Այս օրերին հասարակությանը ամենաշատը գներն են հետաքրքրում: Հիմնական համարվող սննդամթերքի գները: Որովհետեւ մի օր սոխը գինն է բարձրանում: Հաջորդ օրը` կարտոֆիլի: Իսկ դրանից առաջ կաթնամթերք արտադրողներն էին նույն բանն արել: Ոչ ոք ոչինչ չի հասկանում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը կարծես ավարտվել է: Ավելին` բոլորը խոսում են տնտեսության վերականգնման ու աշխուժացման մասին: Համարյա բոլոր երկրներում: Բացառությամբ Հայաստանի, իհարկե: Դրանում բարդ չէ համոզվելը: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի օրերին մեր իշխանությունները մեկին՝ մեկ կրկնեցին այն քայլերը, որոնք կիրառում էին զարգացած երկրների կառավարությունները: Օրինակ, բոլորի նման մերոնք էլ բարձրացրեցին վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Հետո, երբ արդեն ճգնաժամի պիկը հաղթահարված էր, բոլոր երկրներում ճիշտ հակառակն արեցին: Պարզ (տնտեսագիտական) տրամաբանությամբ, այն պահին, երբ տնտեսությունը սկսում է աճել, այդ գործին նպաստելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը նույն տնտեսությանը փող մատակարարելն է: Աշխարհի շատ զարգացած (ու ոչ այնքան զարգացած) երկրներում վերաֆինանսավորման ներկայիս մակարդակը ռեկորդային ցածր ցուցանիշ ունի: ԱՄՆ-ում այն հիմա ընդամենը 0,25 տոկոս է: Նախկինում մեկ տոկոս էր: Մեծ Բրիտանիայում 0,5 տոկոս է (նախորդ ցուցանիշը մեկ տոկոս էր): Ճգնաժամի ընթացքում եւ հաջորդող ժամանակահատվածում բոլոր երկրներում վերաֆինանսավորման տոկոսադրույքի կարգավորումը տարբեր երկրների տնտեսության ղեկավարները արդյունավետ օգտագործելով՝ փորձում են աշխուժացնել տնտեսությունը: Բայց մեր պարագան այլ է: Հայաստանի Կենտրոնական բանկը օրենսդրական համարյա մեկ պարտավորություն ունի` հետեւել, որ գնաճը մեր երկրում չհաբռգի ու կուլ չտա տնտեսական պաշտոնական աճի ցուցանիշները: Իր եզակի պարտավորությունը կատարելու ճանապարհին մեր Կենտրոնական բանկը միշտ նույն քայլն է կատարում: Գնաճը կանխելու վեհ նպատակով մեր ԿԲ-ն միշտ փորձում է տնտեսությունը փողազրկել: Հիմա էլ Հայաստանը գլխավորում է ալամ աշխարհի վերաֆինանսավորման տոկոսադրույքի ցուցակը: Մեր երկրում այն կազմում է 7,75 տոկոս: Չար լեզուներն ասում են, որ այս տարի ուսուցիչների աշխատավարձերի, թոշակ-նպաստների վճարումների ուշացումը բյուջեում փողի բացակայությունով չէ պայմանավորված: Հարազատ կառավարությունը, ԿԲ-ի հետ համատեղ, մտահոգ է դրամաշրջանառության մեջ առկա փողի քանակից: Մտահոգ են ու փորձում են այն կրճատել: Հնարավոր բոլոր մեթոդներով: Կառավարությունն իր փայ վճարումներն է ուշացնում: ԿԲ-ն` վերաֆինանսավորման տոկոսը բարձրացնում: Անկեղծությունը պարտադրում է ընդգծել, որ «թանկ» փող տրամադրող երկրների ցուցակում մենք առաջին տեղը կիսում ենք Ռուսաստանի հետ, ուր նույն` 7,75 տոկոսանոց ցուցանիշն է: Բայց մենք 7,75 տոկոսին մոտեցել ենք հակառակ կողմից: Մեր նախկին ցուցանիշը 7,25 էր: Իսկ Ռուսաստանը դրան եկավ իր 8 տոկոսանոց ցուցանիշը նվազեցնելով: Այսինքն՝ տենդենցի առումով ՌԴ-ն փորձում է իր տարածքում էժանացնել փողը, իսկ մենք թանկացնում ենք: Տնտեսությունը խեղդելու հետեւանքները զգալի են: Ցանկացած քանակության օրինակներ կարելի է բերել: Թեկուզ` երեկ տարածված լուրը: «Սթար» սուպերմարկետների ցանցը վաճառվեց: Այն, որ ֆինանսական միջոցների սղության (ավելի ստույգ` թանկության) պատճառով օր ու արեւ չուներ մանր ու միջին գործարարությունը, բոլորին էր հայտնի: Բայց, որ դա անհասանելի է նաեւ խոշոր բիզնեսին՝ նորություն է: «Սթար» խանութների ցանցը, արդեն տեւական ժամանակ է, ֆինանսական խնդիրներ ուներ: Այդ ցանցին տեղական արտադրության ու ներկրվող ապրանքներ մատակարարողները վաղուց էին բողոքում, որ իրացված ապրանքի դիմաց վճարումներն ամիսներով ձգձգվում են: Հետեւաբար՝ հաջորդիվ գործընթացները «սպառնում են» հետաքրքիր դառնալ: Հետաքրքիր բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, որ «հարուստներն էլ են լաց լինում»: Գնաճը կանխելու վսեմ նպատակով մեր տնտեսական ղեկավարությունը զոհասեղանին դրեց տնտեսությունն աշխուժացնելու բոլոր հեռանկարները: Հանուն գնաճի զսպման: Բայց հայտնի բան է, մեր կառավարությունը «լավն է ուզում, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»: Այսինքն` գնաճը չի զսպվում: ԿԲ-ին ոչ մի գնով չի հաջողվում կատարել իր օրենսդրական պարտավորությունը: Ավելին, բոլոր ձեռնարկած միջոցները հակառակ ազդեցություն են ունենում երկրի տնտեսության վրա: 2010թ. տնտեսական ցուցանիշներն ամփոփելով՝ վիճակագրությունը հրապարակեց, որ մեկ տարվա ընթացքում բանջարեղենի գնաճը 25-ից ավելի տոկոս է, շաքարավազինը` մոտ 20, մսամթերքինը` 15, ձկնամթերքինը` 10,4, մրգինը` 13,5, բուսական ու կենդանական յուղինը` 8, բենզինինը՝ 17,5, դիզելային վառելիքինը` 21, եւ այլն: Ու այդպես շարունակ: Հնարավոր բոլոր ապրանքատեսակներով ու ուղղություններով մեր երկրում գնաճը 3-5 անգամ գերազանցել է համաշխարհային գնաճի բոլոր ցուցանիշները: Վստահ չեմ, բայց կհանդգնեմ ենթադրել` պատճառներից մեկն էլ այն է, որ մենք ԿԲ-ին ենք պարտադրել զբաղվել գնաճի կանխմամբ: Իսկ ԿԲ-ն փառահեղորեն տապալում է այն: Գուցե ժամանակն է այդ բազմազբաղ հիմնարկության վրայից վերցնել օրենսդրական համարյա եզակի պարտականությունը: Մի քանի տարի առաջ մեր Կենտրոնական բանկն իր ոչ պոպուլյար քայլերը հասարակությանը բացատրելու (կամ` արդարացնելու) համար անիմացիոն ֆիլմ էր պատվիրել՝ «Գնաճի հրեշը» վերնագրով: Վաղուց արդեն նոր ֆիլմ պատվիրելու ժամանակն է՝ «Գնաճի հրեշի անվերջ վերադարձը» վերնագրով: Գնաճի հրեշին սպանել չհաջողվեց: Մի կողմից՝ գնաճի հրեշն է բարգավաճում, մյուս կողմից՝ Կենտրոնական բանկը: «Բարգավաճում» բառի բառարանային (ոչ քաղաքական կամ կուսակցական) իմաստով: