն էլ հարձակվեց վրաս: Ես որ պաշտպանվեցի, տատս կողքս էր՝ ինքն էլ ինձ խփեց, ասաց՝ որ խփում է, մի պաշտպանվիր: Հետո դուրս եկանք, տնօրենի տղան ասաց, որ ես իրա մամայի խփածներից պաշտպանվում էի, բրթում էի: Ըտեղ էլի կռիվ սկսեց, տնօրենը կանչեց, ասաց, որ ես պիտի դուրս գամ դպրոցից: Ես էլ ասացի՝ դուրս կգամ-կգնամ 5-րդ դպրոց: Հետո ասաց՝ խուժան ես, գնա էդ խուժանների դպրոցը: Հետո սեռական բնույթի հայհոյանքներ տվեց, բերան ա հայհոյել»,- մեր առաջին հրապարակման ժամանակ պատմել էր Ալբերտը, ով դեպքից օրեր անց տեղափոխվեց Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոց: Սակայն Ալբերտի նմանօրինակ խիզախ քայլը (այն, որ տղան համարձակություն էր ունեցել մամուլին ներկայացնել ողջ ճշմարտությունը), այսպես ասած՝ ծանր «նստեց» նրա տատիկի՝ դպրոցի պատմության ուսուցչուհի Բահար Եղիազարյանի վրա: Տնօրենն ու մանկավարժական կոլեկտիվը հոգեբանական ճնշումների ենթարկեցին Բ. Եղիազարյանին՝ մինչեւ անգամ դպրոցում պատանդ պահելով, իսկ երեխաներին էլ դրդեցին նախապես պատրաստած ցուցապաստառներով դպրոցի բակ իջնել՝ ի պաշտպանություն իրենց տնօրենի: Ինչեւէ, այս ամբողջ ընթացքում «168 Ժամը» ստացել է աննախադեպ քանակությամբ նամակներ եւ հեռախոսազանգեր: Մեզ դիմում են ոչ միայն դպրոցի նախկին ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները, այլեւ ներկայումս դպրոցում սովորող երեխաները: «Ես սովորում եմ թիվ 2 դպրոցում: Ես շատ եմ վախենում, որ հիմա Ձեզ գրում եմ, ուզում եմ ասել, որ մեր տնօրենը շատ վատն է: Ինքը շատ ահավոր է խոսում աշակերտների հետ: Մեր դպրոցը ոնց որ բանտ լինի: Ես մի անգամ հիվանդ էի, շատ վատ էի զգում, ասացին՝ պետք է մամադ գա, տուն տանի: Իմ մաման զինծառայող ա, չկարողացավ գալ-տանել էդ օրը, շատ վատ զգացի, քիչ էր մնում ուշաթափվեի: Մի անգամ էլ մեր դասարանի՝ իմ կողքին նստող էրեխեն, դասի ժամանակ ասեց՝ կարա՞մ գնամ դուրս, թույլ չտվեցին: Էդ էրեխեն արեց տակը, ու բոլորը ծիծաղեցին իրա վրա: Ուզում եմ ասել, որ էն օրը, երբ լրագրողներ էին եկել մեր դպրոց, մեզ ստիպել են, որ ներքեւ իջնենք: Խնդրում եմ իմ անունը ոչ մի տեղ չտաք»,- ասվում է մեր խմբագրության ստացած բազմաթիվ նամակներից մեկում: Երեկ խմբագրություն զանգահարած քաղաքացիները, այդ թվում նաեւ՝ ուսուցիչներ, պատմում էին, թե Սուսաննա Նազարյանն ինչպես էր համոզում Էջմիածնի եւ դրան հարակից գյուղերի դպրոցների տնօրեններին, որպեսզի իրեն պաշտպանելու համար ստորագրահավաք կազմակերպեն: Ավելին, զանգահարողներից մեկն ասաց նաեւ, որ տնօրինուհին ստորագրությունների «ցուցակը» պատրաստվում է ուղարկել նաեւ Հոկտեմբերյանի դպրոցներ, որպեսզի նրանք էլ միանան: Իսկ երեկ օրվա երկրորդ կեսին նաեւ պարզվեց, որ դպրոցի տնօրենի պաշտպան-ուսուցիչները առավոտյան արդեն գնացել էին ՀՀ Կրթության եւ գիտության նախարարություն` իրենց հետ տանելով նաեւ ստորագրություններով այն ցուցակը, որն, արդեն մի քանի օր է, պատրաստում էին: Զավեշտալին այն է, որ մեր վերջին հրապարակումից հետո դպրոցի տնօրինուհու «պաշտպանյալները» (որն այլեւս ավելի շատ «թայֆա» է հիշեցնում) նախարարությունում ասել էին, թե իբր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի եւ դպրոցի ներկայումս սովորող աշակերտների միջեւ հանդիպում չի եղել, եւ թե դա ընդամենը մամուլի «պատրանքներից» է: Ու սա՝ այն դեպքում, երբ պատգամավոր Բախշյանի եւ աշակերտների հետ հանդիպման ժամանակ ներկա էինք թե՛ մենք, թե՛ «Հետքի» լրագրողը: «Բոլոր այն մանկավարժները, որոնք հանդուրժում են որեւէ մեկի, առավել եւս տնօրենի կողմից նման անվայել խոսքեր երեխաների հասցեին, այդ մանկավարժները դառնում են հանցակից: Որպես քաղաքացի՝ չեմ հանդուրժում, որ այդպիսի մանկավարժները շարունակեն աշխատել դպրոցում»,- մեզ հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը: Ի դեպ, վերջինս Էջմիածնում աշակերտների հետ հանդիպման ընթացքում նաեւ իր հեռախոսահամարներն էր փոխանցել` անհրաժեշտության դեպքում ուղիղ կապ հաստատելու համար:
Բացի հարկադիր ստորագրահավաքից, տնօրեն Սուսաննա Նազարյանն, արդեն 3 օր է, փորձում է հարկային դաշտ բերել իր կողմից շահագործվող դպրոցի բուֆետը: Այս մասին ասաց խմբագրություն զանգահարող քաղաքացիներից մեկը: Ի դեպ, հիշեցնենք, որ այս դպրոցի բուֆետն, ինչպես դպրոցի աշակերտները պատմեցին, «աշխատեցնում է» Նազարյանի ամուսինը՝ Վաղարշապատի քննչական բաժանմունքի նախկին քննիչը: Հիշեցնենք նաեւ, որ տնօրենն իր սեփական «առեւտուրը» խթանելու համար սահմանել է 20 րոպե տեւողությամբ դասամիջոցներ:
Ինչեւէ, իրենց հերթին ստորագրահավաք են սկսել նաեւ դպրոցում ներկայումս սովորող աշակերտների ծնողները: 2 կողմերի նման մոտիվացիայի դրսեւորման հիմք է հանդիսացել ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի արագ արձագանքը դպրոցում տիրող վիճակին եւ դրան հետեւած` «խիստ նկատողությունը»: Փետրվարի 22-ին ՀՀ Կրթության եւ գիտության նախարարը հրաման է ստորագրել Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ կարգապահական տույժ՝ «խիստ նկատողություն» կիրառելու վերաբերյալ: Հրամանի համար հիմք էին ծառայել ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի զեկուցագիրը, տնօրեն Ս. Նազարյանի բացատրագիրը: «Դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտին վերջին շրջանում անդրադարձել են նաեւ զանգվածային լրատվական միջոցները»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Դրան հաջորդեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի մամլո հաղորդագրությունը, որտեղ Աժ պատգամավորը նախարարին առաջարկում է «Դպրոցներին ազատել հայհոյախառը բառապաշար ունեցող տնօրեններից»: Ինչեւէ, երեկ ուշ երեկոյան ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացանք, որ Արմավիրի մարզի դատախազի ցուցումով մեր թերթի հրապարակումները հիմք են հանդիսացել քրեական գործի հարուցման համար: Երեկ քրեական գործ հարուցելու որոշումն արդեն կայացվել է ՀՀ ՔՕ-ի 309 հոդվածի առաջին մասով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով:
Ավելին, մեր տեղեկություններով՝ շուտով ՀՀ ԿԳՆ պետական տեսչությունը ստուգումներ է անցկացնելու դպրոցում, որտեղ, վստահ ենք, զարմանալու քիչ առիթներ չեն լինի, սկսած` աշխատացուցակից, դպրոցում «կատարված» վերանորոգչական աշխատանքներից եւ բուֆետի շահագործումից: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ տնօրինուհին «խիստ նկատողություն» ստանալու օրը քեֆ-ուրախություն է կազմակերպել Էջմիածնի ռեստորաններից մեկում՝ իբր իր վրա որեւէ ազդեցություն չի էլ գործել նախարարի նկատողությունը:
Եվ վերջում, կցանկանայինք պարզապես մեջբերել որոշ հատվածներ էջմիածինցիների նամակներից։ Նրանց հիմնական մասը, հասկանալի պատճառներով, խնդրում է չհրապարակել իր անուն-ազգանունը:
«Կցանկանայի ձեզ եւս մեկ բան պատմել Նազարյանի մասին: Իհարկե, կներեք իմ գրած բառերի համար, նա ասել էր ծնողներից մեկին՝ «Երեխուդ վեկալ ու սիքտիրդ քաշի»: Կխնդրեմ իմ անուն-ազգանունը չհրապարակեք»,- գրում է մի քաղաքացի: Մյուսը, թե` «Համամիտ եմ Էջմիածնի թիվ 2 դպրոցի վերաբերյալ հրապարակած նյութերի հետ: Ինչ վերաբերում է ուսուցիչների կողմից տնօրենին աջակցելուն, կասեմ, որ դա արվում է միայն վախից ելնելով, ուսուցիչները վախենում են տնօրենից, աշխատանքից զրկվելուց, լավ գիտենք, թե ինչ դժվար է այսօր աշխատանք գտնելը»: Մեկ ուրիշ նամակ. «Հարգելի խմբագրություն, ձեզ գրում է Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին ծնող: Կարդացել եմ ձեր բոլոր հոդվածները այս դպրոցի մասին եւ ուզում եմ տեղեկացնել եւս մեկ մանրամասն տիկին Հակոբյան Հռիփսիմեի մասին: Ասեմ, որ նա եղել է իմ երեխայի անգլերենի ուսուցչուհին: Ասեմ, որ շատ դժգոհ ենք նրա գռեհիկ վերաբերմունքից, վարքից եւ խոսելաձեւից: Նա մտնելով դասարան՝ յուրաքանչյուր տարեսկզբին պարտադրում է ներկայացնել ցուցակով այն աշակերտների անունները, ովքեր պիտի մասնավոր պարապմունքների մասնակցեն իր մոտ: Ի դեպ, մենք հրաժարվեցինք նրա պարապմունքներից եւ դարձանք նրա թշնամին: Տեղեկացնեմ ձեզ, որ նա, չունենալով համապատասխան մանկավարժական կրթություն (ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտը), չլինելով անգլերենի մասնագետ, չունենալով ավագ դպրոցում դասավանդելու համապատասխան իրավունք, աշխատում է դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցիչ ավագ դասարաններում, եւ ուսմասվար, քանի որ գտնվում է տնօրենի հովանավորության տակ»: Մեկ այլ նամակից. «Անձամբ որոշ չափով ծանոթ լինելով ոչ թե մարդուն, այլ երեւույթին, կարող եմ հստակ ասել, որ այն ամենը, ինչ գրել էիք ձեր հոդվածներում, ոչ թե ճիշտ են, այլ փոքրիկ մասերն են կազմում նրա, ինչպես դուք էիք գրել, սխրանքների: Նվաստացնելը պարզապես նրա հոբբին է: Նա հաճույք է ստանում, երբ կրկին ու կրկին վերահաստատում է իր իշխանությունը: Նա իրեն դաս տված, իրեն կրթած ու «մարդ» դարձրած ուսուցիչներին, ովքեր տասնյակ տարիներ մեծ են, այն աստիճան է անպատվում, որ «քուչի» տղերքը պիտի դասերի գնան նրա մոտ:
Սխրանքներից մեկի մասին պատմեմ, որի մասին գիտեմ շատ հավաստի աղբյուրներից: Թիվ 2 ավագ դպրոց որպես ուսուցիչ ընդունվելու համար, այդքան կարեւոր չէ գիտելիքը, ինչքան 3000 դոլարը, որ պետք է վճարես «տիրուհուն», որը նա պնդում է, թե իրեն չի մնում, թե վերեւներին է տալիս, ոչ ոք չի կարող ընդունվել այդ դպրոց աշխատանքի, իհարկե, եթե իր աղջիկը կամ տղան չեն: Ի դեպ, կարծում եմ՝ նա հոգեկան եւ նյարդային լուրջ խնդիրներ ունի, քանի որ մեծ քանակությամբ դեղեր է խմում: Հուսամ՝ օգնեցի, անունս հրապարակել չեմ ուզում»: Այլ նամակից. «Ես լինելով Արմավիրի մարզի թիվ 2 դպրոցն ավարտած աշակերտուհի, կցանկանայի ձեզ մի քանի բան տեղեկացնել այժմյան տնօրենի` Սուսաննա Նազարյանի վարքագծի որոշ մանրամասների մասին: Ես դպրոցն ավարտել եմ անցյալ տարի եւ բավական հիասթափված եմ իմ նախկին եւ ոչ սիրելի դպրոցից` միայն ու միայն տնօրենի պահվածքի պատճառով: Երեւի թե շատ բան գիտեք այժմյան դպրոցի մասին, բայց նաեւ կուզեի ավելացնել, որ դպրոցը միշտ էլ եղել է բռնատիրական վիճակում: Տնօրենը միշտ էլ այնպիսի բաներ է թույլ տվել իրեն, որ վայել չէ ոչ մանկավարժին, ոչ առավել եւս ցանկացած ծնողի: Երբ ես սովորում էի 9-րդ դասարանում, դասերից հետո երբ ցանկանում էինք տուն գնալ, դասարանի 2 տղաներ կատակով հրեցին իրար, եւ մի սեղան ընկավ ցած: Եվ, քանի որ մեր դասարանը գտնվում էր տնօրենի աշխատասենյակի հարեւանությամբ, տնօրենը, լսելով աղմուկը, անմիջապես եկավ մեր դասարան եւ ասաց. «Ձեր մերերը ձեզ ծնելու փոխարեն պիտի վիժեին», եւ դրանից հետո եւս մի քանի անվայել բառեր հաջորդեցին: Այդ օրը հիշում են մեր դասարանի բոլոր աշակերտները, քանի որ մինչեւ ժամը 5-ը ստիպված եղանք դպրոցում մնալ, կանչեց մեր ծնողներին էլ մի քանի բաներ ասաց: Եվ կուզենայի նշել, որ եթե մեր օգնության կարիքը լինի, ես եւ իմ եղբայրը (որը նույնպես այդ դպրոցի նախկին աշակերտ էր) մեծ հաճույքով կօգնենք ձեզ ցանկացած հարցում»:
168 ժամ – Արդեն մի քանի օր է՝ բացի Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի կերպարը բացահայտող նամակներից ու հեռախոսազանգերից, Էջմիածնի բազմաթիվ բնակիչներից նախազգուշացումներ ենք ստանում: Նրանք մեզ հորդորում են զգույշ լինել, որպեսզի լրագրող Մարինե Մարտիրոսյանին որեւէ վնաս չպատճառի այս տնօրինուհին կամ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկը: Ոմանք խորհուրդ են տալիս ձայնագրությունների մի քանի կրկնօրինակներ անել եւ պահել հուսալի տեղում, ոմանք զգուշացնում են լրագրողի հեռախոսահամարները փոխել, ոմանք էլ լրագրողին ուղղակի զգուշացնում են. «Զգո՛ւյշ եղիր, «միամիտ» մեքենայի տակ չգցեն»: Սա կարելի է համարել նաեւ՝ որպես «168 Ժամի» կողմից ՀՀ իրավապահ մարմիններին իրազեկում: