Կարեն Ջանիբեկյանի մեքենան բախվել է պատին

24/02/2011

Դերասան Կարեն Ջանիբեկյանին պատկանող մեքենան երեկ` փետրվարի 23-ի վաղ առավոտյան, բախվել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի պատին: «Nissan Pathfinder» մակնիշի 20 ՏՏ 565 համարանիշի մեքենայի ղեկին, սակայն, եղել է ոչ թե դերասանը, այլ ավտոլվացման կետի աշխատակիցը` 21-ամյա Արթուր Ազատյանը: Կարեն Ջանիբեկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նախօրեին մեքենան տարել է ոմն Խաժակի պատկանող ավտոլվացման կետ: «Ժամը 6-ին պետք է գնայի, վերցնեի, սակայն ճնշումս բարձր էր, եւ քնել եմ: Առավոտյան 5-ին ինձ հայտնեցին, որ մեքենան վթարված է: Ավտոլվացման կետի տղան քշել էր այն եւ ջարդուփշուր արել»,- ասել է նա: Կ. Ջանիբեկյանի խոսքով` ինքը դատարան է դիմելու, քանի որ «նախեւառաջ սա ավտոմեքենայի առեւանգում է»: «Չի կարելի ուրիշի մեքենան վարել: Գիշերվա կեսին ֆռֆռացել է եւ խփել: Հիմա սպասում ենք, որ էվակուատորը գա, եւ մեքենան տանեն»,- նշել է Կ. Ջանիբեկյանը: Իսկ Արթուր Ազատյանը գտնվում է Ոստիկանության Շենգավիթի բաժնում, որտեղից կայքին տեղեկացրել են, որ նյութեր են նախապատրաստվում քրգործ հարուցելու համար: