Շնորհավորում ենք

24/02/2011

Ստեփան Բեկյանը ծնվել է 1919թ. փետրվարի 25-ին Օրդուբադի շրջանի Փառակա գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1941թ. հունիսի 23-ին զորակոչվել է բանակ եւ 400-րդ Սեւաստոպոլյան գնդի կազմում, որպես բժշկական վաշտի կրտսեր բժիշկ, Կովկասի նախալեռներից հասել է մինչեւ Էլբայի ափերը։ Պատերազմից հետո 1946թ. ընդունվել եւ 1951թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը, 1962թ. գերազանց ավարտել է նաեւ Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայի բժշկահրամանատարական ֆակուլտետը։ Ծառայելով տարբեր զորամասերում՝ նա իր անչափ հարուստ փորձն ու խորը գիտելիքներն է փոխանցել զինվորներին ու սպաներին՝ ազնվության, հայրենասիրության ոգով դաստիարակելով զինվորների մի քանի սերունդ։

1974թ. բժշկական ծառայության գնդապետի աստիճանով զորացրվել է բանակից։ Գալով Երեւան՝ աշխատանքի է անցել բժշկական ինստիտուտի ռազմագիտության ամբիոնում, որպես ամբիոնի վարիչի տեղակալ։ Հետագայում նշանակվել է ուսանողների արտադրական պրակտիկայի բաժնի վարիչ։ «Կարմիր աստղի» շքանշանի եւ կառավարական 21 այլ պարգեւների ասպետ է։ «Հիմարի համար ծերությունը բեռ է, տգետի համար՝ ձմեռ, իսկ գիտության մարդու համար՝ ոսկե հունձք»,- ասել է Վոլտերը, «Բայց 92 տարին բնավ ծերություն չէ։ Ծերությունը սկսվում է այն օրը, երբ մահանում է խիզախությունը։ Կյանքի երեկոն իր հետ բերում է իր լամպը, որ կնճիռներ լինեն միայն այնտեղ, որտեղ առաջ ժպիտներ են եղել»,- ասում է 92-ամյա Ստեփան Բեկյանը։ Փետրվարի 25-ին մեր մշտական ընթերցող Ս. Բեկյանի ծննդյան տարեդարձն է, որի կապակցությամբ «168 Ժամը» շնորհավորում է: Մաղթում ենք երկար տարիների կյանք, առողջություն ու երջանկություն նրա ընտանիքին: