Երբ Գ.Թ.-ն դառնում է քաղաքապետ

24/02/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վերջերս մենք բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստանում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչներից, ովքեր ներկայացնելով իրենց խնդիրները՝ խնդրում են մեր հրապարակումների միջոցով փորձել վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները:

Մեկ շաբաթից ավելի մենք ներկայացրել ենք Աշտարակի բնակիչների մասին պատմող հրապարակումներ եւ որոշ բնակիչների «անլուծելի» թվացող հարցեր կարողացել ենք բավարարել` դիմելով ինչպես պետական կառույցներին, այնպես էլ` հասարակական կազմակերպություններին: Աշտարակի բնակիչները մեզ հետ զրույցում դժգոհում էին քաղաքապետ Գագիկ Թամազյանի գործունեությունից, մասնավորապես նշելով, որ նա որպես քաղաքապետ՝ ոչ միայն չի բավարարում իրենց դիմում-բողոքներն, այլեւ` «Որ մտնում ենք մոտը ու հուզված, լացելով պատմում մեր խնդիրը` ասում ա` սուս, կողքի սենյակում լսվում ա»: Աշտարակի բնակիչները վստահեցնում են, որ տարիներ շարունակ դիմումներ գրելով, համոզվել են, որ քաղաքապետին առհասարակ չի անհանգստացնում շարքային մարդու խնդիրը: Ի դեպ, երբ մեր թերթում հրապարակում տպագրեցինք Միհրան Չաուշի դստեր ընտանիքի ծայրահեղ վիճակի մասին, հաջորդ օրը քաղաքապետի ներկայացուցիչներն այցելելով նրանց տուն՝ ասել էին` «Ինչի՞ էիք թերթին դիմել, մեզ դիմեիք»: Տիկինը պատասխանել էր, որ ավելի քան վեց տարի իրենց է դիմում, սակայն «շան» տեղ դնող չկա»: Մի քանի օր առաջ զանգահարեցինք Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանին` հարցազրույց խնդրելու նպատակով: Քարտուղարուհին ասաց` տեղում չէ, Երեւան է գնացել: Քաղաքապետին երբեւէ տեղում «չբռնացնելու» մտահոգությունից ելնելով` այցելեցի Աշտարակի քաղաքապետարան: Քաղաքապետը տեղում էր, բայց չէր ցանկանում ընդունել մեզ: Քարտուղարուհուն խնդրեցի փոխանցել, որ Գ. Թամազյանի գործունեությունից դժգոհում են աշտարակցիները, ովքեր մեզ իրենց ոտնահարված իրավունքների վերաբերյալ փաստեր են ներկայացրել։ «Քաղաքապետին փոխանցեք, որ ես որպես լրագրող՝ պարտավոր եմ ներկայացնել երկու կողմերի տեսակետները, եւ անհրաժեշտ է նաեւ քաղաքապետի պատասխանը»,- փորձեցի բացատրել քարտուղարուհուն: Վերջինս փոխանցեց, եւ Գ. Թամազյանը շատ դժվարությամբ թույլ տվեց ներս մտնել իր աշխատասենյակ: Իսկ հիմա մանրամասն ներկայացնենք վարքագիծը քաղաքապետի, ով ղեկավարում է մի ողջ քաղաք, եւ քաղաքապետ է դարձել միայն նրա համար, որ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հորեղբոր տղան է: «Պրն Թամազյան, ուզում եմ հարցազրույց խնդրել: Ձեր քաղաքի բնակիչները ինձ դիմել են բողոքներով, որոնց մեծ մասը Ձեր լիազորությունների ոլորտում գտնվող խնդիրներ են»,- դիմեցի քաղաքապետին, որը ոչ ավել, ոչ պակաս, պատասխանեց` «Հավես չունեմ»: Անկեղծորեն զարմանալով հարցրեցի` «Հավեսի բացակայությունը քաղաքապետին ազատո՞ւմ է աշխատանքային ժամին լրագրողի հարցերին պատասխանելու պարտավորությունից: Տարօրինակ է պետական պաշտոնյայից նման պատասխան լսելը»: Գ. Թամազյանը կտրուկ կրկնեց` «Ասեցի՝ հավես չունեմ: Քաղաքապետի ֆունկցիան քաղաքը լուսավորելը, մաքուր պահելն ա` անում եմ: Ի՞նչ եք գրել, Աշտարակի մասին ոչ մի հոդված էլ չի եղել»: Գ. Թամազյանին փորձեցի բացատրել, որ քաղաքի լուսավորությունից, մաքրությունից բացի, Աշտարակում բնակվում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ փորձում են իրենց դիմումներով բարձրաձայնել խնդիրները, սակայն պատասխաններ չեն ստանում: Հիշեցրի հրապարակումների շարքը, իրենց դժգոհությունները ներկայացրած մարդկանց անունները, սակայն քաղաքապետի պատասխանը բառացիորեն հետեւյալն էր. «Ժամանակդ լրացավ, դավայ»: «Լսե՛ք, դուք քաղաքապետ եք, էս ի՞նչ բառապաշարով եք խոսում, անհարմար է»,- փորձեցի կարգի հրավիրել նրան: Վերջինս «փռված» տեղից կտրուկ վեր կացավ, դռան ճանապարհը ցույց տալով՝ ասաց` «Դավայ, դավայ… քեզ ասում եմ` դավայ»: Դժվար չէ պատկերացնել, թե լրագրողի հետ նման կերպ շփվող սույն արարածը ինչպես կարող է վարվել Աշտարակի անապահով բնակիչների հետ: Կարելի է պատկերացնել նաեւ, թե ինչպես է այս երեւույթը քծնում իր ղեկավարներին՝ իր աշխատասենյակում «դավայ, դավայ…» ասելու իրավունքը վաստակելու համար: Աշտարակցիներն ասում են, որ Ա. Թամազյանի հորեղբորորդի այս հովանավորյալը քաղաքապետ դառնալուց հետո Աշտարակի դատախազության գործերին ավելի շատ է միջամտել, քան ինքը` դատախազը: Մնում է սպասել, թե երբ Աշտարակի բնակիչներն իրականում «դավայ, դավայ» կանեն Գ.Թ.-ին: Գոնե հաջորդ ընտրությունների ժամանակ: