Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի հայերեն թարգմանությունը հասանելի է ինտերնետում: Երբ գիրքը ձեռք բերողների քանակը հասնում է երկու տասնյակի, գրքի թարգմանիչ ու հրատարակիչ Սամվել Մկրտչյանը տպագրում է այն: Նման շարունակական ընթացքը շատ համահունչ է մեր ժամանակին, որտեղ հստակ գծված գրահրատարակչական կանոններ այլեւս չկան (իսկ լինելու դեպքում էլ` անընդհատ խմբագրման կարիք ունեն): Բնական է, որ «Ուլիսեսը» բեսթսելլեր չի դառնա մեր երկրում (եւ ընդհանրապես շատ քիչ են մարդիկ, ովքեր այն ամբողջությամբ կարդացել են), սակայն դա այն եզակի գործերից է, որը հայերեն թարգմանությամբ ունենալը պարտադիր է: Նույնիսկ, եթե չես կարդալու, պիտի վստահ լինես, որ այն քո մայրենի լեզվով կա: «Ուլիսեսը» վեպ-իրողություն է, եւ եթե դու այն քո մայրենի լեզվով ես վավերացնում, այն արդեն քո գրական ժառանգության մասն է: Դա բարդ ժառանգություն է, որը ոչ թե սովորեցնում կամ քարոզում է, այլ հրավիրում է արկածի, դրդում է` լսելով տեքստն ու հետեւելով պերսոնաժների մտքերին (ընդհատվող, կրկնվող, հեռուները տանող)` հաճույք ստանալ: «Ուլիսեսի» նախաբանում Ս. Մկրտչյանը գրում է. «Ուլիսեսն» այնքան է անհամապարփակ եւ անհամընդհանուր (վեպն ընթերցելու «անհնարինության» պատճառներից կամ պատրվակներից մեկը), որ յուրաքանչյուր փոքրիշատե պատճառաբանված կարծիք կարող է ճշմարիտ թվալ (ամեն ինչ եւ ոչինչ, գլուխգործոց եւ զառանցանք)»: Գլուխգործոցի ու գլուխկոտրուկի եզրագծում գտնվող այս էպիկական վեպը (որի գործողությունը ծավալվում է մեկ օրվա ընթացքում) շրջադարձային է գրականության համար. Ջոյսից հետո գրականությունը լրիվ փոխվեց: Պերսոնաժների ներաշխարհ ավելի խորը մտնելն արդեն անհնարին էր:
Մեզ դեռ նոր է սպասում «Ուլիսեսի» հայերենը բացահայտելու հաճույքը: Սամվել Մկրտչյանը վստահ է նաեւ, որ նույնքան հրաշալի բացահայտում կդառնա հայերեն լեզուն:
– Կա կարծիք, որ Ջոյսին թարգմանելը բարդ, նույնիսկ` անհնարին գործ է:
– Իրականում բարդ է թարգմանել Ջոյսի վերջին` «Ֆինիգանի հոգեհանգիստը» վեպը, որը գրականության սահմաններից լրիվ դուրս է: Այն գրված է 38-40 լեզուներով ու հիմնված է բառախաղերի, տարբեր լեզվական էքսպերիմենտների վրա: Այդ վեպը ոչ թե կարդալ, այլ վերծանել է պետք: Եվ պատահական չէ, որ այն դեռեւս ոչ մի լեզվով չի թարգմանվել: Եվ չեմ կարծում, որ երբեւիցե կթարգմանվի: Ջոյսն իր ընթերցողներից եւ հատկապես` գրականագետներից պահանջում էր, որ նրանք ամեն ինչ թողնեն ու իրենց կյանքը նվիրեն իր գրականությունն ուսումնասիրելուն: Դա, իհարկե, կատակ է, բայց միեւնույն ժամանակ` ճշմարտություն, քանի որ մինչ օրս եւ «Ֆինիգանի հոգեհանգիստը», եւ «Ուլիսեսը» շարունակում են ուսումնասիրության աղբյուր լինել: «Ուլիսեսը» միայն վեպ չէ, նույնիսկ կարելի է ասել, որ դա ոչ թե վեպ, այլ` մշակութային երեւույթ է: Վերջին հաշվով, սա գիրք է, որը շատ հարցերում կանխորոշել է 20-րդ դարի գրականության հետագա ընթացքը: Վեպի 18 գլուխներից յուրաքանչյուրը գրված է տարբեր ոճերով, ունի իր ուրույն ժանրը, գույնը, վայրը, ռիթմը, նույնիսկ` մարմնի օրգանն ու համապատասխան արվեստի ճյուղը:
– «Ուլիսեսի» մասին խոսելիս, Դուք նշում եք նաեւ հայերեն լեզվի ճկուն ու բազմաշերտ լինելու մասին:
– Իմ բոլոր հարցազրույցներում հիմնականում հենց հայերեն լեզվի մասին եմ խոսում: Անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում որեւէ այլ լեզու, որն ընդունակ է այդքան ճշգրտորեն արտացոլել, արտահայտել Ջոյսի տեքստային, լեզվաբանական ամենախրթին հնարքները: Եվ չեմ հոգնում կրկնել, որ թարգմանելու ընթացքում մեկ անգամ եւս համոզվեցի, որ հայերեն լեզվի հնարավորություններն ահռելի են: Հաշվի առեք, որ ոչ բոլոր լեզուներն են կարողանում «հաղթահարել» Ջոյսի անգլերենը («Ուլիսեսը» թարգմանված է ընդամենը 19 լեզվով): Նույնիսկ այն լեզուները, որոնք թարգմանական դպրոցի կրողներն են, հաճախ սահմանափակվում են վեպի մի քանի գլուխների թարգմանությամբ: Ըստ էության վեպը սկսվում է ռեալիստական ոճի պատումով ու գնալով` ավելի ու ավելի է բարդանում, եւ շատ քիչ լեզուների է հաջողվում դուրս գալ Ջոյսի լաբիրինթոսից: Իսկ հայերենը… հայերենն ուղղակի շշմելու լեզու է:
– Կարծում եմ, կան անուններ, որոնք, պարտադիր է, որ հայերեն լեզվով հասանելի լինեն` Շեքսպիր, Ջոյս, Դոստոեւսկի:
– Իհարկե, կան գրքեր, որոնք անպայման պետք է թարգմանես քո լեզվով: Եթե թարգմանել ես` համաշխարհային մշակույթի դաշտում յուրատեսակ անցաթուղթ ես ձեռք բերել: Իսկ եթե` ոչ, ուրեմն այդ վերնախավում տեղ չունես: Վերջիվերջո, քո սեփական մշակույթի հերն անիծում ես, երբ պետականորեն ես արհամարհում թարգմանական գործը: Ազգը չի կարող լավ գրականություն ունենալ, եթե լավ թարգմանական դպրոց, թարգմանական ավանդույթներ չունի: Մենք միշտ պարծեցել ենք, որ լավ թարգմանական դպրոց ենք ունեցել (ինչը խիստ կասկածելի է, քանի որ եղել են մի քանի անհատ-թարգմանիչներ, բայց դպրոց չի եղել), նշում ենք Թարգմանչաց տոնը, որն իրականում ոչ մի կապ չունի թարգմանության գործի հետ: Մենք մեր հույսը դրել ենք անհատների վրա: Օրինակ՝ Հովհաննես Մասեհյանի, ում շնորհիվ լիակատար Շեքսպիր ունենք:
– Մեր կյանքում շատ լուրջ խնդիր է թարգմանությունների պակասը: Վերջիվերջո, որքան շատ ես թարգմանում, այնքան ավելի հարուստ ես: Միգուցե, հայերեն լեզվի դերը արժեզրկվել է նաեւ այն պատճառով, որ որակյալ գրականություն մայրենիով չկա: Այսինքն` հաճույքը, որը կարող ես ստանալ գրքից, ստանում ես` կարդալով օտար լեզվով (հիմնականում` ռուսերենով):
– Արդեն 9 տարի` ես «Արտասահմանյան գրականություն» հանդեսն եմ խմբագրում, եւ շատ լավ տեսնում եմ, թե ինչպես եմ թարգմանիչներ կորցնում: Հիմա այդ հանդեսը ես միայնակ եմ խմբագրում (անգամ սրբագրիչին վճարել չեմ կարող): Հասկանալի է, որ նման խանդավառությունը չի կարող երկար տեւել: Ընդհանրապես, ես բազմիցս համոզվել եմ, որ զուտ էնտուզիազմի վրա հիմնված գործը դատապարտված է կործանման: Թարգմանիչ լինելը ձեռնտու չէ, քանի որ թարգմանական արվեստի հանդեպ պետական հոգածություն չկա: Բնական է, որ եթե գրականության թարգմանիչը չի վարձատրվում, նա այլեւս չի անի այդ գործը, կգերադասի գնալ քաղաքական գործիչների ճառերը թարգմանել: Օրինակ, մեր հանդեսում աշխատում էր շատ շնորհալի մի աղջիկ, ով Վոնեգուտ էր թարգմանել, բայց նա ստիպված գնաց աշխատելու արտասահմանյան ֆիրմա, եւ հիմա նորմալ վարձատրվում է: Ես չէի կարողանում նրան այդ գումարը տալ: 10 տարի առաջ բոլոր թարգմանիչներին առաջարկում էի ասոցիացիա ստեղծել` համ թարգմանիչների շահերը պաշտպանելու, համ էլ գրական ամսագրեր թողարկելու համար: Բայց այդ միտքը արհամարհվեց: Հիմա կրկին այդ գաղափարն առաջ է եկել, բայց կարծում եմ՝ արդեն գնացքից ուշացել ենք: Եթե 10 տարի առաջ այդ գործն անեինք, այսօր լուրջ արդյունքներ կունենայինք: Հիմա «զոռով» պիտի աշխատենք, քանի որ շատ թարգմանիչներ կամ այլ երկրներ են տեղափոխվել, կամ էլ` այլեւս չեն ուզում այդ գործով զբաղվել:
– Իսկ եթե հանկարծ հայ հեղինակներին անգլերեն թարգմանելու պահանջը հասունանա, որտեղի՞ց են հայտնվելու այն թարգմանիչները, ովքեր կարող են անել այդ գործը:
– Կարծում եմ, դա դժվար գործ կլինի, քանի որ մեծ հաշվով` պետությանը դա պետք չէ: Ինձ, օրինակ, զանգահարեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, շնորհավորեց գրքիս լույս տեսնելն ու կախեց լսափողը: Այդքանը բավարար է նրան:
– Արդեն ոչ թե ենթադրություն, այլ` փաստ է. մեր օրերում պետական հոգածություն ասելով, հասկանում ենք` տոն: Օրինակ, տոն է ստեղծվում գրքի շուրջ (երգով, պարով, լուսարձակներով), եւ ոչ մի դեպքում չի կարեւորվում «տետ-ա-տետ» գրքի հետ հանդիպելու պահը: Չէ՞ որ գիրք կարդալը, վերջիվերջո, մեկուսացում, անհատականացում է պահանջում:
– Վստահ եմ, որ միշտ էլ կարելի է թռվռալու առիթներ ստեղծել: Եթե նպատակը հենց թռվռալն է, ոչինչ չես կարող անել, քանի որ պետական այրերն այդպես են հասկանում գրքի դերը: UNESCO-ն Երեւանը հայտարարել է 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք, ինչը մշակութային մեծ իրադարձություն է մեզ համար, եւ ես պատկերացնել անգամ չեմ կարող, թե ինչպե՞ս ենք մենք (նման պետական մտածողությամբ) այդ իրադարձության «տակից դուրս գալու»:
– Վերջերս մեր հրատարակիչները դիմել էին կառավարությանը` գրքի մայրաքաղաքի տիտղոսին ընդառաջ՝ առաջարկելով իջեցնել հարկերը, որպեսզի գիրք արտադրելն իմաստալից դառնա: Կառավարությունն այդ քայլը աննպատակահարմար համարեց:
– Զարմանալին այն է, որ եթե հրատարակչությունը փորձում է նորմալ աշխատել, միշտ պրոբլեմներ է ունենում: Կարող են շշմելու գաղափարներ ունենալ, դրսից բերել լավագույն հրատարակչական փորձը, բայց չկարողանան այստեղ ներդնել: Մի շատ կարեւոր փաստ հիշատակեմ. անցյալ տարի Ուկրաինան պետականորեն որոշում ընդունեց` կրկին վերաթարգմանել ռուսական գրականությունը: Թվում է, որ դրա կարիքը չկա (արդեն արված է), ուկրաինացիներն էլ շատ լավ գիտեն ռուսերեն եւ հետեւաբար անիմաստ է թարգմանել: Բայց այդ քայլով Ուկրաինան եւս մեկ անգամ հարստացրեց իր լեզուն ու խթանեց հրատարակչական գործը: Մտնում ես ուկրաինական գրախանութներն ու ապշում ես, թե ինչպես է գիրքը մատուցվում: Իսկ մեզ մոտ գիրք մատուցելու կուլտուրա չկա: «Ուլիսեսը» գրախանութներին չհանձնելու ու միայն համացանցում վաճառելու որոշումն իրականում իմ բաժին բողոքն է: Դա բողոք է` ուղղված գրահրատարակչական մեխանիզմի դեմ, որը Հայաստանում շատ փնթի վիճակում է գտնվում:
– Ինչպիսի՞ն է այդ մեխանիզմը: Գործում են պետպատվերի եւ անձնական գումարով տպագրելու ուղիները: Եվ վե՞րջ:
– Պետպատվերի մեջ, ում ասես, խցկում են: Փողեր են շրջանառվում (նաեւ` «լվացվում» են), իսկ երբ պետպատվերի շրջանակներում իրապես շնորհալի հեղինակ է տպագրվում, նա չնչին հոնորար եւ ողջ տպաքանակից մի քանի օրինակ է ստանում: Պետպատվերով տպագրված գրքերից շատերն անգամ գրախանութներ չեն հասնում (խանութները սովորաբար 5 օրինակից ավելի չեն վերցնում) ու տարբեր պահեստներում փտում են: Ճիշտն ասած, ես չեմ ուզում այդ մասին խոսել: Դա անգամ գրքի խոհանոց էլ չէ, այլ աղբանոց է:
– Միգուցե միայն այդպես` սեփական ուժերով ու առանց պետպատվերի կարելի էր տպագրել «Ուլիսեսը»: Դա, թերեւս, միակ ճանապարհն էր:
– Այո, ստացվեց այնպես, որ գրքի հովանավոր Հասմիկ Դանիելյանը ստանձնեց պետության դերը, ես էլ Թարգմանության ինստիտուտի դերն ինձ վրա վերցրեցի: Եվ այսպես երկու հոգով արեցինք այս գործը:
– Բայց Մշակույթի նախարարությունը կարող է օգտագործել արդեն իսկ արված գործը: Ասենք` գնել գիրքն ու տրամադրել գրադարաններին կամ ինստիտուտներին:
– Դա արդեն իրենց գործն է: Ես թարգմանել եմ, երկու տարի ամեն գիշեր աշխատել եմ: Եվ կարող եմ վստահ ասել, որ իմ մեջ եղած բոլոր լավ բաներն այս գրքի մեջ եմ դրել:
– Իսկ «Ուլիսեսի» թարգմանության ժամանակ առնչվե՞լ եք հեղինակային իրավունքների խնդրի հետ:
– Խնդիրը նրանում է, որ 1822 թվականին տպագրված Ջոյսի վեպի հեղինակային իրավունքները պատկանում են նրա թոռանը, ով մոտավորապես 9000 ֆունտ ստեռլինգ է պահանջում` թարգմանության թույլտվության համար: Ես նրան նամակ գրեցի ու շատ լղոզված պատասխան ստացա: Սակայն, քանի որ 2012-ին լրանալու է հեղինակային իրավունքի ժամկետն, ու վեպը հանրային արժեք («public domain») է դառնալու, ես որոշեցի այդ գումարն օգտագործել շքեղ, մնայուն հրատարակություն անելու, այլ ոչ թե Ջեյմսի թոռանը վճարելու համար: Վերջիվերջո, Ջեյմս Ջոյսն իր ողջ կյանքը սոված ապրեց, սոված էլ մահացավ, իսկ նրա թոռը` միլիոնատեր է դարձել անօրինական ճանապարհով: Հիմա նա անընդհատ դատվում է տարբեր հրատարակչությունների հետ, քանի որ օրենքի խախտումներով է երկարաձգել հեղինակային իրավունքի ժամկետը: Այդ իրավունքը գործում է 50 տարի, իսկ Ջեյմսի թոռը սկզբում այն 75 տարի դարձրեց, իսկ հետո` 90:
– Իրականում «Ուլիսեսը» բեւեռային վեպ է, որը երբեք մեծ քանակի ընթերցող չի ունենա: Սակայն կա մյուս բեւեռը՝ մանկական գրականությունն ու դասագրքերը: Եվ երբ երեխան «հիվանդ» հայերենով գրքեր է կարդում, հետն էլ` հեռուստատեսային լեզուն է լսում, ապա նա արդեն ունակ չի լինում կարդալ ու կարդացածի շուրջ մտորել: Լեզուն ու գիրքը շինծու են դարձնում նրա ընկալունակությունը:
– Երբ նայում ես այն մարդկանց, ովքեր կանգնած են կրթության ու մշակույթի «գլխին», այլեւս ոչ մի լավ ակնկալիք ունենալ չես կարող: Երեխային շատ բան հարկավոր չէ, ընդամենը` լավ կրթություն: Իսկ կրթելու գործը ոչ թե դպրոցից, այլ մանկապարտեզից են սկսում:
– Իսկ ի՞նչ անենք:
– Պետք է սրտացավ լինել ու սիրել քո ազգը: Եվ մի մոռացեք, որ միայն խելացի, ինֆորմացված ու վերլուծող մարդը կարող է սրտացավ լինել (բութ մարդը երբեք սրտացավ չի): Եվ դա բնավ էլ դժվար ու արտառոց մի բան չէ: Հեղափոխություններն ընդհանրապես շատ հեշտ ու արագ են հասունանում:
Հ.Գ. Ինչպես Ջոյսն էր անընդհատ ոճային էքսպերիմենտներ անում (մշակելով, հղկելով պատումի ֆորման, ոճը, լեզուն, ռիթմը, հնչյունային գամման), այնպես էլ, թերեւս, Սամվել Մկրտչյանն է իր գրքի ձեւավորման համար տարբեր ֆորմաներ գծագրում: Հայերեն «Ուլիսեսի» տպաքանակներից յուրաքանչյուրը տարբեր ձեւավորում կունենա: Կլինեն եւ ոսկեզօծ շրջանակներ ունեցողները, ըստ Ս.Մկրտչյանի` ոսկին սոսկ «թիթիզություն» չէ, այլ անհրաժեշտություն է (իր խոսքերով ասած` փոշին վախենում է ոսկուց): Գրքի շապիկի ձեւավորման մեջ կօգտագործվեն նաեւ փայտը, կաշին: Նաեւ` գեղանկարչական պաստառները, որոնց վրա յուղաներկով նկարազարդումներ կանեն հայ նկարիչներից մի քանիսը: Գիրքն ինքնին արվեստի գործ է…