Մուտանտների ենք վերածվելու

24/02/2011

Բնապահպան Կարինե Դանիելյանը երեկ հայտարարել է, որ հանքավայրերի բաց եղանակով շահագործման եւ բնապահպանական նորմերի կոպիտ խախտման հետեւանքով բնապահպանական լուրջ խնդիրներ են առաջացել Հայաստանի մարզերում: «Անկախության 20 տարիների ընթացքում կատարվող գործընթացները ցույց են տալիս, որ մենք կորցնում ենք Հայաստանի հարավն ու հյուսիսը»,- ասել է նա` հավելելով, թե այսօր ՀՀ-ում նկատվող թափոնների եւ նորմերի խախտումներով գործող պոչամբարների առատությունը «չի խոսում մաքուր գյուղատնտեսության եւ տուրիզմի զարգացման հետ»: «Այսօր խոսում են էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի աճեցման մասին, սակայն աղտոտված տարածքում ի՞նչ մաքուր գյուղատնտեսություն»,- նկատել է բնապահպանը` հավելելով, թե ՀՀ գյուղմթերքը չի կարող մրցունակ լինել միջազգային շուկայում: Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Սոդք գյուղում վերջերս ծնված երկգլխանի հորթին, նա ասել է. «Մենք ուրախանում էինք Սոդքում այդ հրեշածին հորթուկի համար, սակայն դա հանրապետության գերաղտոտված տարածքներից մեկն է: Այդտեղ ծանր մետաղների մեծ քանակության կուտակում կա: Եթե մենք ուզում ենք այդպիսի մուտանտների վերածվել, մեր երեխաները նման հիվանություններով հիվանդանան, ուրեմն պետք է ասենք` լավ է ամեն ինչ»: