Ինչպես տնտեսական, այնպես էլ փիլիսոփայական, քաղաքական, ազգամիջյան ճգնաժամի շնորհիվ պարզ դարձավ, որ ԽՍՀՄ-ի փլուզումը, առավել խորը վերլուծության պարագայում, շոշափում է հիմնական, քաղաքակրթական ասպեկտը: Եվ այսօր սա նկատելի է անգամ անզեն աչքով: Մերձբալթյան հանրապետությունները բնական ընտրություն կատարեցին` ընտրելով արեւմտյան քաղաքակրթությունը, որի մի մասնիկն էին համարում իրենց: Դրա համար նրանք բավարար հիմքեր ունեին: Վրաստանը Սահակաշվիլիի օրոք փորձում է մտնել արեւմտյան քաղաքակրթության տարածք: Կովկասյան այս ազգը դրա համար ոչ պատմական, ոչ մշակութային, ոչ գիտատեխնիկական, ոչ էլ տնտեսական նախադրյալներ չունի: Թեեւ ցանկություն ունի. մեկն ու մեկը պետք է կերակրի՞, թե՞ չէ: Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ տարուբերումներ մենք տեսնում ենք Ուկրաինայում, Մոլդովայում, Կիրգիզիայում եւ Հայաստանում: Կենտրոնական Ասիայի մյուս հանրապետությունները տարբեր ձեւերով ընդունել են քաղաքակիրթ զարգացման ասիական մոդելը, այդ թվում եւ՝ Ադրբեջանը, որտեղ ակնհայտ է ավտորիտարությունն ու ընտանեկանությունը: Ի՞նչ կարելի է ասել կարեւորագույն խաղացողի` Ռուսաստանի մասին: Դեռ Պյոտր Մեծի օրոք Ռուսաստանը հսկայական քայլ կատարեց դեպի Արեւմտյան քաղաքակրթություն, որպեսզի անցնի աշխարհի հզորագույն երկրների շարքը: Այս քայլով Ռուսաստանն առաջին հերթին ստացավ առաջատար ռազմական տեխնիկա, վերակազմակերպեց տնտեսությունը եւ վերանայեց պետական մեխանիզմի որոշ հիմնական կառույցներ, իսկ որոշ կառույցներ էլ առաջին անգամ ստեղծեց (Սենատ, Գիտությունների ակադեմիա եւ այլն): Այդուհանդերձ Ռուսաստանը դեռեւս տարուբերվում է` մնալով եվրոպա-ասիական երկիր: Այո, Ռուսաստանը տարուբերվում է պետության կառուցման արեւմտյան քաղաքակրթության մոդելը ամբողջովին ընդունելու միջեւ` բարդագույն խնդիրներ ունենալով ռուսաստանյան բազմազգ բնակչության եւ զարգացման տարբեր ուղղություններ ունեցող վեկտորների հետ: Երբեմն այդ վեկտորները փոխադարձաբար իրար բացառում են: Իրար բացառում են, օրինակ, չինովնիկների հսկա բանակը` կոռումպացվածությամբ եւ կամայականությամբ, եւ բարձր ինտելեկտուալ, ժողովրդավարական մտավորականությունը: Իսկ սա բախում է երկրի կառավարման մեխանիզմի եւ երկրի զարգացած մտքի միջեւ: Պետության ներսում ո՞վ է իրականում թելադրում իր կամքը: Ռուսաստանի` զարգացման տարբեր մակարդակներ ունեցող ժողովուրդները ինքնագիտակցության դինամիկ աճի միտում ունեն, որտեղ մի քանի տասնամյակ տիրած գռեհիկ աթեիզմից հետո մենք տեսնում ենք կրոնական աշխարհընկալման կայուն ներթափանցում: Այս պայմաններում Հայաստանը ԽՍՀՄ-ի փլուզման սկզբում (1990թ.) ձգտում էր ըմբռնել պետության կառուցման եվրոպական կամ արեւմտյան մոդելը: Եվ դա բնական բացատրություն ուներ. հայերը եվրոպամետ ազգ են: Չէ՞ որ, անկախ պետություն դառնալով, գոյատեւեց հենց այն Հայաստանը, որը գտնվում էր քրիստոնյա ռուսական, այլ ոչ թե օսմանյան կայսրության գրկում, որտեղ եւ տեղի ունեցավ ցեղասպանությունը: Բերենք մի քանի օրինակ, որտեղ պատկերավոր կերպով ցույց է տրվում, որ մեր լավագույն ձեռքբերումները գիտության եւ մշակույթի ոլորտներում կապված են հենց եվրոպական կամ արեւմտյան քաղաքակրթության հետ: Թվարկենք մի մասը` հելլենիզմից մինչեւ քրիստոնեություն, ճարտարապետությունից մինչեւ սիմֆոնիկ երաժշտություն, անտիկ քաղաքներից մինչեւ պլանային շինարարություն (արեւելյան քաղաքները կառուցվում եւ զարգանում էին տարերայնորեն), մինչեւ հիմնարար գիտություններ ու բարձր տեխնոլոգիաներ, Մաշտոցից, Նարեկացուց, Ռոսլինից մինչեւ Կոմիտաս, Սարյան, Խաչատրյան…: Այս աշխարհընկալումը նկատվում էր եւ գորբաչովյան վերակառուցման շրջանում. ուշադրություն դարձրեք բազմաթիվ գիտատեխնիկական, արտադրական կոոպերատիվներին, ստեղծագործական ասոցիացիաներին` բարձր տեխնոլոգիական բաղադրիչներով, մշակութային ծրագրերով. այս ամենն ուղղված էր Հայաստանը առաջադեմ արեւմտյան քաղաքակրթությանը մոտեցնելուն: Սակայն պարզվեց, որ ղարաբաղյան շարժման շատ առաջնորդներ իրենց աշխարհայացքով ու աշխարհընկալմամբ փոխակերպուկներ են: Իշխանության գալով` ոմանք աստիճանաբար կորցնում էին ինտելեկտուալ պրոպագանդիստական գրիմը, մյուսները միանգամից ասիացիներ դարձան: Օրինակ` երկրի ներկայիս խորհրդարանը, որ մանրակրկիտ կերպով ընտրված է իշխանությունների կողմից, վատթարագույնն է խորհրդային ժամանակներից ի վեր: Իսկ սկսած 1990թ.-ից` յուրաքանչյուր նոր խորհրդարան նախորդից վատն է: Ամեն ինչ սկսվեց հենց 1990թ.-ին: Այն ժամանակվա նախագահի դիրքորոշումն էր` «Իսկ ինչո՞վ է վատ Սիրիան»: Եվ` «Իրարից պարտքով փող վերցրեք»-ը հիմք դարձավ եւ՛ երկրորդ, եւ՛ երրորդ նախագահների համար, որ պետությունը թքած ունենա իր երկրի քաղաքացիների վրա: Սա նշանակում է, որ իշխանությունն ուզում էր եւ ուզում է ժողովրդին տեսնել իրավունքներից զուրկ, լռակյաց, հիմարացված: Անհամաձայնների մեծ մասը լքեց երկիրը: Եվ այժմ երկիրը դարձել է կայուն ասիական երկիր: Այսօրվա օլիգարխները, երկրի ղեկավարությունը, ընդդիմությունը, բոլորն էլ հետամնաց, խորապես ասիական մտածելակերպով մարդիկ են: Այսօրվա քարոզչությունը երկրում վերածնում է այն ավանդույթները, որ ստեղծվել եւ կիրառվում էին թուրքական տիրապետության շրջանում: Սա շատ վտանգավոր միտում է: Ինտելեկտուալ ողջ տկարությամբ հանդերձ` իշխանությունը կարողանում է պաշտպանվել, քանզի խիստ պրակտիկ է իր լկտիության, ամբոխավարության մեջ այն իրավիճակում, որը լուծում է լոկալ, տեղային «ռազբորկաներ» եւ այս պահի մանր-մունր հարցեր: Սակայն մեր իշխանությունը ռազմավարություն չունի, նա ղեկավարում է երկիրը ավտորիտար կերպով` արհամարհանքով վերաբերվելով հասարակ քաղաքացուն, ողջ ժողովրդին: Նա չի հանդուրժում վերլուծության այլընտրանքային տարբերակներ` համարելով, որ ամեն ինչից գլուխ է հանում: Նման վերաբերմունքը դասական օրինակ է, որ խոսում է մտքի տկարության եւ ինտելեկտի բացակայության մասին: Սա կարելի է կոչել մի բառով` ասիականություն: Սակայն նման մոդելը չի կարող երկար գոյատեւել, քանզի իշխանությունները ժողովրդի մեջ իրական ինտելեկտուալ բազա չունեն խնդիրներ լուծելու համար, որոնք ծառացած են Հայաստանի առջեւ: Սա նշանակում է, որ նրանք, ովքեր մտածում եւ հասկանում են այլ չափանիշներով, ինտելեկտուալ որոնման բարձր մակարդակով, որտեղ գերակայում է աշխարհայացքի արեւմտյան մոդելը, այս երկրի համար աուտսայդերներ են… Թող իշխանությունները կեղծավորություն չանեն` երիտասարդներին ուղարկելով տարբեր արեւմտյան համալսարաններում սովորելու. բարձր ինտելեկտուալ մասնագետներ նրանց պետք չեն: Այդպիսի երիտասարդ հայեր, որ գնացել են Հայաստանից, քիչ չեն աշխարհի տարբեր երկրներում: Նրանց ոչ ոք եւ ոչ մի աշխատանքի չի հրավիրում: Քանի որ իշխանություններին հարկավոր են միայն առանձին վերցրած մասնագետներ` իբրեւ գործիք իրենց անմաքուր գործերում: Իշխանությանը պետք չեն նրանք, ովքեր իրավիճակը համակարգված կշտկեն երկրի կառավարման գործում: Այսօր չեմ տեսնում, որ իշխանությունները ցանկություն ունեն իրավիճակը շտկելու այս հիմնարար աշխարհայացքային քաղաքակրթական հարցում: Իշխանությանը պետք չեն անգամ սփյուռքի այն հանրահայտ ու անվանի հայերը, ովքեր կարող են իրական ազդեցիկ դեմքեր լինել: Առավել եւս պետք չեն անկախ փորձագետներն ու պրոֆեսիոնալները, որոնց մտահոգում է երկրի ճակատագիրը: Այս խնդրի վրա ի վիճակի չեն ազդելու նաեւ այլ երկրներում ապրող օլիգարխները: Իշխանությունները նրանց հետ խոսում են միայն այն պատճառով, որ նրանցից վերցնելու բան կա: Ուրեմն ո՞ւմ վրա է հենվում իշխանությունը: Եվ մինչեւ ե՞րբ կարող է շարունակվել այս թատրոնը: Պետության ներսում իշխանությունները գաղտնի հենվում են լկտիության եւ ուժի, ուժային կառույցների եւ ունեւոր խաժամուժի վրա: Երեւի երկրի ողջ դատական համակարգում ընդամենը մի քանի ազնիվ փաստաբան ու բարձրաստիճան պաշտոնյա կճարվի: Դատական իշխանությունն ամբողջովին տրորված է, իսկ սա վկայում է այն մասին, որ գոյություն ունի գնահատականների ու որոշումների այլ համակարգ, ոչ թե սահմանադրական տարածք: Ամեն դեպքում արդարությունը դատական իշխանության համար այլ իմաստ ունի: Այդ բոլոր օրգաններն անցած տարիների ընթացքում իրար հետ լավ են լեզու գտել` դառնալով մի միասնական, դեֆորմացված համակարգ: Հասարակությունը վերջնականապես դեֆորմացվել է: Այդ պատճառով էլ մարդիկ լքում են երկիրը, անգամ նրանք, ովքեր դիմացել են սարսափելի 90-ականներին: Սակայն իշխանությունների համար սեփական կապիտալ կուտակելու հետեւից վազելը ամեն ինչից կարեւոր է: Այդ վազելու գինը չափազանց թանկ է լինելու, իսկ վերջը` ողբերգական: Նախկին ԽՍՀՄ ոչ մի հանրապետություն այդքան քաղաքացի չի կորցրել, որքան Հայաստանը: Այն ողջ բացասականը, որ մենք տեսնում ենք սփյուռքում, հետեւանքն է վնասաբեր դիրքորոշումների, եւ առաջին հերթին՝ քաղաքակրթական բնույթի, հենց այստեղ` Հայաստանում: Ամենաահավորը ոչ թե ինքը՝ գողությունն է, այլ այն, որ բազում սերունդների համար կորսված է ժողովրդի հավատն ու հույսն արդար կյանքի հանդեպ: Ի դեպ, մի բան, որ չի եղել անգամ ցեղասպանությունից հետո: Այժմ մեր մյուս հարեւանների` Իրանի եւ Թուրքիայի մասին: Նրանք որոնում են պետության արդիականացման սեփական ուղիները տրամագծորեն հակառակ ուղղություններով. Իրանը` ավտորիտար-կրոնական, իսկ Թուրքիան բարդ փնտրտուքի մեջ է` արեւմտյան մոդելը իր պետական կարգին հարմարեցնելու ուղղությամբ, կարգ, որ ժամանակին առաջարկվել էր Աթաթուրքի կողմից: Միջազգային հանրությունից բավականին մեկուսացված Իրանը ինքնաբավ երկիր է, եւ հնարավոր է` դեռ տարիներ, անգամ տասնամյակներ դիմակայելու է այն աշխարհին, որին համարում է թշնամական: Սակայն, թե մինչեւ ե՞րբ, մենք չգիտենք: Մենք Իրանին ընդունում ենք այնպիսին, ինչպիսին կա, իսկ նա այդ ամենից բացի՝ դեռ ձգտում է դառնալ միջուկային տերություն: Ընդունելով քաղաքացիական հասարակության արեւմտյան մոդելի որոշ բաղադրիչներ` Թուրքիան կարող է քաղաքակրթական հարցերում առաջ անցնել իր հարեւաններից: Թուրքիան տանջվելով հաղթահարում է այդ քաղաքակրթական արգելքը, խոչընդոտը եւ մեծ դժվարություններով հասարակության ակտիվ հատվածին հեռու է տանում ասիական ատավիզմից: Հայտնի է, որ ցեղասպանությունից եւ հայերի` Թուրքիայից հեռանալուց հետո այնտեղ մի քանի տասնամյակ շարունակ շատ մասնագիտությունների, ինչով ավանդաբար զբաղվում էին հայերը, սուր պակաս կար: Սակայն 2-րդ Համաշխարհայինից հետո` արդեն 50-ական թթ., թուրքերը սկսեցին լրացնել այդ մասնագետների պակասը եւ միջազգային շուկայում լուրջ տեղ զբաղեցնել: Այդ առաջընթացին նպաստում էր Աթաթուրքը՝ իր համախոհներով: Եվ սա՝ այն դեպքում, երբ թուրքերն իրենց ազգային աշխարհայացքով բացարձակ ասիացիներ են` անընդհատ հետ նայելով Թուրանին: Ե՞րբ իրականում ի հայտ եկավ ուսման նոր ալիքը եվրոպական քաղաքակրթությանը հաղորդակից դառնալու ուղղությամբ: Թուրքերը սովորեցին կառուցել, աշխատել տեխնոլոգիապես բավականին բարդ արտադրությունում, այլ ոլորտներում, հենց Գերմանիայում` գերմանացիների մոտ, սակայն սրանով էլ ավարտվում է ողջ ուսումը: Նրանց ներքին կյանքը, օրինակ` հենց նույն Գերմանիայում կամ Բելգիայում, ամբողջովին կենտրոնացած է եւ կառավարվում է կրոնական առաջնորդների կողմից: Այս հակամարտությունը մենք տեսնում էինք եւ մեզ մոտ` Հայաստանում: Որպես իրենց ինքնապահպանման վեկտոր՝ նրանք վերցրել են. 1) եվրոպական տոլերանտության դեմագոգիան, 2) ժողովրդագրական բումը` իսլամական ծեսերի պահպանմամբ, իբրեւ ինքնագիտակցություն: Այսպիսով, թուրքերը, զգալով իրենց թուլությունը, նրբորեն կեղծավորություն են անում` խղճահարություն առաջացնելով, իբր շատ բան կա, որ չեն հասկանում, բարեհամբույր են, սակայն, այնուամենայնիվ, հասկացնել են տալիս, որ իրենց համար դժվար է: Իրականում այդ ամենը կեղծիք է. Նրանք իրենց հակադրում են այն էթնոսին, որը երկրի տերն է: Թուրքերը չասիմիլացվեցին եւ հայկական մշակութային միջավայրում, ինչպես հիմա չեն ասիմիլացվում եվրոպականում: Այսօր թուրքերը հիանալի զգում են եվրոպական էթնոսների թուլությունը եւ իրենց համայնքները տանում են սպասողական կայուն էքսպանսիայի ուղիով: Իրական էքսպանսիան թաքնվել է մինչ այն պահը, երբ կզգա իր հզորությունը իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ: Ի դեպ, հենց այդպես էին նրանք վարվում Արեւմտյան Հայաստանում, նաեւ Խորհրդային Հայաստանում, երբ, ասենք, թուրքը կամ ադրբեջանցին գալիս էին հայկական գյուղերը եւ, օրինակ, հովիվ վարձվում: Եվ իբրեւ կանոն` ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում: Թուրքը գյուղի ծայրամասում տուն էր կառուցում, որոշ ժամանակ անց նրա ընտանիքի անդամների թիվը հասնում էր 10-15 հոգու, եւ նրանք հողակտոր էին խնդրում եւս երկու տուն կառուցելու համար: Ապա գալիս էին ազգականները, եւ հայերն աստիճանաբար սկսում էին լքել գյուղը, քանի որ նրանք դուրս էին մղվում թուրքերի կողմից իրենց ներփակ կյանքով: Հայերը նրանց կացարաններին եւ կենցաղին զզվանքով էին վերաբերվում, ինչն էլ ձեռք էր տալիս թուրքերին ու ադրբեջանցիներին: Նույն բանը կարելի է տեսնել նաեւ Եվրոպական տարբեր երկրներում, ԱՄՆ-ում բնակվող թուրքերի մեծ ու փոքր համայնքներում: Մեխանիզմը նույնն է: Ի դեպ, Կիպրոսի հույներն ինձ նույն բանն էին ասում: Բայց այդպես թուրքերը վարվում են ուրիշ երկրներում: Պարադոքսն այն է, որ Թուրքիայում իշխանությունը հենվում է գիտակից, եվրոպականացված մասի վրա, որտեղից ինքն է դուրս եկել: Թուրքիայի իշխանությունը գիտի, թե ինչ պետք է վերցնել Արեւմուտքից եւ ինչ ցույց տալ նրան: Թուրքիան առաջխաղացում ունի անգամ զբոսաշրջության եւ սպորտի ոլորտներում: Դա նրա համար պատմության իր կեղծ վարկածը պրոպագանդելու հիանալի հնարավորություն է: Մյուս կողմից` զարգացած սպորտի միջոցով նա ցույց է տալիս, թե ինչպես է երկիրը լավ աշխատում, ինչպիսին է ազգի առողջական վիճակը: Մնում է միայն, իբրեւ հեռանկար, տիրապետել մշակույթի, հիմնարար գիտությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի որոշ ճյուղերի… Իհարկե, սրանց հարցում ավելի բարդ կլինի, թեեւ մշակույթի ոլորտում ակտիվ ներգործությունը կարող է որոշակի դիվիդենտներ բերել, օրինակ` կինոյի, կերպարվեստի ոլորտներում:
Մյուս կողմից` Թուրքիան արդեն ցանկանում է հավակնել տարածաշրջանային առաջատարի դերին: Հարեւանների հետ բազմաթիվ լուրջ խնդիրներ ունենալով (հիշենք միայն Կիպրոսի հարցը)՝ թուրքերը խառնվում են ղարաբաղյան խնդրին` մոռանալով, որ հենց իրենք են պատասխանատու հայոց ցեղասպանության, նաեւ՝ ղարաբաղյան խնդրի համար: Ես չեմ զարմանա, եթե Կիպրոսի կամ Ղարաբաղի հարցը ծագի Գերմանիայում (որը բավականին խիտ բնակեցված է թուրքերով) կամ Հոլանդիայում: Կգա ժամանակը, եւ նրանք կասեն. մենք ապրել ենք այստեղ եւ ապրելու ենք, եւ այս հողը մերն է, իսկ դուք կորեք՝ ուր ուզում եք: Ինձ համար հասկանալի է, թե ինչու է այսօր Արեւմուտքը զգուշավորությամբ նայում թուրքական սփյուռքին, Թուրքիային` որպես ապագայում Եվրոպայում կարեւոր եւ վտանգավոր դոմինանտի: Թեեւ դժվար թե Թուրքիան այդքան արագ դառնա Եվրամիության անդամ: Արեւմուտքը պետք է հասկանա թուրքերի եւ ադրբեջանցիների հետ շփման մեր փորձը, թե ինչպես դարեր շարունակ հայ ազգը գոյատեւել է եւ պայքարել իր ազատության ու պետականության համար, թե ինչքան դժվար էր մեզ համար եվրոպականացնել Օսմանյան Թուրքիան` ներմուծելով եվրոպական քաղաքական մտքի առաջադեմ տարրեր, եւ թե ինչպես 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին մենք այդ ամենի դիմաց թանկ վճարեցինք:
Նոյեմբերի 21-դեկտեմբերի 13