13-ամյա Մարիա Միքայելյանը յուրահատուկ ունակությունների տեր վոկալիստ է։ 2010թ. մասնակցելով «Ռոզա վետրով» 16-րդ միջազգային մանկական եւ պատանեկան ստեղծագործության վոկալիստների մրցույթին` դարձել է առաջին մրցանակի դափնեկիր։ Մարիայի մայրն իմանալով Մոսկվայում անցկացվելիք այդ մրցույթի մասին, ուսուցչուհի Սուսաննա Կարգանովայի հետ մասնակցության հայտ է ներկայացրել։ Հայտն ընդունվել է, սակայն, քանի որ ֆինանսական հարցերը մոր, տատիկի եւ պապիկի ուսերին են եղել, նրա մասնակցությունը հարցականի տակ է դրվել` միջոցներ չունենալու պատճառով։ Մարիայի ծնողները փորձել են դիմել բարեգործներին եւ տարբեր կազմակերպությունների: Պատասխանը հիմնականում այսպիսին է եղել. «Ուրախ ենք, որ Հայաստանում այդպիսի տաղանդավոր երեխաներ կան, սակայն, ցավոք, ոչնչով չենք կարող օգնել»։ Մարիան, սակայն, ի վերջո կարողացել է մասնակցել մրցույթին` ծնողների բազմաթիվ ջանքերի, տվյալ դեպքում` պարտքով վերցրած գումարի շնորհիվ: Մարիան վոկալով զբաղվում է 7 տարեկանից, նվագում է դաշնամուր, սովորում է վոկալ-երգչախմբային հատուկ դպրոցում` վոկալիստի մասնագիտությամբ։ Ի դեպ, դպրոց ընդունվելիս 7-ամյա Մարիան կատարել է Ռախմանինովի ռոմանսները։ Նա մասնակցել է մի շարք մրցույթների։ Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված երաժշտական եւ արվեստի դպրոցների փառատոնում լավագույն մասնակցության համար պարգեւատրվել է դիպլոմով, իսկ Կոմիտասի 140-ամյակին նվիրված «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում 2-րդ կարգի դիպլոմի է արժանացել: Մոսկվայում կայացած «Ռոզա վետրով» մրցույթից հետո տաղանդավոր այս աղջնակը միանգամից 2 միջազգային փառատոների մասնակցելու ուղեգրեր է ստացել: Այս տարվա մարտ ամսին Ֆրանսիայում եւ Բուլղարիայում մրցույթներ են տեղի ունենալու, որոնց մասնակցելու համար 13-ամյա Մարիա Միքայելյանը անհատական հրավեր է ստացել։ Այս անգամ ծախսերի մի մասը մրցույթի կազմակերպիչները վերցրել են իրենց վրա։ Սակայն դա բավարար չէ` ողջ ծախսերը հոգալու համար: «168 Ժամ» թերթի խմբագրություն էին դիմել Մարիայի ծնողները: Նրանք հույս ունեն, որ կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել Մարիային` Ֆրանսիա եւ Բուլղարիա մեկնելու տոմսեր ձեռք բերելու հարցում: Այս փոքրիկին այդպիսով հնարավորություն կտրվի Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնել հեղինակավոր այս մրցույթներում, բեմերում:
Լ.ՄԿՐՏՉՅԱՆ