«Պարենամթերքի միջազգային գների աճը շարունակվելու է: Սկսվում է մի բոլորաշրջան, երբ սննդամթերքի արտադրության մեջ կլիմայի տաքացումը հիմնական դեր է խաղալու»,- Ֆրանսիական «Les Echos» թերթին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ամերիկացի հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը: Նրա կարծիքով` մերձավորարեւելյան հեղափոխությունների եւ սննդամթերքի գների աճի միջեւ կապն ավելի թույլ է, քան ընդունված է կարծել: «Փաստացի Եգիպտոսում եւ Թունիսում իսկական հեղափոխություն էր նկատվում. մարդիկ հոգնել էին կոռումպացված կառավարությունից եւ արմատական փոփոխություններ էին պահանջում: Շարժումը սկսվեց Թունիսում, անցավ Եգիպտոս եւ շուտով կարող է ընդգրկել ողջ արաբական աշխարհը»,- ասել է նա: Սորոսի կարծիքով` գլոբալ մասշտաբով մեծանում է արժութային պատերազմների վտանգը: «Արժութային պատերազմն արդեն հայտարարված է: Այսօր իրականում երկու արժութային համակարգ գոյություն ունի` միջազգային եւ չինական»,- ասել է նա` ավելացնելով, թե չինական համակարգում ընթացիկ եւ ներդրումների հաշվեկշիռները տարանջատված են: Ըստ Սորոսի՝ Բրազիլիայում, Կորեայում եւ ասիական մի շարք երկրներում եւս միտում կա, որ կապիտալի տեղաշարժի եւ արժույթների փոխարժեքների ազատ ձեւավորման դադարեցման վտանգ է ստեղծում, «ինչը կհանգեցնի բոլորի պարտությանը»: «Դա լուրջ հետընթաց կլինի: Մենք դեռ չենք հասել նման իրավիճակի, սակայն ընթանում ենք այդ ուղղությամբ: Առեւտրային պատերազմների վտանգը կենտրոնական հարցերից մեկն է դառնում»,- ասել է Սորոսը` նշելով, որ Չինաստանը պետք է մաս կազմի միջազգային արժութային համակարգին` Արժույթի միջազգային հիմնադրամից փոխառություններ ստանալու իր հատուկ իրավունքների հաշվին: Նշենք, որ շաբաթ օրը Փարիզում ավարտված Մեծ քսանյակի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը արեւմտյան երկրները` ԱՄՆ-ի գլխավորությամբ, պնդում էին, որ Չինաստանը անցնի սեփական արժույթի իրական արդյունավետ փոխարժեքի քաղաքականությանը, ինչը կարտացոլի երկրների միջեւ եղած գնային տարբերությունները: Ներկայումս ֆինանսների աշխարհում գործում է արժույթների անվանական փոխարժեքը, երբ դրանք համեմատում են միայն սպառողական զամբյուղի կտրվածքով` անտեսելով ազգային տնտեսությունների իրավիճակը: