Տնօրենները պարապում են

24/02/2011

Հայաստանում դպրոցների տնօրենների ընտրության նոր հայեցակարգը ենթադրում է, որ այն տնօրենները, ովքեր ընտրված չեն` ավտոմատ համարվում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Իսկ տնօրեն դառնալու համար երկարատեւ գործընթաց պետք է անցնեն: Նախ պետք է հավաստագիր ձեռք բերել, հետո մասնակցել տնօրենի ընտրությանը: Իսկ հավաստագիր ձեռք բերելու համար պետք է գրավոր ու բանավոր քննություն հանձնել, մինչ այդ վերապատրաստման կուրս անցնել: Շիրակի մարզից թվով 100 դպրոցի տնօրեններ ժամանակավոր պաշտոնակատարներ են: Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի տնօրեն Մանվել Մովսիսյանը վերապատրաստման կուրսեր անցել է 90 ժամ կամ 15 օր եւ պատրաստվում է մարտի 16-ին սպասվող քննություններին: «Այն, որ քննության ենք պատրաստվում, աշակերտներն էլ գիտեն: Այս ամենը մի տեսակ միասնական քննությունների գործընթաց է հիշեցնում: Ունենք հարցաշար, պարապում ենք, որ թեստ հանձնենք»,- ասել է «Ֆոտոնի» տնօրենը: Իսկ ինչ վերաբերում է թեստերի բովանդակությանը, ապա Մանվել Մովսիսյանն ասել է. «Դժվար չէ, պարզապես լավ հիշողություն պետք է ունենալ եւ անգիր սովորելու կարողություն»: Ի դեպ, բազմաթիվ տնօրեններ այս օրերին անհատական պարապմունքների են հաճախում մասնագետների մոտ: