Ֆուտբոլ

24/02/2011

Barcelona vs Real Madrid

Շաբաթ եւ կիրակի օրերին կայացան Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպումները: Մադրիդի «Ռեալը» Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում ֆրանսիացի հարձակվող Քարին Բենզեմայի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով առավելության հասավ վալենսիական ակումբի՝ Լեւանտեի նկատմամբ եւ մինչեւ կիրակի օրը կրճատեց «Բարսելոնայի» նկատմամբ միավորների տարբերությունը` հասցնելով երկուսի։ «Բարսելոնան», իր հերթին, մրցեց բասկերի թիմի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ: Դավիթ Վիլյայի եւ Լեո Մեսսիի խփած գնդակների շնորհիվ «Բարսան» կարողացավ դժվարին հաղթանակ տոնեց «Ատլետիկի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով: «Ատլետիկի» կազմում գոլի հեղինակ դարձավ Իրա Օլան հիսուներորդ րոպեին: Այս պահի դրությամբ «Բարսելոնան» 65 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը»՝ 60 միավորով: Այս թիմերի միջեւ չեմպիոնական տիտղոսի համար պայքարը շարունակվում է: Հիշեցնենք, որ ապրիլին Իսպանիայի գավաթի եզրափակիչում միմյանց հետ մրցելու են այս թիմերը:

«Թերեքն»՝ ընդդեմ բրազիլացիների
Ռամզան Կադիրովը դուրս է գալու մարզադաշտ

Մարտի 10-ին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում տեղի թիմը կմրցի Բրազիլիայի 2002թ. հավաքականի հետ: Հիշեցնենք, որ Բրազիլիան 2002թ. դարձել է աշխարհի չեմպիոն: Երկրի նախագահը հանդես է գալու որպես թիմի ավագ եւ դուրս է գալու մարզադաշտ: Հենց ինքը՝ Ռամզան Կադիրովն է որոշելու Թերեքի կազմը Բրազիլիայի հետ խաղում: Բրազիլիայի կազմում խաղալու են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոնալդոն, Ռոնալդինիոն, Ռոմարիոն եւ այլ աստղեր: Այս ֆուտբոլիստներից շատերն արդեն ավարտել են իրենց ֆուտբոլային կարիերան:

100-րդ գնդակը

Կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի եւս երկու հանդիպումներ: Մադրիդի «Ռեալը» ուղեւորվել էր Ֆրանսիա, որտեղ մրցելու էր Լիոնի «Օլիմպիկի» հետ: Հանդիպման առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում եւ ավարտվեց 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում 65-րդ րոպեին հաշիվը բացեց Քարիմ Բենզեման: Նշենք, որ սա ֆրանսիացի հարձակվողի հարյուրերորդ գոլն էր: Բենզեման ասել է, որ չէր կարող նշել իր 100-րդ խփած գնդակը, քանի որ գրավում էր այն թիմի դարպասը, որտեղ կայացել էր որպես ֆուտբոլիստ։ Սակայն ֆրանսիական ակումբը չընկճվեց ֆրանսիացու խփած գոլից եւ 83-րդ րոպեին Գոմիսի խփած գնդակի շնորհիվ կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը: Մադրիդցիները չկարողացան հասնել հաղթանակի. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Հերթը լոնդոնյան ակումբինն էր, որը պետք է ապացուցեր, որ ճգնաժամի մեջ չէ: Կարլո Անչելոտիի սաները Կոպենհագենում մրցում էին տեղի համանուն թիմի հետ: Առաջին րոպեներն անցնում էին «Չելսիի» առավելությամբ. արդեն 17-րդ րոպեին «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Նիկոլա Անելկան բացեց խաղի հաշիվը, եւ հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 0։1 հաշվով: Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին Նիկոլա Անելկան դարձավ դուբլի հեղինակ, եւ «Չելսին» 0:2 հաշվով առավելության հասավ Կոպենհագենի նկատմամբ: Սա շատ կարեւոր հաղթանակ էր «Չելսիի» համար:

«Գանձասարը» հաղթեց Անժիի երիտասարդական թիմին

Կապանի «Գանձասարը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Թուրքմենբաշիի գավաթի խաղարկությունում: Աբրահամ Խաշմանյանի սաները Մախաչկալայի Անժիի երիտասարդական թիմի նկատմամբ հաղթանակ տարան 1:0 հաշվով: Նշենք, որ սրանից առաջ «Գանձասարը» ստուգողական հանդիպում էր անցկացրել «Կռիլյա Սովետովի» երիտասարդական թիմի հետ եւ հաղթել խոշոր հաշվով: Սակայն չի կարելի սա լավ արդյունք համարել հայկական թիմերի համար, քանի որ «Բանանցը» ջախջախիչ 3:0 հաշվով պարտություն էր կրել Դոնեցկի «Մետալուրգից», իսկ «Միկան» 4:0 հաշվով զիջել էր Ադրբեջանի «Ինտերին»: Իսկ Հայաստանի երբեմնի հզոր «Արարատ» ակումբն անգամ պայմաններ չունի ուսումնամարզական հավաք անցկացնելու արտասահմանում: Մեր թիմերն այս խայտառակ խաղով չեն կարող պայքարել Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի խմբային փուլ դուրս գալու համար, չեն կարող նույնիսկ նախնական երկու, երեք փուլ հաղթահարել: Արդեն ժամանակն է հայկական թիմերում եւ Հայաստանի առաջնությունում լուրջ փոփոխություններ կատարելու համար:

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ