Ասում է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով «168 Ժամի» հրապարակումների հետքերով այցելել էր Էջմիածին` ծանոթանալու թիվ 2 ավագ դպրոցում տիրող իրավիճակին եւ տնօրինուհու՝ Սուսաննա Նազարյանի գործունեությանը
Արդեն 1 շաբաթ է՝ «168 Ժամի» խմբագրությունը բազմաթիվ նամակներ եւ հեռախոսազանգեր է ստանում Էջմիածնի բնակիչներից, ովքեր պատմում են տեղի թիվ 2 ավագ դպրոցի տնօրինուհու՝ Սուսաննա Նազարյանի գործունեության, նրա հայհոյախառը բառապաշարի ու վարքագծի մասին: «Տնօրենը ֆիզկուլտուրայի ուսուցչուհուն՝ Մկրտչյանին, անվանել է անբարոյական, իհարկե, ոչ այդ բառով, շատ ավելի վատ բառով՝ 3 տառանոց բառով: Բոլոր աղջիկ աշակերտների աչքի առաջ աղջիկների հանդերձարանում նա ասել է այդ բառը»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց դպրոցի նախկին աշակերտներից մեկը: Վերջինս պատմեց նաեւ, թե մի քանի տարի առաջ Ս. Նազարյանն ինչպես էր իրենց պարտադրում 17.500 դրամով դպրոցական համազգեստ գնել, կամ հրաժարվել այդ համազգեստից՝ վճարելով 10.000 դրամ: Աշակերտուհու փոխանցմամբ՝ դպրոցի աշակերտները մեկ մարդու պես հավաքել էին 10.000-ական դրամն ու տվել տնօրինուհուն՝ համազգեստը չկրելու պայմանով: «Իսկ Նազարյանի կամակատարներ Հակոբյան Հռիփսիմեն ու ընկեր Մելոյանը նրանից ավելի վատն են, ոչնչով չեն տարբերվում նրանցից: Մելոյանը դասի ժամանակ քիմիա պարապելու փոխարեն՝ զբաղվում էր գուշակություններով. կասեմ, թե դուք որտեղ կընդունվեք, երեխա կունենա՞ք, թե՞ ոչ, իսկ հետո, ասում է՝ դուք կտեսնեք՝ ճի՞շտ եմ ասում, թե՞ չէ: Հակոբյանն էլ է շատ վատ վարվում երեխաների հետ՝ աշակերտներին ստիպում է գրպանները դատարկել, հաճախ էլ առանց իրավունքի՝ մտնում է նրանց պայուսակների մեջ, որպեսզի հայտնաբերի նրանց հեռախոսները»,- նշեց դպրոցը 2 տարի առաջ ավարտած աշակերտուհին՝ խնդրելով չհրապարակել իր անուն-ազգանունը: Երեկ մենք կրկին զրուցեցինք այդ դպրոցում ներկայումս սովորող որոշ աշակերտների հետ: «Ես, տղա լինելով, ամաչում եմ էդ բառն ասել»,- ասաց տղաներից մեկը՝ ամաչելով անգամ շշուկով արտաբերել: Պատմեցին նաեւ, թե մի անգամ բուֆետում դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Մկրտչյանին տնօրենն ինչպես էր վիրավորել, ասելով` «էս սեղանը կվերցնեմ-կջարդեմ գլխիդ»: «Դպրոց չգնացած երեխաներին իրենց ուզած գնահատականները դնում ա, անհարմար չի էլ զգացել, իսկ իմ երեխայի հետ ոնց ուզեց վարվեց: Հիմա չես կարող ապացուցել դա, որովհետեւ նա վեդոմոստներ էլ է փոխում, քննական գրավորներ ա փոխում, ինչ ուզում` անում ա: Քննության գրավորները դասավանդող ուսուցիչներն իրավունք չունեն մասնակցել, ինքն ու իր փոխտնօրենը պետք է գնահատեն»,- նշեց ծնողներից մեկը: Ծնողները զարմանում են նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության այսչափ թողտվությունից: 10-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, սակայն, այլեւս չի զարմանում: Հիշեցնենք, որ Ս. Նազարյանի «սխրանքների» կծիկը քանդեց Ալբերտը, ով մեր խմբագրությունում պատմեց, թե տնօրենն ինչպես էր իրեն հայհոյել ու հարվածել, իսկ հետո բոլորի ներկայությամբ ձեւացրել` իբր աշակերտն էր հարվածել տնօրենին: Պարզվում է, Ալբերտի մայրը, ով քաղցկեղով հիվանդ է, դեպքի հաջորդ օրը՝ փետրվարի 2-ին, անձամբ դիմել է ՀՀ Կրթության նախարարությանը, նաեւ թեժ գծի հեռախոսահամարին է զանգահարել: «Ես գնացի նախարարություն, տիկին Ամալյային մոտեցա: Ինձ խորհուրդ տվեց Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի մոտ գնալ, ով տեղում չէր: Քարտուղարուհին սկզբից հեռախոսով էր խոսում, շատ կոպիտ ասաց՝ սպասեք վերջացնեմ: Մի քիչ սպասեցի, երբ վերջացրեց` ասաց, որ Ն. Հովհաննիսյանը տեղում չէ, եւ մոտենամ դիմացի սենյակը: Այնտեղ մի տղամարդ էր նստած, պատմեցի, ասացի, որ տղայիս տեղափոխել ենք այլ դպրոց, հիմա էլ տատիկին է մանկխորհրդի նիստին խիստ նկատողություն եւ վերջին նախազգուշացում տվել: Ինձ ասում ա՝ դե ինչ եք ուզում, տղային տեղափոխել եք, տատիկն էլ թող իր հարցերով զբաղվի: Հետո ասաց՝ Ձեզ կտանեն դատարան»,- պատմեց Ա. Հարությունյանը, ով, այնուամենայնիվ, ԿԳ նախարարին դիմում էր գրել: Իսկ հինգշաբթի օրը ՀՀ ԿԳՆ-ի Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը զանգահարել էր դպրոցի պատմության ուսուցչուհի Բահար Եղիազարյանին (Ալբերտի տատիկին), ով այդ պահին Վաղարշապատի քննչական բաժանմունքում էր: Վերջինս հենց այդ օրը դպրոցի տնօրենի ու նրա «թայֆայի» փաստացի պատանդն էր դարձել, եւ դպրոցից դուրս էր եկել միայն Ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ: Ի դեպ, էջմիածինցիների պատմելով՝ ԿԳՆ աշխատակից Ն. Հովհաննիսյանը ԶԼՄ-ներում այս դպրոցում տիրող իրավիճակի մասին հրապարակումներից հետո վերջերս տնօրինուհուն` Սուսաննա Նազարյանին, խորհուրդ է տվել «մի քիչ խելոք» մնալ, որպեսզի աշխատանքից հանկարծ չհանեն: Նշենք, որ ԿԳՆ վարչության պետ Ն. Հովհաննիսյանը եւ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրինուհի Ս. Նազարյանը միասին վերապատրաստման կարճատեւ դասընթացի են մասնակցել ԱՄՆ-ում, որտեղից էլ սկսվել է նրանց մտերմությունը: Այս մասին խոսում էին արդեն ողջ Էջմիածնում:
Այս դպրոցի մասին մեր հրապարակումներին արձագանքել է նաեւ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Երեկ նա հանդիպել է դպրոցի աշակերտների եւ ծնողների հետ: «Գնացի հանդիպելու այդ երեխաների հետ՝ համոզվելու, թե նրանք իսկապե՞ս վիրավորված են, ի՞նչ դժգոհություններ ունեն: Ցավոք սրտի, երեխաները շատ ավելին ասացին, քան թերթում էր գրված: Ես արդեն պատկերացնում եմ, թե այնտեղ ինչ ստորաքարշ հարաբերություններ են, ինչպիսի շողոքորթության ռեկորդներ են խփում այդ դպրոցում, որպեսզի հաճոյանան այդ անպարտելի կնոջը, ով բոլորին համոզել է, թե իր դեմ խաղ չկա»,- ասաց Ա. Բախշյանը: Ըստ նրա՝ աշակերտները եւ ծնողները պատրաստ կլինեն պայքարել, եթե վստահ լինեն, որ տնօրենն ըստ արժանվույն կպատժվի: «ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին արդեն նամակ եմ գրել, հարցադրումներ եմ բարձրացրել: Ինձ մտահոգում է նաեւ այդ ծնողի վիճակը, ով քաղցկեղ ունի: Հասարակությունն ի՜նչ աստիճանի է այլասերված, որ այդ կինը գնացել է նախարարություն, փետրվարի 3-ին նամակ է գրել, եւ նախարարության Հանրակրթության վարչության պետը դրան օպերատիվ լուծում չի տվել»,- ավելացրեց Անահիտ Բախշյանը՝ նկատելով, որ տնօրենի նվազագույն պատիժը նրան աշխատանքից հեռացնելն է: Այս օրերին Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են պատրաստվում տնօրենի դեմ քրեական գործ հարուցելու համար: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը կան, բայց որոշումը պաշտոնապես դեռ հաստատված չէ: Երեկ ուշ երեկոյան խմբագրություն զանգահարած էջմիածինցիները զայրացած պատմում էին, թե ինչպես է Էջմիածնի Ոստիկանությունը մեր թերթը հավաքում կրպակներից՝ արգելելով դրա վաճառքը: Էջմիածինցիները պատմում էին, որ թերթը ձեռք բերելու համար ստիպված հասնում են Երեւան: