Պայթյունի օջախ

22/02/2011

«Չկարգավորված հակամարտությունները Կովկասում եւ Միջին Ասիայում պայթյունի առավել հնարավոր օջախներ են եվրասիական տարածաշրջանում»,- հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլեփերը` ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի Հետախուզության կոմիտեի լսումներում, որոնց ընթացքում քննարկվել է սպառնալիքի ամենամյա ծրագիրը: Քլեփերը նկատել է, որ սառեցված ղարաբաղյան հակամարտությունը եւս պայթյունի պոտենցիալ օջախ է: Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունները բավարարված են հայ-թուրքական հարաբերությունների սառեցման գործընթացով, իսկ Իլհամ Ալիեւը ձգտում է Արեւմուտքի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի շահերի վրա` Հայաստանի հաշվին: «Երկու կողմերի ապակառուցողական դիրքորոշումը, նաեւ՝ հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակի դարձած դեպքերը մեծացրել են իրավիճակի էսկալացիայի վտանգը»,- նշել է նա:

Իսկ ահա Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան, Ադրբեջանում եւ Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոսս Ուիլսոնը անհանգստություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նրա կարծիքով` խաղաղ գործընթացը դանդաղ է ընթանում: Ռոսս Ուիլսոնի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը սպասվածից ավելի է ձգվում, եւ կա անհրաժեշտություն մեծացնելու ԼՂ իրադրության վերաբերյալ այս պահին շատ փոքր նշանակություն ունեցող միջազգային դիտարկումները: «Հակառակ դեպքում աճում է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ իրավիճակի սաստկացման հնարավորությունը»,- ասել է նախկին դեսպանը: Նրա կարծիքով, այլ հակամարտությունների հետ մեկտեղ, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մնում է հիմնական արգելքներից մեկը տարածաշրջանի անվտանգության համար: