Բռնապետության հիմքը մարդկանց վախն է

24/02/2011

«Երբ մարդիկ այլեւս չեն վախենում, բռնապետությունը մեծ վտանգի մեջ է»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի հայտնի քաղաքագետ Ջին Շարփը, ով համարվում է արաբական աշխարհում շարունակվող հեղափոխությունների ալիքի ոգեշնչողներից մեկը: 83-ամյա Ջին Շարփն ապրում է Բոստոնում իր փոքր տանը, զբաղված է գիտական գործունեությամբ: Նրա աշխատությունները` «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն», «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ», որ պատմում են խաղաղ հեղափոխությունների անցկացման մասին, ոգեշնչել են այլախոհների բազմաթիվ երկրներում, ինչպես` Բիրման, Բոսնիան, Էստոնիան, այժմ էլ` Թունիսն ու Եգիպտոսը: Հարցին, թե ի՞նչ է զգում, երբ տեսնում է, որ բոլոր այս երկրները Մերձավոր Արեւելքում ժողովրդավարության հասնելու իրենց ճանապահին օգտագործում են իր ուսմունքը, Ջին Շարփը պատասխանել է. «Ես չէի ասի, թե դա իմ ուսմունքն է, ես այլ բառ կօգտագործեի` իմ ուսումնասիրությունները` հիմնված հետազոտությունների վրա: Շատ լավ է, որ իմ աշխատանքներն օգտակար են, սակայն եգիպտական հեղափոխությունը Եգիպտոսի ժողովրդի արժանիքն է, ոչ իմը»: «Ինչպե՞ս կբնորոշեիք այս հեղափոխությունը»: Լրագրողի այս հարցին նա արձագանքել է.«Դա շատ համարձակ է, նրանք ցույց տվեցին իրենց համարձակությունը, այս օրերի ընթացքում մարդիկ կորցրեցին իրենց վախը, եւ այս վախից ազատվելը այն է, ինչի մասին մշտապես նշել է Գանդին իր տեսության մեջ»: «Երբ մարդիկ այլեւս չեն վախենում, բռնապետությունը մեծ վտանգի մեջ է»,- ընդգծել է Ջին Շարփը` կարեւորելով ոչ բռնի պայքարի ձեւը եւ համարելով, որ պայքարի խաղաղ եղանակն է արդյունավետ: Նա ասել է, որ Եգիպտոսում եւս մարդիկ մինչեւ վերջ տարան իրենց խաղաղ պայքարը, եւ դա զարմանալի նվաճում է, որն էլ նրանց հաջողության բանալին է հանդիսացել: Եգիպտոսի ապագայի մասին հարցին, թե իր կարծիքով` դեպի ո՞ւր կշարժվի այդ երկիրը, Շարփը պատասխանել է. «Ես հույս ունեմ, որ նրանք կպահպանեն ժողովրդավարությունը, կարծես չկա որեւէ նոր խումբ, որ այս անցումային շրջանում ղեկավարությունը ստանձնի եւ նոր բռնապետություն հիմնի, ինչը չէր բացառվում»: Տարածված կարծիք կա, որ Եգիպտոսի եւ Թունիսի հեղափոխություններում իրենց ազդեցությունն ունեցան ինտերնետն ու սոցիալական ցանցերը, որոնք ապահովեցին միասնական հարթակ մարդկանց համար` համակարգելու իրենց գաղափարներն ու գործողությունները: Ջին Շարփը հեռու է ինտերնետից, նա չունի Facebook-ի սեփական էջ, իսկ էլեկտրոնային փոստից օգտվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում, սակայն կարծում է, որ հաղորդակցման նոր միջոցները կարեւոր դեր ունեն: «Կարծում եմ` անժխտելի է, որ շատ կարեւոր է մարդկանց մոտեցնելը միմյանց հետ հաղորդակցվելու համար»,- նշել է նա: