Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ ամփոփել է այս տարվա առաջին ամսվա տնտեսական ցուցանիշները։ Ընդհանրապես՝ տարվա առաջին ամսվա ցուցանիշների հիման վրա երբեք լուրջ վերլուծություններ չեն անում, ավելի շատ ընդունելով որպես ի գիտություն։
Հունվարին տնտեսական ակտիվությունը կտրուկ նվազում է՝ պայմանավորված թե՛ ամանորյա տոներով, թե արձակուրդներով, թե՛ սեզոնայնությամբ։ Սակայն այս անգամ սրան ավելացել է եւս մեկ գործոն, որը թույլ չի տալիս ժամանակի մեջ համեմատություններ անել, ինչպես նախկինում։
Բանն այն է, որ ԱՎԾ-ն ամսվա կտրվածքով այլեւս չի հրապարակում ՀՆԱ-ի աճի ցուցանիշը։ Փոխարենը՝ այսուհետ ամեն ամիս մենք կունենանք նոր թիվ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշ, կամ պարզապես ՏԱՑ։ Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի (որն ունի ամսական, եռամսյակային եւ տարեկան պարբերականություն), ամսական ՏԱՑ-ը բնութագրում է տնտեսության մեջ ապրանքների եւ ծառայությունների թողարկման ծավալների, այլ ոչ թե ավելացված արժեքի փոփոխությունը: Բացի այդ, ամսական ՏԱՑ-ը չի ընդգրկում արտադրանքից գանձվող զուտ հարկերը եւ ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները, որոնք ներառվում են եռամսյակային եւ տարեկան ՀՆԱ-ի` արտադրական եղանակով հաշվարկներում։ Հունվար, հունվար-փետրվար, հունվար-մարտ եւ այլն ու հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածների փոխարեն` այսուհետ ամփոփվելու եւ հրապարակվելու են հունվար, փետրվար, մարտ… դեկտեմբեր հաշվետու ժամանակահատվածները բնութագրող ցուցանիշներ։ Իսկ ՀՆԱ-ի ցուցանիշը հրապարակվելու է միայն եռամսյակային եւ տարեկան պարբերականությամբ։ Ինչպես նշված է ԱՎԾ կայքէջում՝ ՀՆԱ-ի ամսական ցուցանիշի հաշվարկը դադարեցվել է Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդատվությամբ։
Այդուհանդերձ՝ որոշ համեմատականներ կարելի է անցկացնել։ Եվ այսպես, ՏԱՑ-ը՝ տնտեսական ակտիվությունը, այս տարվա հունվարին (նախորդ տարվա հունվարի համեմատ) կազմել է 7.7%։ Քանի որ նախորդ տարիներին այդ ցուցանիշը չի հաշվարկվել, հնարավոր չէ համեմատություններ անել։ Սակայն հիշեցման կարգով աղյուսակից կարող եք տեսնել, թե նախորդ տարիների հունվարին որքան է աճել համախառն ներքին արդյունքը։
Տնտեսության առանձին ոլորտների առումով պատկերն այլ է՝ այստեղ համեմատություններ անելու հնարավորություն կա։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն, ինչպես տեսնում եք, շարունակում է աճել. նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճը կազմել է 5.7%։ Փաստորեն, ճգնաժամից հետո արդյունաբերությունը սկսեց կենդանության նշաններ ցույց տալ, ինչի ազդեցությունը շարքային քաղաքացիները, սակայն, դեռեւս չեն զգում։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունվարին արդյունաբերության աճը կազմել էր 6.5%, իսկ 2008-ին գրանցվել էր 0.1%-անոց անկում։
Շինարարության ոլորտը մինչեւ ճգնաժամի սկիզբը մեր տնտեսական ցուցանիշների «հերոսն» էր։ Աղյուսակից երեւում է, որ չնայած հունվար ամսվա ցրտերին եւ ետամանորյա խումհարային տրամադրությանը՝ շինարարության ծավալները 2008թ. հունվարին աճել էին 79.7%-ով։ Մեկ տարի անց աճը դանդաղեց, սակայն բացասական չդարձավ, քանի որ ճգնաժամը նոր-նոր էր սկսել ազդել Հայաստանի տնտեսության վրա։ Իսկ արդեն 2010թ. հունվարին ճգնաժամի ընթացքում ուժասպառ եղած այս ոլորտը արձանագրեց 10.7% անկում։ Այս տարի, սակայն, շինարարությունը հունվարին գրանցել է 0.9% աճ։
Գյուղատնտեսական արտադրանքի ցուցանիշը շարունակում է բացասական մնալ։ Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ վիճակագիրներն արձանագրել են 2.5% անկում։ Այս ոլորտի մասին խոսելն ու կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, քանի որ, ինչպես ցույց տվեց անցած տարին, բնությունն ավելի շատ դեր ունի, քան Գյուղատնտեսության նախարարությունը։ Այնպես որ, գյուղատնտեսության ոլորտի զարգացումների կանխատեսումները տնտեսագետներն ավելի լավ է թողնեն օդերեւութաբաններին։
Եթե տնտեսական ցուցանիշների մեջ լիներ «տարեսկզբի հերոս» անվանակարգ, ապա այդ անվանակարգում անկասկած հաղթող կճանաչվեր ծառայությունների ոլորտը։ Նախորդ տարվա հունվարի համեմատ՝ այս տարվա հունվարին ծառայություններն աճել են 24.3%-ով։ Ծառայությունների ոլորտը յուրատեսակ ռեկորդ է սահմանել նաեւ մեկ այլ առումով. հունվարին (ինչպես արդեն նշեցինք) տնտեսական ակտիվությունը խիստ նվազում է եւ անխտիր բոլոր ոլորտներում հունվարի ցուցանիշը զիջում է նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշին։ Այդ տարբերությունը հատկապես լավ է արտացոլվում շինարարության, գյուղատնտեսության եւ մանրածախ առեւտրի ոլորտներում, որտեղ դեկտեմբերյան նախատոնական «բումից» հետո նկատվում է խոր անկում։ Ծառայությունների ոլորտի այս տարվա նվաճումն այն է, որ վերջին 5 տարիների կտրվածքով հունվարյան անկումն ամենաքիչն է եղել՝ 22.4%։ Այսինքն՝ նախորդ տարիներին դեռ ոչ մի ոլորտի չի հաջողվել տարին սկսել այսքան քիչ անկումով։
Անդրադառնանք նաեւ առեւտրի ցուցանիշին, որն արդեն մի տեսակ ժպիտ է առաջացնում։ Բանն այն է, որ երկրորդ տարին անընդմեջ առեւտրի ծավալները բառի բուն իմաստով չեն փոփոխվում։ Այսինքն, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, այս տարվա հունվարին մեր հանրապետությունում մանրածախ առեւտրի ծավալները նույնությամբ հավասար են 2010 թվականի եւ 2009թ. հունվարի ծավալներին։ Այս ճշգրիտ նմանությունը կարելի է բացատրել միայն ՀԴՄ կտրոնների խաղարկության նախաձեռնության լճացմամբ։
Ամենից շատ, սակայն, մտահոգում է աղյուսակի վերջին տողը՝ աշխատավարձերի վերաբերյալ։ Միջին անվանական ամսական աշխատավարձը, ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ 12 ամիսների ընթացքում աճել է ընդամենը 4.5%-ով՝ կազմելով 104.051 դրամ։ Ընդ որում, պետական հիմնարկների աշխատավարձը փոփոխություն չի կրել՝ ընդամենը 0.1% աճ։ Այս թվերի տխուր կողմը երեւում է այն ժամանակ, երբ դիտարկում ենք գնաճի ցուցանիշի հետ համեմատության մեջ։ Նույն ժամանակահատվածում, այսինքն՝ նախորդ 12 ամիսների ընթացքում, սպառողական ապրանքների գները թանկացել են շուրջ 10%-ով։ Սա՝ ըստ պաշտոնական վիճակագրության։ Սակայն անգամ պաշտոնական վիճակագրությունից պարզորոշ երեւում է, որ մեր երկրի աշխատողները նախորդ տարվա ընթացքում աղքատացել են. թեեւ նրանց աշխատավարձը չի նվազել, սակայն նվազել է աշխատավարձի գնողունակությունը։ Մեկ տարի առաջ ստացած 100.000 դրամով նրանք կարող էին գնել ավելի շատ ապրանքներ եւ ծառայություններ, քան այսօր ստացած 104.500 դրամով։ Այսինքն, պաշտոնական վիճակագրությունը խոստովանում է, որ չնայած տնտեսությունն ակտիվացել է, սակայն վարձու աշխատողները տարվա ընթացքում ավելի չունեւոր են դարձել։ Ամենակարեւոր ցուցանիշը, թերեւս, հենց սա է։