ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն արձագանքել է մեր թերթում տպագրված անապահով ընտանիքների մասին հրապարակումներին: «Հաց հայթայթեն, թե ցավազրկող գնեն» վերնագրով հոդվածում նկարագրված Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու 78/14 բնակարանում վարձակալությամբ ապրող Հեղինե տատիկին տրամադրվել է սայլակ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանի միջնորդությամբ «Փյունիկ» հասարակական կազմակերպության պատասխանատուները սայլակը տեղափոխել եւ հանձնել են տիկին Հեղինեին: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը երեկ մեզ ուղարկած հաղորդագրության մեջ նաեւ շնորհակալություն է հայտնում «168 Ժամի» լրագրող Լուսինե Ստեփանյանին` դժվարին իրավիճակներում գտնվող մարդկանց խնդիրները վեր հանելու համար` միաժամանակ կրկին անգամ տեղեկացնելով. «Այն անձինք, ովքեր չունեն հաշմանդամության խումբ, սակայն ունեն սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն»: Երեկ տեղեկացանք նաեւ, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վագոն-տնակում բնակվող Ոսկեհատ Մարկոսյանի ընտանեկան նպաստ ստանալու իրավունքն ամրագրվել-հաստատվել է սոցիալական ծառայությունում: Մեր թերթի` «Ցրտի, խոնավության մեջ սովամահ են լինում» հրապարակմամբ ներկայացրել էինք 2 երեխաների մայր Ո. Մարկոսյանի ծանր կենսապայմանները, ով 2 տարի շարունակ չէր կարողանում հաստատել նպաստ ստանալու իր իրավունքը: Երեկ նա մեզ տեղեկացրեց, որ հրապարակմանն արձագանքել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, փաստաթղթերը ձեւակերպվել են, եւ մարտի 18-ից սկսած այս ընտանիքը ընտանեկան նպաստ կստանա: «Յոթ ամիս ցիգանի նման փողոցներում ենք ապրել» հրապարակմանն արձագանքել է Բելգիայում բնակվող, մեր հայրենակից Ներսես Մեսրոպյանի ընտանիքը: «Ես՝ կնոջս եւ զավակներիս հետ, որոշեցինք ինչ-որ մի կերպ, մեր հնարավորությունների սահմանում, օգնել այդ թշվառության մեջ հայտնված ընտանիքին: Մասնավորապես, եթե՝ հնարավոր է մեզ ուղարկեք Բագրատի բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցի Եվրոպայում արտադրվող տեսակի անվանումը եւ այդ ընտանիքի հասցեն, եւ մենք այն կուղարկենք ինչ գնով էլ որ լինի»,- նշված է «168 Ժամ» թերթին հասցեագրված նամակում: Մենք հնարավորինս շուտ մեր հայրենակցին կուղարկենք դեղամիջոցի անվանումը եւ ընտանիքի հասցեն: