Վաղը երկօրյա այցով Հայաստան են ժամանելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը եւ պետքարտուղարի Եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, այցի շրջանակներում քննարկվելու են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային հարցեր, մասնավորապես` Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը: Քաղաքական շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալների այցը պայմանավորում են մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ: Հատկապես, որ դրանից առաջ` փետրվարի 25-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: