Կառավարությունը պետք է կարգավորի հացի գները

29/10/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Վերջին տարիներին հացահատիկի արտադրությունը Ղարաբաղում համարվում է շահավետ գործ: Ցորենի արտադրությամբ զբաղվում էին բոլոր նրանք, ովքեր ունեին նվազագույն հնարավորություն: Ինչպես գյուղացիներն էին ասում, ամեն դեպքում` շահույթ կար, նույնիսկ եղանակային վատ պայմանների դեպքում:

Ինչպես տեղեկացանք ԼՂՀ գյուղնախարար Վահրամ Բաղդասարյանից, այս տարի 62.653 հեկտար տարածքից հնձվել է մոտ 86.000 տոննա հացահատիկ: Ցուցանիշը Ղարաբաղի պատմության մեջ քանակային առումով երրորդն է, ինչն ապահովվել է հողատարածքների ընդլայնման հաշվին: Բերքատվության ցուցանիշն այս տարի շատ ցածր էր`13,8 ցենտներ, ինչը պայմանավորված է եղանակային վատ պայմաններով: Նախարարությունից տեղեկացանք, որ մարտ ամսին կարկտահարվել է շուրջ 2106 հա հացահատիկային հողատարածք, իսկ հրդեհվել` 74,7 հա:

Վերջին ժամանակներս դիզելային վառելիքի գների կտրուկ բարձրացմանը զուգահեռ աստիճանաբար ցածրացել է նաեւ ցորենի գինը: Ներկայումս Ղարաբաղում ցորենի միջին գինը 70 դրամ է: Փաստը գյուղացիներին կանգնեցրել է մեծ խնդիրների առջեւ. ոմանք մինչեւ հիմա չեն վաճառել իրենց արտադրած հացահատիկը, ոմանք էլ, շատ ցածր բերքատվության դեպքում, պարզապես նախընտրել են չհնձել ցորենը, քանի որ աշխատանքների իրականացման բոլոր ծախսերը գերազանցում էին հացահատիկի վաճառքից ստացված գումարը:

Եթե 2005-ին ցանքս է կատարվել մոտ 62.653 հեկտարի վրա, ապա մտավախություն կա, որ այս տարի բնակիչներն իրենց տրամադրության տակ գտնվող հողատարածքները չեն օգտագործի հացահատիկի արտադրության համար: Մեր ունեցած տվյալներով, ներկայումս ընդամենը 15 հազար հեկտար հերկ է կատարվել:

Գյուղնախարարի խոսքերով, ցորենի ցածր գինը պայմանավորված է Ռուսաստանից Հայաստան ավելի ցածր գներով ցորենի ներկրմամբ: Արդեն երկու տարի է պետությունը` օժանդակության կարգով, առանց տոկոսի սերմացու է տրամադրում սերմօգտագործողներին` երկու տարվա ընթացքում նույնչափ պարենային ցորեն վերադարձնելու պայմանով: Անցյալ տարի տրամադրվել է 700 տոննա, իսկ այս տարի` 800 տոննա սերմացու, ինչը, նախարարի կարծիքով, մեծ աջակցություն է հացահատիկ արտադրողների համար:

Մասնագետների կարծիքով, ցորենի նման ցածր եւ վառելիքի բարձր գների առկայության պայմաններում հնարավոր է շահույթ ստանալ միայն այն դեպքում, եթե այդ աշխատանքներն իրականացնում են ոչ անձնական միջոցներով: Ստացվում է այնպես, որ շուկայական գների փոփոխությունից դարձյալ տուժում են հասարակ գյուղացիները, որոնց շահերը պաշտպանելու համար շատ երկրներում իշխանությունները ձեռնարկում են տարբեր միջոցառումներ`ստեղծելով վառելիքի ռեզերվ:

Առավել մեծ շահույթով են աշխատում հաց արտադրողները, որովհետեւ ցորենի գնի կտրուկ իջեցումը չի ազդել հացի գնի վրա: Հարցին ԼՂՀ ԱԺ հոկտեմբերի 19-ի նիստում անդրադարձել է «Հայրենիք» խմբակցությունը: Պատգամավոր Ռոմելա Դադայանը` հանդես գալով հայտարարությամբ, նշել է, որ ցորենի գնի կտրուկ իջեցումից հետո անփոփոխ է մնացել հացի գինը: «Մենք գտնում ենք, որ կառավարությունը պետք է կարգավորի հացի գնային քաղաքականությունը»,- ընդգծվում է հայտարարության մեջ: