Օրեր առաջ անդրադարձել էինք Մոսկվայի Կրեմլի դահլիճում ապրիլի 3-ին կայանալիք «Տաշիր 2011» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանը: Հիշեցնենք, որ այս մրցանակաբաշխության գաղափարը եւ հովանավորությունը ռուսաստանյան «Տաշիր» ընկերությանն է` ի դեմս ընկերության նախագահ, մոսկվահայ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի: Ընկերությունն ինչ-ինչ պատճառներով վերջերս որոշեց կտրուկ փոփոխություններ կատարել մրցույթի կազմակերպիչների շրջանում: Եվ այսուհետ, ինչպես արդեն նշել էինք, կկազմակերպի ոչ թե «Արմենիա փրոդաքշընն»` ի դեմս երգիչ Սամվել Գրիգորյանի (երգչուհի Արմինե Գրիգորյանի եղբայրը), այլեւ «Տաշիր մեդիա» ընկերությունն` ի դեմս տնօրեն Հրանտ Բաբասյանի եւ գլխավոր պրոդյուսեր, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի: Իսկ նախկին կազմակերպիչը` «Արմենիա փրոդաքշընը», որոշել է ապրիլի 16-ին Մոսկվայում կազմակերպել սեփական՝ «Արմենիա» անունը կրող երաժշտական մրցանակաբաշխությունը:
Ի դեպ, մինչ այդ երգիչ Սամվել Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե իրենք են հրաժարվել «Տաշիր 2011»-ը կազմակերպելուց: Իհարկե, Ս. Գրիգորյանի այս հայտարարությունը շատերը, բնականաբար, անլուրջ ընդունեցին` նեղ շրջանակներում խոսելով «Տաշիրի» հիմնադիրների եւ կազմակերպիչների լուրջ տարաձայնությունների մասին: Շոու-բիզնեսում գործունեություն ծավալող որեւէ մեկը կերազեր «Տաշիր» խոշոր ընկերության հետ որեւէ ծրագիր իրականացնել: Սա հասկանում են բոլորը: «Տաշիր մեդիա» ընկերության տնօրեն Հրանտ Բաբասյանը մեր այն դիտարկմանը, որ Ս. Գրիգորյանն ասել է, թե իրենք են հրաժարվել «Տաշիրից», այսպես պատասխանեց. «Այդ իրենք են այդպես մտածում»: «Տաշիր մեդիայի» գլխավոր պրոդյուսեր, հաղորդավար Մարկ Սաղաթելյանն իր հերթին ավելացրեց. «Ոչ մի անձնական պատճառ չկա «Տաշիր» մրցանակաբաշխության կազմակերպիչների փոփոխման հարցում: Պարզապես այս տարի «Տաշիր մեդիա» ընկերության նախագահը մեզ է վստահել մրցանակաբաշխության կազմակերպումը: Այս տարվա մրցանակաբաշխությունն աչքի է ընկնելու նաեւ իր հաղորդավարներով եւ, իհարկե, հրավիրված միջազգային մասշտաբի երգիչներով: Ձեր խոնահ ծառայի հետ երեկոն կվարեն Գարիկ Մարտիրոսյանը, Քսենյա Սոբչակը, Նիկոլայ Բասկովը, Օքսաննա Ֆեոդորովան: Թինա Կանդելակին չի վարելու»: «Ասեմ, որ Թինան այսուհետ որեւէ միջոցառում չի վարելու, քանի որ նա մտադիր է շատ լուրջ քայլեր կատարել դեպի քաղաքականություն: Միգուցե եւ որոշել է դառնալ Վրաստանի նախագա՞հ… Ո՞վ գիտի»,- մեզ հետ զրույցում կեսկատակ-կեսլուրջ ասաց Մ. Սաղաթելյանը: Իսկ հրավիրված աշխարհահռչակ երգիչներ Լարա Ֆաբիանը, Տոտո Կուտունիոն, Manolo & Gipsygitanes-ը, նաեւ Comedy Club-ն էլ ավելի կընդգծեն մրցանակաբաշխության նորովի մատուցումը:
«Ամուսնացած եմ արդեն 14 տարի»,- ասաց իր անձնական կյանքի մասին երբեք չպատմող Մարկ Սաղաթելյանը
– Որքա՞ն ժամանակ պահանջվեց, որ Ձեր մատին հայտնվի ամուսնական մատանին, որը, սակայն, Դուք համառորեն չեք կրում:
– Իրականում ես ու կինս` Նունեն, արդեն 14 տարի է, ինչ ամուսիններ ենք: Պարզապես մի օր որոշեցինք հարսանիք անել, գնալ եկեղեցի, կանչել մեր հարազատներին, ընկերներին եւ միասին ուրախանալ: Բացի այդ, 14 տարի առաջ ես չունեի այն հնարավորությունները, որն ունեմ այսօր` մեծ հարսանիք կազմակերպելու եւ ինչպես հարկն է` քեֆ անելու համար: Ամուսնությունը վիճակահանություն է: Եվ իմ բախտը բերել է կնոջս հարցում: Կինս մասնագիտությամբ ոճաբան-վարսահարդար է: Ժամանակին Երեւանում մենք ունեինք գեղեցկության սրահ, որտեղ եւ նա իրականացնում էր իր ստեղծագործական մտահղացումները: Սակայն այս ճգնաժամի պատճառով վաճառեցինք այն: Այժմ փորձում ենք Մոսկվայում վերսկսել կնոջս գործունեությունը: Կինս շատ շնորհալի ոճաբան-վարսահարդար է, եւ ես չէի ցանկանա, որ նա պարզապես նստեր տանը որպես տնային տնտեսուհի: Ինչ վերաբերում է մատանի կրելուն, ապա ասեմ, որ պարզապես չեմ կարողանում ժամացույցից բացի որեւէ այլ զարդ կրել: Եվ այս 14 տարիների ընթացքում կինս դա հասկացել է: Պսակադրության հաջորդ օրը մատս այտուցվել էր` մատանուց: Եվ Նունեն, ինձ խղճալով, առաջարկեց հանել մատանին: Մեր սիրո ապացույցն այդ մատանին չէ: Մեր սերը 14 տարվա փորձ ունի:
– 14 տարի պահանջվեց, որ հայտնի դառնա Ձեր ամուսնությունը, իսկ ե՞րբ կլսենք հայրանալու մասին լուրը:
– Դեռ նորություն չկա: Սակայն աշխատում ենք այդ ուղղությամբ:
– Օրեր առաջ պարզ դարձավ, որ «Տաշիր 2011» մրցանակաբաշխության հաղորդավարները հինգն են լինելու` Գարիկ Մարտիրոսյան, Քսենյա Սոբչակ, Նիկոլայ Բասկով, Օքսաննա Ֆեոդորովա եւ Դուք: Փաստորեն, ներկա տղամարդկանցից մեկն առանց գեղեցիկ սեռի ուղեկցությա՞ն է վարելու համերգը:
– Տեսակով այնպիսի մարդ եմ, որ մինչեւ 100%-ով վստահ չլինեմ` երբեք ոչինչ չեմ հայտնի: Այդ իսկ պատճառով ասուլիսի օրը չասացի 6-րդ հաղորդավարուհու անունը: Այսօր արդեն ինձ հստակ ասել են, որ Վերա Բրեժնեւան համաձայնել է մեզ հետ միասին վարել «Տաշիր 2011»-ը:
– Լարա Ֆաբիանը ռուսաստանյան համերգների մշտական հյուրերից է դարձել` շնորհիվ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի հետ համագործակցության: Իսկ որքա՞ն ժամանակ պահանջվեց Ձեզ «Տաշիր 2011»-ին նրա մասնակցության համաձայնությունը ստանալու համար:
– Գրեթե մեկ ամիս մենք բանակցություններ էինք վարում նրա պրոդյուսերի հետ: Քանի որ նա մեգա աստղ է, եւ նրա համերգային շրջագայությունների ցանկը մեկ տարի առաջ արդեն իսկ ծրագրված է լինում, երկար ժամանակ աշխատեցինք նրա համաձայնությունը ստանալու համար: Նա հզոր երգչուհի է, համենայնդեպս, ինձ համար: Ի դեպ, ասեմ նաեւ, նախատեսում ենք, որ բացի երգելուց նա նաեւ մրցանակ կհանձնի որեւէ կատարողի:
– Մերո՞նք են ուրիշ, թե՞ «նրանք» են թանկ:
– Իմ շփումը շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ սկսվել է դեռեւս 1991 թվականից, երբ մասնակցում էի KBH-ի խաղերին: Պարզապես այդ շփումը պարբերաբար ընդհատվող բնույթ էր կրում` մերթ Երեւանում էի, մերթ` Մոսկվայում: Սակայն, երբ «Տաշիր 2011» մրցանակաբաշխության համար, արդեն որպես կազմակերպիչ, բանակցություններ էի վարում, հասկացա, որ մերոնք իրապես ուրիշ են: Մերոնց ցավը տանեմ: Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները մեծամասամբ գումարներ են վաստակում` հյուրախաղերով: Միայն հսկայական Ռուսաստանն՝ իր միլիոնանոց քաղաքներով, արդեն բավարար է` մեծ գումարներ աշխատելու համար: Ռուսաստանում շոու-բիզնեսի կանոնները գործում են շատ ավելի վաղուց, քան մեզ մոտ: Եվ քանի որ այդ նույն շոու-բիզնեսի ներկայացուցիչներին բազում անգամ խաբել են` իրենց անունից սուտ համերգներ կազմակերպելով, սուտ պայմանագրեր ստորագրելով, ապա նրանք շատ ավելի խիստ են վերաբերվում յուրաքանչյուր համերգային նախագծի: Ո՞վ է կազմակերպում, ովքե՞ր են ներկա լինելու, ինչպիսի՞ն է սպասարկումն` իր հյուրանոցով, մեքենայով, դիմահարդարման սենյակով, սնունդով… Քննարկվում է յուրաքանչյուր մանրուք: Երբ խոսում ես ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, նրանց ամեն խոսքից հասկանում ես, որ մարդն իրեն աստղ է զգում: Նրանք պարտադիր պետք է S կլասի «Մերսեդեսով» ներկայանան: Նրանց դիմահարդարման սենյակում պարտադիր պետք է լինի շատ էկզոտիկ թեյ, 1 բանան եւ 2 կիվի, եւ այլն… Իսկ մերոնք շատ ավելի պարզ են եւ մարդկային:
– Երաժշտական մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ հաղորդավարները ծաղրեցին Նիկոլայ Բասկովին` այսպես ներկայացնելով. «Մարդ, ով իրեն ցանկանում է ավելի շատ, քան Օքսաննա Ֆեոդորովային»` ակնարկելով նրա եսամոլությունը: Որքա՞ն ջանք պահանջվեց Բասկովին համոզելու համար, որպեսզի վարի այս համերգը:
– Մենք նրան բացարձակ չենք համոզել, պարզապես առաջարկել ենք: Եվ նա, լինելով խելացի մարդ, անմիջապես համաձայնել է, քանի որ հասկանում է, որ ի դեմս հայերի` հսկայական հանդիսատես է ձեռք բերում: Միջոցառումը վարելուց բացի, նա նաեւ երկու երգ կկատարի` հայերիս համար: Ի դեպ, ասեմ, որ իրականում նա բացարձակ եսամոլ չէ: Այլ շատ պայծառ եւ պարկեշտ անձնավորություն է` թե բեմում, թե կյանքում:
– Որքա՞ն «արժե» ռուսական երգիչն ու հաղորդավարը:
– Քանի որ հաղորդավարը երկար ժամանակ գտնվում է բեմում, ի տարբերություն երգչի, մի քանի երգ կատարելով` ավարտում է իր աշխատանքը, բնականաբար, գները տարբեր են: Միեւնույն ժամանակ, թե երգիչները, թե հաղորդավարները հասկանում են, որ այդ ամենը նկարահանվում է եւ ցուցադրվում եթերով: Հետեւաբար հսկայական գովազդային պրոցես է տեղի ունենում: Նրանք չեն պահանջում այն նույն գումարները, որոնք կներկայացնեին, օրինակ, որեւէ ձեռներեցի կազմակերպած կորպորատիվ երեկույթին մասնակցելու համար: Կոնկրետ մեր միջոցառմանը մասնակցող երգիչները որեւէ գումար չեն պահանջել: Իսկ հաղորդավարների հոնորարների մասին, ներեցեք, բայց չեմ կարող ասել:
– Նշեցիք, որ դահլիճի VIP հատվածում նստում են VIP հյուրերը: Որքա՞ն արժեն առաջին շարքի տոմսերը: Եվ ընդհանրապես, ի՞նչ է Ձեզ համար VIP հասկացողությունը, եւ ո՞ւմ եք դասում այդ կարգի մարդկանց շարքին:
– Առաջին շարքի տոմսերն արժեն 20.000-40.000 ռուբլի: VIP մարդկանց շարքին ես դասում եմ քաղաքականությամբ զբաղվող անձանց եւ լուրջ գործարարներին, ովքեր իրենց ոլորտում մեծ ձեռքբերումների են հասել: Իսկ մեծ ձեռքբերումների հասնելու համար պետք է շատ, սարսափելի շատ աշխատել: Եվ ես հարգում եմ այդ տեսակ մարդկանց: Եթե ուզում ես մոտիկից տեսնել արտիստին, ապա, բնականաբար, զբաղեցնում ես առաջին շարքերը, իսկ դրա համար մեծ գումարներ են հարկավոր: Իսկ մեծ գումարներ վճարում են միայն մեծ գումարների տեր մարդիկ` մեծամասամբ գործարարներ եւ քաղաքական գործիչներ:
– Մարկ, «Տաշիր 2011»-ից ընդամենը երկու շաբաթ հետո Մոսկվայում տեղի է ունենալու «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխությունը: Ստացվում է, որ հայ երգիչները մի համերգից ընդամենը 13 օր հետո մասնակցելու են մյո՞ւս համերգին:
– Այն երգիչները, ովքեր ելույթ են ունենալու «Տաշիր 2011»-ի ժամանակ, չեն մասնակցի «Արմենիա» մրցանակաբաշխությանը: Դա պայմանավորվածություն չէ, այլ պարզ տրամաբանություն: Բացառությամբ Էմմիի, քանի որ նա այս տարի ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ 2011»-ում: Կարծում եմ, որ նա կմասնակցի նաեւ «Արմենիայում»: Այդ կապակցությամբ նույնիսկ մի գաղտնիք բացեմ. մեծանուն արվեստագետներից մեկն այդ առիթով նույնիսկ ասել էր. «Ես հո երեխա չե՞մ` մի մրցանակաբաշխությունից վազեմ դեպի մյուսը»:
– Շատերին հետաքրքիր է, թե ինչո՞ւ է լուրջ ձեռքբերումների հասած գործարար, «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը կազմակերպում համերգային այս միջոցառումը: Կարծում եմ՝ «Տաշիր մեդիան» PR-ի կարիք չի զգում: Այդ դեպքում, ո՞րն է նպատակը:
– «Տաշիր» մրցանակաբաշխության պատճառը ոչ PR-ն է, ոչ էլ ֆինանսական կողմը: Անգամ տոմսերի նման բարձր գների առկայության դեպքում չես կարող մարել նման խոշոր մասշտաբի համերգի կազմակերպչական բոլոր ծախսերը: Ռուսաստանում թվերը շատ մեծ են: Միայն «Կրեմլի» դահլիճի վարձակալությունն արժե 70.000 դոլար: Էլ չեմ խոսում մյուս հսկայական թվերի մասին, որոնք պետք է ծախսել, եթե ցանկանում ես որակյալ համերգ կազմակերպել: Իսկ Սամվել Կարապետյանն իր բնույթով շատ ստեղծագործող մարդ է: Նա պարզապես ցանկանում է հայերի համար ուրախ, գեղեցիկ, որակյալ միջոցառում կազմակերպել: